Աննա Դալլաս Դադլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Դալլաս Դադլի
անգլ.՝ Anne Dallas Dudley
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1876(1876-11-13)
ԾննդավայրՆաշվիլ, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 13, 1955(1955-09-13) (78 տարեկան)
Մահվան վայրBelle Meade, Դավիդսոն շրջան (Թենեսի), Թենեսի, ԱՄՆ
ԳերեզմանMount Olivet Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[1]
Մասնագիտությունֆեմինիստ, սուֆրաժիստ և սուֆրաժիստ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կանանց փառքի ազգային սրահ[2]
ԱնդամությունԿանանց ընտրության իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիա[1]
Anne Dallas Dudley Վիքիպահեստում

Աննա Դալլաս Դադլի (ի ծնե՝ Էննի Ուիլիս Դալլաս[3], նոյեմբերի 13, 1876(1876-11-13), Նաշվիլ, ԱՄՆ - սեպտեմբերի 13, 1955(1955-09-13), Belle Meade, Դավիդսոն շրջան (Թենեսի), Թենեսի, ԱՄՆ), Միացյալ Նահանգներում ընտրական իրավունքի համար կանանց շարժման նշանավոր ակտիվիստ։ Նեշվիլի լիգայում հավասար ընտրական իրավունքի հաստատումից հետո Դադլին իր գործունեության մեջ առաջադիմել է՝ սկզբում զբաղեցնելով Թենեսի նահանգի հավասար ընտրական իրավունքների ասոցիացիայի նախագահի պաշտոնը, իսկ հետո՝ Ամերիկայի կանանց ընտրական իրավունքների ազգային ասոցիացիայի երրորդ փոխնախագահի պաշտոնը։ Աշխատելով ազգային ասոցիացիայում՝ նա նպաստել է ԱՄՆ-ի Սահմանադրության տասնիններորդ փոփոխության վավերացման ջանքերին, որը կանանց ձայնի իրավունք է տալիս ամբողջ երկրում։ Հատկապես հայտնի է Թենեսի նահանգում տասնիններորդ փոփոխության վավերացման գործում հաջողված աշխատանքի համար։ Թենեսի նահանգը վերջինն էր, որի դեպքում աջակցությունն անհրաժեշտ էր փոփոխությունն ուժի մեջ մտցնելու համար։

Վաղ տարիներ և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի Ուիլիս Դալլասը ծնվել է 1876 թվականին Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում՝ սոցիալական բարձր դասի նշանավոր ընտանիքում։ Նրա հայրը՝ Տրևանիոն Բ. Դալլասը, 1869 թվականին տեղափոխվել է Նեշվիլ և դարձել տեքստիլ արդյունաբերության հայտնի ձեռնարկատեր[4]։ Նրա պապը՝ Ալեքսանդր Դալլասը, ծառայել է որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար։

Էննի Դալլասը կրթություն է ստացել Ուորդի սեմինարիայում (անգլ.՝ Ward's Seminary) և երիտասարդ կանանց համար նախատեսված Փրայս քոլեջում (անգլ.՝ Price's College for Young Ladies), երկուսն էլ գտնվում են Նեշվիլում[5]։ 1902 թվականին Քրիստոսի եկեղեցու մայր տաճարում կայացած համեստ արարողության ժամանակ ամուսնացել է բանկիր և ապահովագրական բրոքեր Գիլֆորդ Դադլիի (1854-1945) հետ[4]։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Իդա Դալլաս Դադլին (1903-1904), որը մահացել է մանուկ հասակում, Դալլաս Դադլին (1905-1924) և Գիլֆորդ Դուդլի կրտսերը (1907-2002)[5]։ Գիլֆորդ Դադլի կրտսերը հայտնի դիվանագետ է դարձել, եղել է Դանիայի դեսպանը Նիքսոնի վարչակազմում[6]։

Կանանց ընտրական իրավունքի համար շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաների հետ Դադլիի այս լուսանկարը լայնորեն տարածվել է սուֆրաժիստական հրապարակախոսական նյութերի հետ միասին՝ փորձելով դիմակայել սուֆրաժիստների մասին կարծրատիպերին, որոնցում նրանք համարվում էին տղամարդկանման արմատականներ[7]

Ամուսնությունից մի քանի տարի անց Աննա Դալաս Դադլին միացել է ժուժկալության միավորմանը՝ որպես ալկոհոլի արգելքի կողմնակից[8]։ Միավորման մեջ իր աշխատանքի և այնպիսի անդամների հետ ծանոթության շնորհիվ, ինչպիսիք են Մարիա Դևիսը և Իդա Քլայդ Քլարկը, Դադլին հանգել է այն եզրակացության, որ հասարակության մեջ կանանց վիճակի բարելավումը հնարավոր է միայն կանանց ձայնի իրավունք տրամադրելու միջոցով[4]։ Սակայն այդ ժամանակ տղամարդկանց և կանանց մեծ մասը քաղաքական գործընթացում կանանց մասնակցությանը դեմ էր հանդես գալիս[4]։

Ես երբեք չեմ հանդիպել տղամարդկանց կամ կանանց, որոնք կժխտեին այն փաստը, ըստ որի առանց ներկայացուցչության հարկերը բռնապետություն են։ Ես դեռ երբեք չեմ տեսել մի մարդու, որը կլիներ մեր կառավարման ձևի դավաճանը, որ նա չհավատա իշխանության՝ կառավարվողների համաձայնության վրա հենվելուն։ Դա ժողովրդի կառավարությունն է, ժողովրդի համար և իր կամքով, և միայն օրենքն է ժխտում, որ կանայք ժողովուրդ են։

Աննա Դալլաս Դադլի, 1913 թվական[9]

1911 թվականի սեպտեմբերին Դադլին, Դևիսը, Քլարկը և մի քանի այլ կանայք հանդիպել են «Թուլեյն» հյուրանոցի ետնամասում գտնվող սրահում և հիմնել Նեշվիլի լիգան՝ հավասար ընտրական իրավունքի համար մի կազմակերպություն, որը կոչված էր ապահովելու կանանց ընտրական իրավունքի աջակցությունը՝ միաժամանակ «հանգիստ և լրջորեն խուսափելով ռազմատենչ մեթոդներից»[10][11]։ Դադլին ընտրվել է կազմակերպության առաջին նախագահ։ Նրա նախագահության ընթացքում լիգան կազմակերպել է մայիսմեկյան հսկայական շքերթներ, որոնք աջակցում էին ընտրական իրավունքին։ Սովորաբար շքերթները ղեկավարում էին Դադլին և նրա երեխաները[4][11]։ Դադլին նաև աջակցել է 1914 թվականին Նեշվիլում անցկացվելիք ընտրական իրավունքի ազգային խորհրդաժողովի անցկացմանը[11][12]։ Այդ ժամանակ դա խոշորագույն համաժողովներից մեկն էր, որը երբևէ անցկացվել էր քաղաքում[11]։

1915 թվականին՝ տեղական լիգայի նախագահի պաշտոնում չորս տարի մնալուց հետո, Դադլին ընտրվել է Թենեսի նահանգի հավասար ընտրական իրավունքի ասոցիացիայի ղեկավար։ Այդ ժամանակ նա օգնել է նահանգի Սահմանադրության մեջ ընտրական իրավունքի վերաբերյալ փոփոխություն մտցնելուն[13]։ Թեև այդ ուղղումը մերժվել է, ավելի ուշ՝ 1919 թվականին, նահանգի օրենսդիր ժողովը որոշում է կայացրել կանանց նախագահական և մունիցիպալ ընտրություններում ձայնի իրավունք տրամադրելու մասին[4]։

1917 թվականին Դադլին դարձել է Ամերիկայի կանանց ընտրական իրավունքների ազգային ասոցիացիայի երրորդ փոխնախագահը, որտեղ նա զգալի ներդրում է ունեցել կանանց ընտրական իրավունքի հարցերով օրենսդրության կատարելագործման գործում[11]։ 1920 թվականին Դադլին Քեթրին Թելթի Քեննիի և Էբբի Քրոուֆորդ Միլթոնի հետ գլխավորել է Թենեսի նահանգում ԱՄՆ-ի Սահմանադրության տասնիններորդ փոփոխության վավերացման արշավը[11][12]։ Օգոստոսի 18-ին Թենեսին դարձել է 36-րդ և վճռորոշ նահանգ, որը վավերացրել է ուղղումը, ինչը կանանց ձայնի իրավունք է տվել երկրի ամբողջ տարածքում[11]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելտական խաչ, որը կանգնեցված է Դալլասի ընտանեկան գերեզմանոցի կենտրոնում:

Ընտրական իրավունքի համար շարժման հաջողությունից հետո Դադլին դարձել է Թենեսի նահանգի Դեմոկրատական կոմիտեի առաջին կին ասոցացված նախագահը։ 1920 թվականին ընտրվել է նաև առաջին կին պատվիրակ, որը պետք է մասնակցեր Ազգային ժողովրդավարական համագումարին[11]։ Դադլիի մասնակցությունը քաղաքականության մեջ զգալիորեն նվազել է հետագա տարիներին[13], և հետագա կյանքի ընթացքում նրա ջանքերը կենտրոնացած էին քաղաքացիական և բարեգործական նպատակների վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա եղել է ամերիկյան Կարմիր Խաչի ակտիվ աշխատակցուհի, ապա Թենեսի նահանգի հնությունների պահպանման ասոցիացիայի վարչության նախագահը[11]։

Դադլին 1955 թվականի սեպտեմբերի 13-ին սրտանոթների խցանումից հանկարծամահ է եղել Թենեսի նահանգի Բել-Միդ քաղաքում՝ իր տանը[11]։ Նա 78 տարեկան էր։ Թաղված է իր ընտանիքի հետ Նեշվիլիի «Mount Olivet Cemetery» գերեզմանատանը[8]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դադլիի հիշատակը հավերժացվել է արվեստի տարբեր գործերում։ Դադլին Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում գտվող թենեսցի կանանց ընտրական իրավունքի հուշահամալիրում քանդակված է Նոքսվիլից Լիզա Քրոզյե Ֆրենչի և Մեմֆիսից Էլիզաբեթ Էյվերի Մերիվեզերի հետ[14][15]։ Դադլին տասնյակ այլ հայտնի քաղաքացիների հետ պատկերված է նաև «Թենեսիի հպարտությունը» (անգլ.՝ The Pride of Tennessee) խմբակային դիմանկարում։ Դիմանկարը նվիրված է նահանգի երկհարյուրամյակին և կախված է Թենեսի նահանգի բլրին[16]։ Նրան նաև նվիրված է Նեշվիլի հարյուրամյա այգում պատմական նշիչը, որի վրա գրված է Սահմանադրության տասնիններորդ փոփոխության վավերացման գործում նրա դերակատարման մասին[16]։ 1995 թվականին Դադլին ընդգրկվել է Կանանց փառքի ազգային սրահում[17]։

2015 թվականին Նեշվիլի Էլիսթոն Փլեյս հատվածում կառուցված բազմաբնակարան տունը նրա պատվին անվանվել է «Դալլաս» (անգլ.՝ The Dallas)[18]: 2016 թվականի օգոստոսի 26-ին Նեշվիլում՝ կանանց հավասարության օրվա շրջանակներում, բացվել է Ալան Լեքվայրի ստեղծած հուշարձանը, որտեղ պատկերված են Դադլին, Քերի Չափման Քաթը, Էբբի Քրոուֆորդ Միլթոնը, Ջուն Ֆրենկի Փիրսը և Սյու Շելթոն Ուայթը[19][20]։ 2017 թվականին Նեշվիլի կենտրոնում գտնվող Կապիտոլիական ճեմուղին (անգլ.՝ Capitol Boulevard) վերանվանվել է Աննա Դալլաս Դադլիի ճեմուղի (անգլ.՝ Anne Dallas Dudley Boulevard)[21]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Online Biographical Dictionary of the Woman Suffrage Movement in the United StatesAlexander Street Press.
  2. https://www.womenofthehall.org/inductee/anne-dallas-dudley/
  3. 1900 U.S. Census. District 91, Davidson County, Tennessee.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Goodstein, Anita Shafer Anne Dallas Dudley, 1876–1955(անգլ.) // Franklin County Historical Review. — 1992. — Т. 23. — № 1. — С. 61–65.
  5. 5,0 5,1 «Mrs. Dudley Sr. Dies at Home»։ The Tennessean (անգլերեն)։ 1955-09-14 
  6. «Former L&C head Dudley dies»։ Nashville Post (անգլերեն)։ 2002-06-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2019-01-26 
  7. The Tennessee encyclopedia of history & culture։ West, Carroll Van, 1955-, Tennessee Historical Society.։ Nashville, Tenn.: Tennessee Historical Society։ 1998։ ISBN 1-55853-599-3։ OCLC 39108547 
  8. 8,0 8,1 Wills, W. Ridley Dallas Celtic cross // A Walking Tour of Mt. Olivet Cemetery. — John W. Wagster, 1993. — С. 28–29.
  9. «Mrs. Guilford Dudley Talks Equal Suffrage»։ Nashville Tennessean (անգլերեն)։ 1913-02-20 
  10. Taylor, Antoinette Elizabeth The Woman Suffrage Movement in Tennessee. — Octagon Books, 1957. — С. 33. — ISBN 0-374-97850-6
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 11,9 «Services For Mrs. Dudley To Be Held Thursday»։ Nashville Banner (անգլերեն)։ 1955-09-14 
  12. 12,0 12,1 Anastatia Sims (1998)։ «Woman Suffrage Movement»։ in Carroll Van West։ Tennessee Encyclopedia of History and Culture։ Tennessee Historical Society։ ISBN 1-55853-599-3։ Վերցված է 2019-01-07 
  13. 13,0 13,1 Lindenmeyer, Kriste Ordinary Women, Extraordinary Lives: Women in American History. — Rowman & Littlefield, 2000. — С. 200–209. — ISBN 0-8420-2754-8
  14. «Tennessee Woman's Suffrage Memorial» (անգլերեն)։ East Tennessee Foundation։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է 2009-01-05 
  15. Mason Doug (2006-03-26)։ «Marching into history - Memorial honors women who got voting rights cast in stone»։ Knoxville News-Sentinel (անգլերեն) 
  16. 16,0 16,1 «Remember the Ladies!: Women Struggle for an Equal Voice» (անգլերեն)։ Tennessee State Library and Archives։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-15-ին։ Վերցված է 2016-10-15 
  17. East Jim (1995-09-15)։ «Suffragist leader Dudley going into Women's Hall of Fame»։ The Tennessean (անգլերեն) 
  18. «Home»։ The Dallas (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-19-ին։ Վերցված է 2015-07-29 
  19. «Women's Suffrage Monument Unveiled - Story» (անգլերեն)։ Newschannel5.com։ 2016-08-26։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին։ Վերցված է 2016-08-27 
  20. «Nashville's Newest Monument Celebrates State's Role In Women's Winning The Right To Vote» (անգլերեն)։ Nashville Public Radio։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-27-ին։ Վերցված է 2016-08-27 
  21. Garrison Joey (2017-05-03)։ «Nashville renames downtown street after Tennessee women’s suffrage leader»։ The Tennessean (անգլերեն)։ Վերցված է 2017-06-07 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]