Ալ-Ազմի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Ազմի պալատ
Տեսակպալատ
Երկիր Սիրիա
ՏեղագրությունԴամասկոս
Ճարտարապետական ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Հարկեր2
Մասն էՀին Դամասկոս
ՍեփականատերDirectorate-General of Antiquities and Museums?
Հիմնադրված է1749
ՊատվիրողԱսադ Փաշա ալ-Ազմ
Քարտեզ
Քարտեզ

Ալ-Ազմի պալատ (արաբ․՝ قصر العظم‎‎), գտնվում է Դամասկոսում, Սիրիա, կառուցվել է 1749 թվականին[1]։ Պալատը եղել է Դամասկոսի ղեկավար Ասադ Փաշա ալ-Ազմի նստավայրը, Սիրիայում և Լիբանանում ֆրանսիական մանդատի տարիներին պալատում գործել է Ֆրանսիական ինստիտուտ։ Այն բանից հետո, երբ սիրիական կառավարությունը գնեց պալատը Ալ-Ազմների ընտանիքից, կատարվեցին վերականգնողական աշխատանքներ և այժմ այն ծառայում է որպես Արվեստների և ավանդույթների թանգարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը կառուցվել է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում մամլուքյան երբեմնի դղյակի տեղում, սկզբնապես ծառայել է որպես Դամասկոսի քաղաքագլուխ Ասադ Փաշա Ալ-Ազմի նստավայր։ Այն համարվում է 18-րդ դարի արաբական ճարտարապետական համալիր[2]։ Պալատը կառուցել են 800 շինարարներ 3 տարվա ընթացքում, այն զարդարվել է դեկորատիվ թանկարժեք էլեմենտներով։ Ալ-Ազմի մահից հետո էլ մի քանի դարաշրջան այստեղ ապրել են նրա ժառանգները[3]։ 1898 թվականին դեպի Դամասկոս շրջագայության ժամանակ Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդը այցելել է նաև Ալ-Ազմի պալատ։

Ալ-Ազմի պալատի բակն ու այգին

Պալատը մնացել է Ազմների ընտանիքի հովանավորության տակ մինչև 1920 թվականը, այնուհետև գնվել է ֆրանսիացիների կողմից[4]։ Սիրիական մեծ հեղափոխության ժամանակ ֆրանսիական կառավարությունը գնդակոծում է Դամասկոսը, հին Դամասկոսի թաղամասը ավերվում է, այդ թվում մեծ հարված է հասցվում նաև պալատին։ Հեղափոխության ավարտից հետո ֆրանսիական կառավարությունը ձեռնամուխ է լինում պալատի վերականգնմանը։ Վերականգնողական աշխատանքները ղեկավարում էր ճարտարապետ Լուչիեն Կավարոն, այս անգամ նրանք ընտրում են առավել հասարակ, զարդաքանդակների առավել համեստ լուծումներ[3]։ Վերականգնումից հետո ֆրանսիական կառավարությունը պալատը օգտագործում է որպես նոր բացված Ֆրանսիական ինստիտուտի շենք։

1946 թվականին Սիրիայի անկախացումից հետո պալատը վերադարձվում է Ազմների ընտանիքին[4], 6 տարի անց 1951 թվականին Սիրիական կառավարությունը գնում է այն 30,000 դոլարով և վերածում պալատը Արվեստների և ավանդույթների թանգարանի[3]։ 1956 թվականին տեղի է ունենում թանգարանի պաշտոնական բացումը, տնօրեն է դառնում Շաֆիք Իմամը։ Թանգարանի բացման արարողությանը մասնակցող այցելուները հիացած էին Շաֆիք Իմամի նորարարություններով, նա նախագծել էր դեպի հիմնական սրահ տանող նոր աստիճաններ, որպեսզի այցելուները մտնեն մի մուտքից և մեկ այլ հատվածով դուրս գան[3]։ 1983 թվականին պալատը արժանանում է Աղա Խանի մրցանակի որպես յուրահատուկ ճարտարապետական կոթող։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատը զբաղեցնում է 6400 քառ․ մետր տարածք, այն համարվում է դամասկոսյան ավանդական ճարտարապետությունը ներկայացնող ինքնատիպ կոթող։ Կառույցը ընդգրկում է մի քանի հիմնական շենքեր և 3 թևեր՝ հարեմ, սելամլեք և խադեմլեք։ Հարեմը նախատեսված էր ընտանիքի համար, այս թևում գտնվում էին ընտանիքի անդամներին պատկանող մասնավոր սենյակները, այդ թվում բաղնիքներ, որոնք կրկնում էին հասարակական բաղնիքների ճարտարապետությունը։ Սելամլեքը հյուրերի համար նախատեսված հատվածն էր, այն ընդգրկում էր ընդունելության սրահներ, լայն բակեր ավանդական կասկադային շատրվաններով, մինչդեռ պալատի հյուսիսային հատվածը նախատեսված էր ծառայողների և աշխատողների համար։

Թանգարանի ապակեգործության ցուցասրահը

Պալատի ամենահետարքրիր հատվածներից է համմամը կամ բաղնիքը։ Այն ներառում է մի քանի փոքր սենյակներ և դեպի հիմնական մեծ սրահ տանող նեղ միջանցք[4]։ Բաղնիքի կողքին գտնվում է մարմարե ընդարձակ սրահ, իսկ վերջինիս հետևի հատվածում երկրորդ փոոքր սրահը՝ մի քանի սենյակներով, որոնք այժմ օգտագործվում են որպես ավանդական արհեստների ներկայացման ցուցասրահներ, ինչպիսիք են ապակեգործությունը, պղնձեգործությունն ու տեքստիլը։

Պալատի կառուցման ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի քարեր՝ կրաքար, ավազաքար, բազալտ և մարմար, վերջիններս ընտրվել են բնական զարդարանքների ստեղծման համար։ Առաստաղները ծածկվել են փայտե վահանակներով, որոնք ներկայացնում են բնության տեսարաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Al-Azem Palace». www.lovedamascus.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: Text "Tourist Attractions in Damascus Old City" ignored (օգնություն)
  2. Commins, David Dean (2004). «Historical Dictionary of Syria» (անգլերեն). Scarecrow Press. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Azem Palace - Syria» (PDF). web.archive.org. 2017 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին. {{cite web}}: Text "Aga Khan Development Network" ignored (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 Beattie, Andrew; Pepper, Timothy (2001). «The Rough Guide to Syria» (անգլերեն). Rough Guides. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.