Այսբերգի սկզբունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այսբերգ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում

Այսբերգի սկզբունք (անգլ.՝ iceberg theory) կամ անգործության սկզբունք (անգլ.՝ theory of omission), գեղարվեստական հնարք, ըստ որի՝ ստեղծագործության արտաքին մակարդակում պահպանվում է միայն դրա միտքը հասկանալու համար անհրաժեշտ փոքր քանակի տեղեկատվություն այն դեպքում, երբ դրա մեծ մասը տեսանելի չէ, թաքնված է։ Սկզբունքը գրականության մեջ ներդրել է ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը։ Այս սկզբունքն արտացոլում է նրա էսթետիկ դիրքորոշումը, որին նա իր կյանքի տարբեր փուլերում բազմիցս անդրադարձել է[1]։ Հեմինգուեյից բացի «այսբերգի սկբունքն» օգտագործվել է այլ գրողների ստեղծագործություններում՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, Ջոն Ափդայկ, Ուիլյամ Ֆոլքներ, Ջոն Ստայնբեք և այլք։ Այս տեխնիկան բնորոշ է ոչ միայն գրականությանը, այլև արվեստի այլ տեսակների՝ գեղանկարչությանը, լուսանկարչությանը, կինեմատոգրաֆիային։ Օգտագործվում է նաև հոգեբանության, ժուռնալիստիկայի և մարդկային գործունեության այլ ոլորտներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստ Հեմինգուեյ, 1939

Գեղարվեստական հնարքն անվանումը ստացել է այսբերգի համանմանությամբ, որի ծավալի 90%-ը գտնվում է ջրի տակ, իսկ 10%-ը՝ ջրի երեսին։ Համապատասխան այդ փոխաբերության՝ արվեստի ստեղծագործությունն արտացոլում է միայն տեսանելի մասը, իսկ անտեսանելին՝ այսինքն՝ ենթատեքստը, ընկալողը (ընթերցողը) ինքը պետք է հասկանա։ Այսբերգի սկզբունքը հանգում է նրան, որ գրական ստեղծագործության մեջ կարիք չկա մանրամասնորեն նկարագրել այն ամենը, ինչը գրողը գիտի վեպի մասին, քանի որ ընթերցողը պետք է տեսնի այսբերգի միայն վերին մասը և խորհի այն ամենի շուրջ, ինչը տեքստի մակարդակում ներկայացված չէ։ Այդ կերպ չասված տեղեկատվությունը վերափոխվում է ենթատեքստի։ Ենթադրվում է, որ հեղինակի կողմից տեղեկատվության որոշ մասի չարտահայտելը կարող է ավելի մեծ տպավորություն թողնել, քան մանրակրկիտ նկարագրությունները և բացատրությունները։

Այսբերգի սկզբունքի վրա հիմնված գեղարվեստական հնարքը գրականության մեջ առաջին անգամ ներդրել է ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը։ Գրականագետները կարծում են, որ պրոզաիկի կողմից այս էսթետիկ տեսությանը հակվածությունը պայմանավորված է նրա լրագրողական գործունեությամբ, որով նա զբաղվել է նախքան պրոֆեսիոնալ գրող դառնալը։

Սկսելով պատմվածքներ գրելը՝ նա պահպանել է իր արձակի մինիմալիստական, զուսպ ոճը՝ կենտրոնանալով արտաքին էլեմենտների վրա և ակնհայտ ձևով չդիպչելով կարևոր, խորը թեմաներին։ Հեմինգուեյը կարծում էր, որ պատմվածքի ավելի խորը իմաստը պետք է թույլ նշմարվի, ոչ թե լինի գրվածքի մակերեսին։

1920-ական թվականներին իր փարիզյան կյանքի մասին պատմող «Տոն, որը միշտ քեզ հետ է» ինքնակենսագրականում Հեմինգուեյը հիշատակություն է թողել «Մեր օրերը» պատմվածքների ժողովածուի «Սեզոնի ավարտը» (անգլ.՝ Out of Season) պատմվածքի վերաբերյալ։ Այդտեղ ասում է, որ ինքը հեռացրել է պատմվածքից «իրական վերջաբանը», որտեղ ծերուկը կախվել է։ «Ես հեռացրի այն՝ ելնելով իմ նոր տեսությունից, որ կարելի է բաց թողնել ինչ ասես, եթե գիտակցաբար ես բաց թողնում։ Եվ բաց թողնված հատվածը կուժեղացնի պատմվածքը, կստիպի մարդկանց ավելի շատ զգալ այն, ինչ իրենք հասկացել են»[2]։

1932 թվականին հրատարակված «Մահ կեսօրից հետո» ծրագրային գրքի տողերն այդ հնարքի կիրառմամբ հայտնիություն են ստացել։ Դրանք շատ առումներով նկարագրում են նրա վերաբերմունքը գրական արվեստի և իր ստեղծագործությունների պոետիկայի նկատմամբ։

Եթե գրողը լավ գիտի այն, ինչի մասին գրում է, նա կարող է իր իմացածից շատ բան բաց թողնել, և եթե նա ճշմարտորեն է գրում, ընթերցողը կզգա ողջ բաց թողնվածը այնքան ուժեղ, որքան կզգար, եթե գրողը գրած լիներ այդ մասին։

«Ծերունին և ծովը» (1952) վիպակի մասին գրողն ասել է, որ դրանում արտացոլված են այնպիսի թեմաներ, որոնց նա լավ է տիրապետում՝ «ծովեր, ձկնորսություն, ձկնորսներ․․․», բայց եթե նա մանրամասնորեն անդրադառնար այդ թեմաների բոլոր նրբություններին, ապա գիրքը չարդարացված ծավալուն կստացվեր գեղարվեստական տեսանկյունից։

Այդ ամենի հետ կապված՝ նա ընդգծել է․ «Եվ այդ ժամանակ ես այդ ամենը բաց թողեցի։ Բոլոր պատմությունները, որոնք ես գիտեի ձկնորսական գյուղի մասին, ես բաց թողեցի։ Բայց այն, ինչ ես գիտեի, այսբերգի ստորջրյա մասը կազմեց[1]»։ Այսբերգի և գրականության մասին այդ փոխաբերությունը գրողը կրկնել է նաև 1960 թվականին՝ խորհրդային լրագրող Հենրիխ Բորովիկի հետ։ «Տեսանելի մասի տակ թաքնված են յոթ անտեսանելի մասերը, որոնք նրա հիմքն են և հզորություն են տալիս այն տեսանելի մասին, որը տեսնում են մարդիկ։ Որքան շատ բան դուք գիտեք, և որքան շատ բան կա «ջրի տակ», այնքան ավելի ուժեղ է ձեր այսբերգը․․․»[3]։

Բացի Հեմինգուեյից, «այսբերգի սկզբունքը» կիրառել են նաև այլ գրողներ, այդ թվում՝ Ջերոմ Դեյվիդ Սելինջեր, Ջոն Ափդայկ, Ուիլյամ Ֆոլքներ, Ջոն Ստայնբեք և այլք[4]։

Համարվում է, որ դեռ Հեմինգուեյի կողմից տեսությունն առաջարկելուց առաջ Անտոն Չեխովն արդեն կիրառել էր այս սկզբունքը իր ստեղծագործություններում։

Հեմինգուեյի ռուս կենսագիր Մաքսիմ Չերտանովը (Մարիա Կուզնեցովան) մեջբերում է Չեխովի հետևյալ խոսքերը[5]․ «Երբ ես գրում եմ, հույսս դնում եմ ընթերցողի վրա՝ կարծելով, որ նա ինքը կլրացնի պատմվածքում բաց թողնված սուբյեկտիվ մասերը»[6]։

Ռուս գրողը համարվում է գրվածքներում ենթատեքստի կիրառման մեծ վարպետ, և այդ տեխնիկան իր զարգացմամբ շատ բանով է պարտական Չեխովին[7]։ Սակայն Հեմինգուեյի վաստակն այդ ոլորտում այն է, որ նա, օգտագործելով «այսբերգի սկզբունքը», իր վեպերում զարգացրել է զուգորդական կապերը, հիմնվել է ենթատեքստի և գեղարվեստական հնարքների վրա։

Ֆինկելշտեյնի նկատառմամբ «այսբերգի ստորջրյա մասը»՝ ենթատեքստը, Հեմինգուեյի ստեղծագործություններում այնքան մեծ տեղ է գրավել, որ պատմվածքի համար ստեղծել է երկրորդ և անչափ կարևոր ծրագիր, որը ոչ միայն չէր համապատասխանում առաջին ծրագրին, այլ նաև շատ ժամանակ հակադարձում էր դրան։

Նրա պատմվածքների ենթատեքստը խիստ փոխկապակցված է տեքստի հետ, այնպես որ հեղինակի միտքը կարելի է կռահել միայն տեքստի միջոցով։ Դա էլ հենց Հեմինգուեյի նորարարարությունն էր՝ արձակի յուրօրինակ, երկծրագրային կառուցվածք, որին հատուկ էր խնայողականությունը և արտահայտչամիջոցների բազմազանությունը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Денисова, 1985, էջ 103—119
  2. Хемингуэй, 2011, էջ 95
  3. Боровик Г. У Эрнеста Хемингуэя // Огонёк. — 1960. — № 14. — С. 27.
  4. Літературний часопис «Вежа». — Кіровоградська обласна організація Національної спілки письменників України, Кіровоградська обласна організація Всеукраїнського товариства "Просвіта" імені Тараса Шевченка., 2003. — 892 с.
  5. Чертанов, 2010, Крепкий орешек
  6. Чехов, 1975, էջ 53—54
  7. 7,0 7,1 Оленева, 1989, էջ 250

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анастасьев, Николай Аркадьевич Творчество Эрнеста Хемингуэя. — М.: Просвещение, 1981. — 112 с.
  • Берг, Э. С Гений. История человека, открывшего миру Хемингуэя и Фитцджеральда. — Харьков: «Книжный Клуб „Клуб семейного досуга“», 2017. — 784 с. — ISBN 978-5-9910-3809-6
  • Денисова Т. Н. Хемингуэевский «айсберг» и «модусы» экзистенциализма // Экзистенциализм и современный американский роман. — К.: Наукова думка, 1985. — С. 103—119. — 245 с.
  • Оленева В. И. Новелла США. Многообразие форм // Жанровое разнообразие современной прозы Запада / Отв. редактор Д. В. Затонский. — К.: Наукова думка, 1989. — С. 192—299. — 306 с.
  • Хемингуэй, Э. Избранные произведения в двух томах. — М.: Государственное издательство художественной литературы, 1959. — Т. 2. — 656 с.
  • Хемингуэй, Э. Праздник, который всегда с тобой = A Moveable Feast (the restored edition) / Пер. с англ. В. П. Голышева. — М.: ACT: Астрель, 2011. — 286 с. — ISBN 978-5-17-070580-1
  • Чертанов, М. Хемингуэй. — М.: Молодая гвардия, 2010. — 531 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 5-235-03390-0
  • Чехов А. П. Письмо Суворину А. С., 1 апреля 1890 г. Москва // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Письма: В 12 т.. — М.: АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького, 1975. — Т. 4. Письма, январь 1890 — февраль 1892. — С. 53—54.