Սուրբ Առաքելոց եկեղեցի (Անի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Առաքելոց եկեղեցի
Սուրբ Առաքելոց եկեղեցի (Անի)
Եկեղեցի

Առաքելոց եկեղեցու ավերակները

ՏեղադրությունԱյրարատ, Անի
ԱշխարհԱյրարատ
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերակներ, կիսավեր է միայն գավիթը
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԿենտրոնագմբեթ կառույց
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ11-րդ դար
ԱվերումԵրկրաշարժից
##Սուրբ Առաքելոց եկեղեցի (Անի) (Թուրքիա)
Set01-church1.svg
##Սուրբ Առաքելոց եկեղեցի (Անի) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
40°45′50.05″ հս․ լ. 43°43′32.11″ ավ. ե. / 40.7639028° հս․. լ. 43.7255861° ավ. ե. / 40.7639028; 43.7255861Կոորդինատներ: 40°45′50.05″ հս․ լ. 43°43′32.11″ ավ. ե. / 40.7639028° հս․. լ. 43.7255861° ավ. ե. / 40.7639028; 43.7255861

Սուրբ Առաքելոց եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Անի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու տեսքը ըստ Տոկարսկու

Կառուցվել է 1004-1031 թվականներին։ Ներսից՝ քառախորան, չորս անկյուններում՝ մատուռ-ավանդատներով, արտաքուստ քառակուսի հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է։ Ճակատները մասնատված են երկուական խորշերով և հարդարված որմնակամարներով։ Անիի Սբ. Առաքելոց եկեղեցին Ավանի կաթողիկոսության Սբ․ Հովհաննես եկեղեցուց հետո հայկական երկրորդ հնգագմբեթ եկեղեցին է։

XII դ․ Անիի Սբ. Առաքելոց եկեղեցուն հվ-ից կցել են գավիթ, որի ծածկը խաչվող կամարների կիրառման վաղ օրինակներից է։ Հարթ առաստաղը կազմված է սև ու կապույտ ներկված քարե սալերից։ Արլ․ ճակատի կենտրոնում շքամուտքի խորշն է, երկու կողմերում՝ զույգ խորշերով (այս հորինվածքը նախօրինակ է ծառայել Երևանի Մատենադարանի գլխ․ ճակատի ճարտարապետության համար)։ Անիի Սբ. Առաքելոց եկեղեցին XII–XIV դդ․ բազմաթիվ նվիրատվություններ է ստացել (դրամ, հողեր, կալեր, ջրաղացներ, կրպակներ)։ 1031 թվականին Իշխանաց իշխան Վահրամի որդի Աբուղամրը նվիրել է Կառնուտի այգին, 1038 թվականին ոմն Գրիգոր՝ Ավետարան։ Եկեղեցու և գավթի պատերին XIII դ․ փորագրվել են Անիի բնակչության կյանքը կանոնակարգող բազմաթիվ հրամաններ և օրենքներ (ապահարկության, երկրաշարժից հետո փողոցներում առևտրի արգելման, ամուսնության և ամուսնալուծման վերաբերյալ, կաշառակերությունը դատապարտող ևն)։ Ըստ գավթի ներսի արձանագրության, 1301 թվականին Զաքարե Բ Մեծի թոռ իշխան Աղբուղան այցելել է Անի, տեսել զքաղաքս աղքատացեալ․․․ զի շատ հարկ էր ի վերա դրած, որ ի սկզբանե չէր եղել, և հրամայել է քաղաքացիներին զիջել հարկերից երեքը։

1909 թվականին պեղվել է եկեղեցու տարածքը։ Այժմ կիսավեր վիճակում պահպանվել է գավիթը։

Հայկական վանական համալիր Անիում։ Այս կարևոր եկեղեցին պետք է որ կառուցված լինի Պահլավունի արքայատոհմի կողմից և օգտագործված լինի եպիսկոպոսների կողմից այն ժամանակ, երբ Անին գտնվում էր այս արքայատոհմի հովանավորության տակ։ Ամենահին արձանագրությունը պատկանում է 1031 թ., որում խոսվում է Աբուգամիր Պահլավունու կատարած հողային նվիրատվության մասին։

Նիկողայոս Մառը Առաքելոց եկեղեցում և կից կառույցներում կատարած պեղումներն ավարտին է հասցրել 1909 թ., և 1912 թ. ամրացվել է եկեղեցու ամենաթույլ բաժանմունքն ու հարավային գավիթը։ Առաքելոց եկեղեցու պատերն ամրացված են ութ կարևոր կետերից։ Իսկ հարավային գավիթի մոտ արևելյան ճակատի ներքևի հատվածները պատած բոլոր քարերը վերականգնված են։ Շթաքարե գմբեթի դուրս ցցված հատվածը պահպանելու համար էլ մի սյուն է տեղադրվել։ Այս աշխատանքի մեծ մասը ոչնչացված է, և 1909 թ. հայտնագործված կառույցներից շատ քիչ բան է մնացել։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատակագիծ

Եկեղեցու հիմքի նախագիծը սահմանվել է որպես «փորագրված քառանկյուն` անկյունային խցերով»։ Այլ կերպ ասած՝ ուղղանկյուն նախագծի ներսի հատվածում չորս աբսցիս ունեցող ներքին կառույցի անկյուններում ձևավորված ազատ տարածություններում չորս մատուռ է կառուցվել (աբսցիսը փակ ցցվածք է եկեղեցու արևելյան կողմում, որն ընդհանրապես ներառում է խորանը)։ Սա 7–րդ դարից ի վեր Հայաստանում հանդիպող նախագծերիի տեսակներից մեկն է, սակայն այս շենքում գտնվող զարդարանքի տարրերը կառույցը մեթոդային առումով կապում են 11-րդ դարի առաջին երեսնամյակի հետ։ Մարդիկ եկեղեցի են մտել կառույցի հյուսիսային և հարավային աբսցիսներում գտնվող դռներից։ Այս դռներն ունեցել են երկու թեզանիքների միջև ծափորավոր խոշոր շեմեր, որոնց վրա փորագրված են եղել ականտուս բույսի տերևներ։ Սա էլ բնորոշ է 11–րդ դարի Անիի դռներին։ Եթե անգամ եկեղեցու վերին հատվածներից շատ քիչ բան է մնացել, 1909 թ. պեղումների ժամանակ գտնված նմուշները մատնանշում են, որ հավանական է, թե եկեղեցին մոդելավորված լինի բնօրինակին համապատասխան։ Կենտրոնական գմբեթի ծանրությունը թեթևացնելու նպատակով օգտագործվել են դատարկ հողային անոթներ։ Գմբեթի կոնային տանիքի հատվածներում կան նռան ու խաղողի ողկույզի փորագրություններ։ Չորս անկյուններում գտնվող մատուռները նմանվում են շատ փոքրիկ եկեղեցիների. յուրաքանչյուրն ունի աբսցիս և նրբակառույց ինտերիեր։ Նույնիսկ երկու արևելյան մատուռներն ունեցել են իրենց խցերը։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս չորս մատուռներից յուրաքանչյուրը ծածկված է եղել ճակատային գմբեթով։ Սա ևս միակ օրինակն է՝ նման եկեղեցիների նախագծերի մեջ։

Կից կառույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանական է, որ ի սկզբանե Առաքելոց եկեղեցին կառուցվել է բացօթյա գավթում։ Դարերի ընթացքում այս գավիթը լցվել է եկեղեցուն գրեթե լրիվ շրջապատած շենքերով։ Այս կառույցներից միայն մեկը՝ հարավային գավիթն է, որ մեր օրեր է հասել այնպիսի վիճակում, որը հնարավորությունէ տալիս գաղափար կազմելու նրա մասին, սակայն 1909 թ. կատարված պեղումերը ի հայտ են բերել նաև այլ կառույցների հիմքեր։ Գավթից մնացած հատվածը գտնվել է եկեղեցու հարավարևելյան անկյան և հարավային գավիթի արևելյան ճակատի դիմաց։ Գավթի և եկեղեցու մակարդակը ավելի ցածր է եղել քաղաքի մակարդակից։ Եկեղեցու արևելյան կողմից մի ճանապարհ է անցել արևելյան ճակատին զուգահեռ՝ գավիթի մակերևույթից 1.5 մետր բարձրության վրա։ Այս ճանապարհից դեպի գավիթ և հարավային գավիթ են իջել վեց աստիճան ունեցող մի սանդուղքով։ Գավիթի հատակը ծածկված է մեծ մասամբ որպես գերազմանաքար ծառայող քարով։ Փորագրված խաչքարերի մնացորդները ևս գտնվել են գավթում։ Այն անցումը, որտեղ գտնվել են այլ գերեզմանաքարեր, եղել է մայր եկեղեցու արևելյան պատի կողմից։ Անցումներն այս պատի դիմացը գտնվող աստիճաններով ընթացել են ճանապարհի տակից՝ դեպի, հավանաբար, որպես դամբարան ծառայող մառանով սենյակ։ Եղել է նաև մի դամբարան, որը հենված է եղել եկեղեցու արևելյան ճակատի հյուսիսարևելյան անկյան վրա։ Այն գրեթե լրիվ ոչնչացվել է, սակայն մեզ հասած մի շարք փորագրված կտորներում նշված է, որ այն պատկանում է 12–րդ դարին։ Եկեղեցու հյուսիսային կողմի վրա մի գավիթ է կառուցվելայն որպես դամբարան է ծառայել և ունեցել է դեպի արևելք հակված աբսցիս։ Սյուների նախագծից ելնելով՝ Մառը այս կառույցը թվագրել է ամենաուշը՝ 11–րդ դարի առաջին կեսով։ Երկու մուտք է ունեցել. մեկը՝ արևմտյան կողմից, որով մուտք էին գործում հարթ պատեր ունեցող մի սենյակ, իսկ մյուսը՝ արևելյանը հասնում էր գավիթ, ուր հավանաբար մուտք էին գործում հյուսիսարևելյան անկյունում գտնվող դամբարանի ճանապարհով։ Եկեղեցու արևմտյան կողմում կառուցված է եղել մի սենյակ։ Սա նույնպես ծառայել է որպես դամբարան, և այստեղ մուտք են գործել հարավային գավիթի արևմտյան ճակատում գտնվող մի դռնից։ Ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ այստեղ եղել է տանիք, որը հենված է եղել բազմանկյուն քարե պատվանդանների վրա կանգնած փայտե սյուների վրա։ Ներսում գտնվել է 1184 թ. մի արձանագրություն ունեցող գերեզմանաքար, որը պատկանել է Բարսեղ կաթողիկոսին (ցուցադրված է վերևում)։ Եկեղեցու հարավային կողմի վրա կռթնած մի գավիթ է եղել։ Այս կառույցը հավանաբար գոյություն է ունեցել 13-րդ դարի սկզբներից։ Արևմտյան տարածքի մեծ մասի հետ մեկտեղ քանդվել են նաև գավիթի հարավային և արևմտյան բոլոր պատերը։ Նարթեքսի միայն արևելյան պատն է կանգուն մնացել։ Այս կառույցը թուրք գրականության որոշ ստեղծագործություններում սխալմամբ նշվել է որպես «Սելջուկյան քարվանսարայ»։ Հարավային գավիթի պատերի վրա կան բազմաթիվ հայերեն արձանագրություններ։ Մեծ մասը 13–րդ դարին են պատկանում (ամենահինը՝ 1215 թ.), որոշներն էլ 14–րդ դարից են (ամենանորը՝ 1348 թ.)։ Մեծ մասը ոչ կրոնական թեմաներով են։ Նրանց մեջ, օրինակ, հանդիպում են ֆինանսական վարչության որոշումներ, հարկադրումից և առևտրական կալանքներից ազատված պահումներ կամ էլ զեղչման մասին մանրամասն փաստաթղթերով հիմնավորումներ։ Նման արձանագրությունները կարևորվում են այնքանով, որ դրանք գաղափար են տալիս տվյալ ժամանակահատվածում Անիի տնտեսական կյանքի մասին, և այն հանգամանքով, որ գավիթն օգտագործվել է ինչպես կրոնական, այնպես էլ այլ նպատակներով։

Կառույցի ուսումնասիրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային գավիթը բավականին հարուստ փորագրված արևելյան ճակատը բավականաչափ ուժեղ է ազդվել սելջուկյան և պարսկական արվեստներից։ Մուտքն ունի իսլամական ճարտարապետությանը հատուկ ձև, որը կոչվում է փիշթաք: Սա զարդանախշերով մի մուտք է, որը տեղադրված է բաց պատշգամբի ձև ունեցող մի որմնախորշի մեջ։ Որմնախորշի տանիքը մուքարնաս է: Շրջակայքում սուր կատարներ ունեցող կամար է։ Այս կամարի վրա, իսլամական կառույց լինելու դեպքում, փորագրություն կամ էլ կերամիկական սկավառակ լինելու փոխարեն դիտանցքի պատուհաններ կան։ Ճակատից մնացած հատվածը բաղկացած է զարդերով փորագրված ուղղաձիգ երիզներով փոփոխական կերպով տեղադրված մակերեսային V–ի ձև ունեցող որմնախորշից։

Դրսի մակերեսի հարթության ու պարզության և ներսի ձևավորման միջև հակադրությունը անչափ աչքի զարնող է։ Առաստաղը հենված է հատվող կետում կախ ընկած և միմյանց հատվող կամարների վրա։ Այս կամարները շրջապատում են հավասարակողմ ուղղանկյան միջին մասը, որը նրբորեն փորագրված մուքարնաս է։ Ասում են, թե այս գմբեթավոր մառանի գլխին մի օվալաձև պատուհան է եղել, թեև այսօր այս պնդումը հաստատող ոչ մի ապացույց չի գտնվել։ Իսկ մյուս բաժիններն ունեն կարմիր, մարմնագույն և սև քարից կազմված փորագրությամբ բավականին հարուստ զարդարված ուղիղ առաստաղներ։ Կառույցի ամբողջ ինտերիերը փորագրական արվեստի բարձր վարպետության նմուշ է։

Այն, որ գավիթի կամարները պատերին ուղղաձիգ լինելուց առավել անկյունաձիգ են, թերևս այնպիսի մի դեպք է, որն այլևս երբևէ չի հանդիպել հայկական ճարտարապետության մեջ։ Երկու քառակուսի նավերի խաբուսիկ կերպով պարզ հիմքի նախագիծն ընդգծվում է ներսի տակի հատվածներում գտնվող և որպես ելք ծառայող սյուներով։ Սակայն այն, որ գմբեթավոր միջին բաժանմունքը տեղադրված է այս նավերի վրա, ստեղծում է այն ուշագրավ տպավորությունը, թե դատարկ տարածությունները լրացնում են միմյանց, մի բան, որը, բացի բարոկկո ոճի ճարտարապետությունից, հանդիպում է խիստ հազվադեպ։ Գավիթի հարավային կողմում եղել է մի փոքրիկ եկեղեցի, որն ավելի հին է, քան մյուս կառույցները։ Գավիթի մակարդակի վրա է գտնվել, ավելին՝ կից փողոցի մակարդակի վրա։ Այն եղել է միանավ, որն ունեցել է կիսաշրջանաձև աբսցիս։ Աբսցիսի հարավում հավելյալ խուց է եղել, բայց հյուսիսայինում՝ ոչ։ Մառը ենթադրում է, որ այս եկեղեցու հյուսիսային պատը մեջտեղից վերացվել է՝ հարավային գավիթը տեղադրելու համար։ Այս փոքր եկեղեցուց մի մետր հարավ և նույն մակարդակի վրա որպես դամբարան ծառայող մի կառույց էլ է եղել, որին հետագայում կցվել են հնոցներ։ Պեղումներ կատարողները այստեղ կիսով չափ ցցված մի քարե կտոր են գտել, որը հավանաբար պատկանել է դամբարանին կամ էլ փոքր եկեղեցուն։ Դրա վրա փորագրված են եղել մրգերով և տերևներով նռան ծառեր։ Դրանք ըստ ոճի կարող են թվագրվել այնպիսի մի հին դարաշրջանով, ինչպիսին է 7-րդ դարը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջալալյանց Ս․, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։
  • Ալիշան Ղ․, Շիրակ, Վնտ․, 1881։
  • Թորամանյան Թ․, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 2, Ե․, 1948։
  • Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․, 1966 (կազմ․ Հ․ Ա․ Օրբելի)։
  • Mapp H․, AվՌ, E․, 1939;
  • Strzygowski J․, Die Baukunst der Armenier und Europa, Wien, 1918;
  • Cuneo P․, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988․
  • , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, ««Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ»», 2002, էջ 58-59 — 1076 էջ։