Առուշան Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առուշան Հակոբյան
 
Կրթություն՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Գիտական աստիճան՝ Տեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Գործունեություն՝ 1988 – 1991թթ. ՀԿԿ Արարատի շրջկոմի 1-ին քարտուղար

1992 – 1996թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի աշխատակազմի ղեկավար

1996 – 2018թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Ազգություն Հայ
Ծննդյան օր ապրիլի 12, 1948(1948-04-12) (76 տարեկան)
Ծննդավայր Դամալա
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ

«Արդարադատության բարձրագույն պետական խորհրդականի» դասային աստիճան, 2007թ. օգոստոսի 29

Մխիթար Գոշի մեդալ «Պետական կառավարման համակարգում երկարամյա անբասիր գործունեության համար», 2016թ. դեկտեմբերի 28

Առուշան Հովհաննեսի Հակոբյան (ապրիլի 12, 1948, Դամալա, Ախալցիխեի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին գերազանցությամբ ավարտել է Վրաստանի Ախալցիխեի շրջանի Դամալայի միջնակարգ դպրոցը։ 1970 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (ԵրԱԱ) կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը, ստացել ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն։ 1970 - 1973 թվականներին սովորել է ԵրԱԱ ինստիտուտի ստացիոնար ասպիրանտուրայում (պաշտպանել ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան)։ 1978 - 1982 թվականներին սովորել է ԽՄԿԿ ԿԿ բարձրագույն դպրոցում (Հասարակական գիտությունների ակադեմիա), ավարտել է գերազանցությամբ և ստացել քաղաքագետի մասնագիտություն։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առուշան Հակոբյանը 1970 թվականին Վայքի կաթնամթերքների արտադրության գործարանում աշխատել է որպես գլխավոր ինժեներ, իսկ 1973 - 1976 թվականներին եղել է ԵրԱԱ ինստիտուտի տեխնոլոգիական պրոբլեմային լաբորատորիայի ավագ գիտաշխատող՝ նշված տարիներին միաժամանակ համատեղելով ԵրԱԱ ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետի դասախոսի աշխատանքը։ 1975 - 1976 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ԵրԱԱ ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, իսկ 1976 - 1977 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի արդյունաբերության և գյուղական երիտասարդության բաժնի վարիչ, այնուհետև, 1977 - 1982 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար։ 1977 - 1982 թվականներին եղել է նաև Երիտասարդ դասախոսների դպրոցի դասախոս։

1982 - 1983 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ՀԿԿ Մասիսի շրջկոմի 2-րդ քարտուղար[1], 1983 - 1987 թվականներին՝ Մասիսի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ[2]։ 1987 - 1988 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի ագրոարդյունաբերության բաժնի վարիչի առաջին տեղակալ։

1988 - 1991 թվականներին Ա. Հակոբյանը եղել է ՀԿԿ Արարատի շրջկոմի 1-ին քարտուղար[3], իսկ 1991 - 1992 թվականներին՝ ՀՀ Ձկնային կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ[4]։

1992 - 1996 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի աշխատակազմի ղեկավար[5]։

Առուշան Հակոբյանը 1996 - 2018 թվականներին եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար[6][7], իսկ 1996 թվականից առ այսօր «ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն։

2002 թվականից առ այսօր Ա. Հակոբյանը «Տերյան մշակութային կենտրոն» հ/կ նախագահն է։

2006 թվականի հունվարի 4-ից մայիսի 25-ը եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն իրականացնող հանձնաժողովի նախագահ[8]։

Հավելյալ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 - 2018 թվականներին Առուշան Հակոբյանը եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի «Պաշտոնական տեղեկագիր» պարբերականի խմբագրակազմի ղեկավար, իսկ 1998 - 2018 թվականներին՝ «Սահմանադրություն և իրավունք» Հանրապետական ութ օլիմպիադաների կազմկոմիտեների նախագահ։

2000 - 2018 թվականներին ղեկավարել է «ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոն»-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հրատարակվող «Almanaсh» ամենամյա միջազգային քառալեզու հանդեսի հրատարակչական խումբը, իսկ 2007 - 2018 թվականներին՝ «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» («Конституционное правосудие в новом тысячелетии») երկլեզու պարբերականի հրատարակչական խումբը և 2012 - 2016 թվականներին եղել է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների լրատու» (Вестник органов контитуционного контроля стран новой демократии) պարբերականի հրատարակչական խմբի ղեկավար։

Ա։ Հակոբյանը եղել է «Դամալա» ազգագրական-հայրենագիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ։

Կոչումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականի դեկտեմբերի 27-ին և 1980 թվականի մարտի 26-ին Ա․ Հակոբյանը պարգևատրվել է ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի «Ժողվերահսկողության համակարգում ակտիվ աշխատանքի համար» մեդալներով։ 1980 թվականի ապրիլի 25-ին պարգևատրվել է «Համամիութենական հարվածային կոմերիտական կառույց Բայկալ-Ամուր մայրուղու շինարարությանն ակտիվ մասնակցության համար ՀամԼԿԵՄ կենտկոմի «Աշխատանքային արիության համար» մեդալով։

1981 թվականի ապրիլի 12-ին պարգևատրվել է ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի «Սահմանապահ զորքերի գերազանցիկ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ նույն թվականի սեպտեմբերի 17-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով «Արփա-Սևան» ջրատարի շինարարությանն ակտիվ մասնակցության համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» ԽՍՀՄ մեդալով։

1982 թվականի մարտի 26-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային փառքի 3-րդ աստիճանի» շքանշանով և 1986 թվականի հուլիսի 15-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով՝ «Պատվո նշան» շքանշանով։

1993 թվականի ապրիլի 12-ին և 1995 թվականի հուլիսի 17-ին պարգևատրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատվոգրերով։

1996 թվականի հոկտեմբերի 9-ին Ա. Հակոբյանն ընտրվել է ՀՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի անդամ։

1998 թվականի ապրիլի 12-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհագրով և մեդալով, իսկ 1999 թվականի մարտի 9-ին ՀՀ վարչապետի թիվ 145 որոշմամբ պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար» շնորհագրով և հուշամեդալով[9]։

2007 թվականի օգոստոսի 29-ին Ա. Հակոբյանին շնորհվել է «Արդարադատության բարձրագույն պետական խորհրդականի» դասային աստիճան[10]։

2011 թվականի փետրվարի 1-ին պարգևատրվել է ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե մեդալով[11]։

2016 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով «Պետական կառավարման համակարգում երկարամյա անբասիր գործունեության համար» պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[12]։

2018 թվականի ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

2019 թվականին արժանացել է Համահայկական գրողների միության «Ոսկե դար» մրցանակի։

Գրքեր, հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առուշան Հակոբյանը հեղինակ է 4 մենագրության և համահեղինակ՝ 8 գրքերի։

Ա․ Հակոբյանն ունի ավելի քան 50 գիտական և 70 վերլուծական հրապարակումներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, վրացերեն)՝ նվիրված սահմանադրական իրավունքի և սահմանադրական արդարադատության, հայ մշակույթի, գրականության, ազգագրության, հայրենագիտության, պետական կառավարման, հայ-վրացական հարաբերությունների, գյուղատնտեսության տարբեր բնագավառներին, ռեգիոնալ զարգացման հարցերին ու խնդիրներին (տպագրված՝ Երևանում, Մոսկվայում, Կիևում, Բառնաուլում, Ս․ Պետերբուրգում, Կրասնոդարում)։

2015 թվականին Ա․ Հակոբյանի հեղինակությամբ և մենախոսությամբ նկարահանվել է «Վահան Տերյան» երկու մասից բաղկացած ֆիլմը։ 2019 թվականին հրատարակվել է Ա․ Հակոբյանի «Վահան Տերյանի հետ» հանրագիտարանային գիրքը[13]՝ նվիրված Վ․ Տերյանի 135-ամյակին, որն արժանացել է Համահայկական գրողների միության տարվա մրցանակին։

2006 թվականին Ա․ Հակոբյանն իրականացրել է «ШТРИХИ К  ПОРТРЕТУ» գրքի խմբագրումն ու հրատարակումը, իսկ 2010 թվականին Ա․ Հակոբյանի խմբագրությամբ իրականացվել է «ШЕДЕВРЫ РУССКОЙ ПОЭЗИИ» ժողովածուի հրատարակումը։

2015 թվականին լույս է տեսել  Ա․ Հակոբյանի «Փոշմանել եմ․․․ փոշմանելուց» բանաստեղծությունների ժողովածուն։

Ա․ Հակոբյանը զեկուցումներով հանդես է եկել պատմամշակութային, սահմանադրական իրավունքի, հայ գրականության, սննդարդյունաբերության հարցերին նվիրված շուրջ 25 միջազգային գիտական և գիտագործնական համաժողովներում և միջոցառումներում։

Ա․ Հակոբյանը Վ․ Տերյանի ստեղծագործությունների ժողովածուների, ուսումնասիրությունների, 8 գրքերի, մի շարք հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ ռուսական և վրացական մամուլում։ Նա եղել է Վ․ Տերյանի 120, 125 և 135 ամյակներին նվիրված միջոցառումների կազմկոմիտեների անդամ և հանդիսավոր նիստերի զեկուցողը, ինչպես նաև պոետի 130-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի ղեկավար (կազմկոմիտեի նախագահ ՀՀ վարչապետ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԿԿ Մասիսի շրջկոմի պլենումի 1982 թվականի ապրիլի 7-ի որոշում
  2. Մասիսի շրջսովետի 1983 թվականի հուլիսի 2-ի N 8 որոշում
  3. ՀԿԿ Արարատի շրջկոմի 1988 թվականի հունիսի 26-ի պլենումի որոշում
  4. ՀՀ սննդարդյունաբերության նախարարի 1991 թվականի ապրիլի 5-ի N 123 հրաման
  5. ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարության 1992 թվականի հունիսի 16-ի N 234 հրաման
  6. Worldwide Government Directory with Intergovernmental Organizations 2013
  7. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 1996 թվականի փետրվարի 9-ի N1 կարգադրություն
  8. ՀՀ Նախագահի 2006 թվականի հունվարի 4-ի ՆՀ-1-Ա հրամանագիր
  9. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ N 145 ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. 9 մարտի 1999 թվական. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  10. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 2007 թվականի հուլիսի 7-ի N 3 կարգադրություն
  11. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի 2011 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-5 որոշում
  12. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  13. «Վահան Տերյանի հետ | Zangak Bookstore». zangakbookstore.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.