Անվաորդեր (լատիներեն՝Rotatoria), առաջնախոռոչային որդերի տիպ։ Հայտնի է մոտ 1500 տեսակ՝ տարածված ամենուրեք, հիմնականում քաղցրահամ ջրամբարներում, խոնավ հողերում։
Մարմինը (երկարությունը՝ 0, 04-2, 5 մմ) որդանման է կամ գնդաձև, կազմված է գլխից, իրանից և պոչային մասից կամ ոտքից։ Մարմնի ծածկույթն արտադրում է կուտիկուլա, որը, հաստանալով, հաճախ առաջացնում է պաշտպանական զրահ և ծածկում իրանը կամ նրա մի մասը։ Շուրջբերանային թարթիչներն առաջացնում են գայլիկոնային ապարատ, որը ծառայում է կենդանու շարժման և սննդի ընդունման համար։
Նյարդային համակարգը բաղկացած է վերկլանային հանգույցից և այդտեղից դուրս եկող նյարդերից։ Արյան և շնչառության համակարգեր չունեն։ Արտաթորության օրգանները նախաերիկամներն են։
Բաժանասեռ են, արուն փոքր է էգից։ Բազմանում են կուսածնությամբ և սեռական սերունդների հաջորդականությամբ։ Սնվում են միաբջիջ ջրիմուռներով, միկրոօրգանիզմներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 438)։