Ամրական քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրական քարանձավ
Տեսակամրոց
Վարչական միավորՎան
Երկիր Թուրքիա

Ամրական քարանձավ (Ակոթի, Ակոփաքար, Ամրականց քարանձավ, Անձավ, Աքքիփրի, Ջըմփ Ջըմփ Մաղարա, Ջմցըմ Մաղարա, Ջմփզմփ Նաղարա, Թոփրախկայա, Թսփրախկալհ, Թոփրակկալա, Թոփրակկալե, Ռասսփփնա, Ռասախինիլի), ամրոց Արևմտյան Հայաստանում, Վան քաղաքում, նրա hարավ–արևելյան կողմում, Մհերի դուռ կոչվող քարաժայռի վրա։ Կառուցել է Ռուսա Ա թագավորը ( մ.թ.ա 735-713 թթ.) Տուշպայում ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար III-ի ավերածություններից հետո, այն կոչելով Ռուսախինա կամ Ռուսախինիլի։ Բերդի տարածքում պահպանվում են շինությունների ավերակներ։ Այստեղ պարբերաբար պեղումներ են կատարել Ն. Մառը, Հ. Օրբելին, միսիոներ Ռայնոլդը, ինչպես նաև Կլեյտոնը, Ռասսամը, Լեհման-Հաապտը, Վ. Բելքը և ուրիշներ։ Կառույցների մեծ մասը հում աղյուսից է։ Պեղումների ժամանակ բացվել են գունավոր քարերով, շախմատաձև շարված տաճարի պատերը, զոհարանը, հայտնաբերվել են պատկերազարդ, դեկորատիվ վահաններ, կահույքի քանդակազարդ մասեր, խճանկարի բեկորներ, գունավոր փայլեցրած խեցեղեն, ուրարտական սեպագրեր, փղոսկրյա արձանիկներ, ոսկյա և արծաթյա իրեր, զենքեր, կնքադրամներ, թագավորական քանդակազարդ կապարճներ, երկրագործական գործիքներ, թևավոր ցուլի բրոնզե արձանիկներ, մետաքսե գործվածքի մնացորդներ, գինու կավե խոշոր կարասներ, մարդկային կմախքի ոսկրներ և այլն։ Գտածո նյութերի մեծ մասը այժմ պահվում է Բրիտանական և Բեռլինի թանգարաններում, մասամբ նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։ Ամրական քարանձավ հավանարար ավերվել ու լքվել է ուրարտական պետության թուլացման և անկման ժամանակ տնակներում, մ.թ.ա. VI դ. սկզբներին։ Ամրական քարանձավ ըստ երևույթին վանեցիների շրջանում հայտնի ավանդական Պղնձե քաղաքն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 220 — 992 էջ։