Ասանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասանա` սանսկր.՝ आसन նշանակում է "մարմնի համար հարմար դիրք"։ Յոգա գիտության ութփուլանի համակարգի երրորդ փուլն է, որն ուղղված է մարդու ֆիզիկական մարմնի ամրացման, հզորացման, կոփման ու ճկունացման միջոցով այն ավելի բարենպաստ ու կենսաակտիվ վիճակի բերել, որպեսզի այն լավագույնս ծառայի մարդուն՝ լիարժեք կատարելության հասնելու համար։ Յոգայի մարմնական դիրքերի / կեցվածքների մասին առաջին համակարգված հիշատակությունները գրի է առել հնագույն իմաստուն և Յոգայի գիտակ Փաթանջալին իր "Յոգա Սուտրա" գրքում, որը բաղկացած է 196 աֆորիզմներից կամ "շաստրաներից": Ասանաների քանակության մասին շատ տարբեր վարկածներ կան, որոնցից որոշների համաձայն՝ դրանց թիվն անցնում է 40000-ից։ Սակայն սա ավելի շատ Յոգայի հազարամյա գոյության ու վայելած մասսայականության արգասիք է, քան գիտական օրինաչափություն։ Իրականում, ըստ Յոգայի մասին հնուց մեզ հասած տվյալների, Յոգայի հիմնական դիրքերի բավական համեստ քանակությունը միանգամայն բավարար է ինքնակատարելության պրակտիկայի համար, հատկապես եթե դրանք համադրվեն Յոգայի մյուս 7 աստիճանների հետ։