Ալեքսանդր Բարսով
Ալեքսանդր Բարսով ռուս.՝ Александр Андреевич Барсов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1823 |
Մահացել է | մարտի 27, 1908 (85 տարեկան) |
Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս |
Պարգևներ և մրցանակներ | |
Alexandr Barsov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Անդրեևիչ Բարսով (հունվարի 10, 1823 - մարտի 27, 1908), ռուս գեներալ, 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական չորրորդ պատերազմի մասնակից[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Անդրեևիչ Բարսովը ծնվել է 1823 թվականի հունվարի 10-ին։ Սովորել է առաջին կադետական կորպուսում։ 1843 թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է 20-րդ հրետանային բրիգադի ենթասպա։
Բարսովը իր բրիգադի հետ 1840-1850-ական թվականներին մասնակցել է կովկասյան մի շարք արշավանքների և 1850 թվականին պարգևատրվել է Սուրբ Աննայի անվան 4-րդ աստիճանի շքանշանով։ Բացի դրանից, ստացել է նաև փոխտեղակալի (1848 թվական, հունվարի 22), պորուչիկի (տեղակալ) (1849 թվական, հուլիսի 3) շտաբս-կապիտանի (1851 թվական, հուլիսի 13) զինվորական կոչումներ։
Ղրիմի պատերազմի ընթացքում թուրքերի հետ մարտնչել է ասիական ռազմաճակատում։ 1854 թվականի հուլիսի 24-ին ստացել է կապիտանի զինվորական կոչում։ Այս ռազմաճակատի փայլուն մարտական գործողություններ իրականացնելու արդյունքում ստացել է Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան։
Արևելյան պատերազմից հետո շարունակել է իր ծառայությունը կովկասյան ճակատում։ Բարսովը մշտապես դիմակայել է լեռնականների արշավանքներին, որի համար 1858 թվականին պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի անվան երկրորդ աստիճանի շքանշանով։ 1858 թվականի օգոստոսի 28-ին ստացել է փոխգնդապետի զինվորական կոչում, իսկ 1864 թվականի օգոստոսի 22-ին, արդեն՝ գնդապետի։
1865 թվականի օգոստոսի 6-ին Բարսովը ստացել է 19-րդ հրետանային բրիգադի հրամանատարությունը։ 1868 թվականին արժանացել է Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշանին՝ հայրենիքին նվիրված 25 տարվա ծառայության համար։ Նույն շրջանում պարգևատրվել է նաև Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1874 թվականի հուլիսի 1-ին գնդապետ Բարսովը ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում[2]։
Ռուս-թուրքական 1877-1878 թվականներին տեղի ունեցած պատերազմի ժամանակ, Բարսովը գլխավորում էր գեներալ Տեր-Ղուկասովի Երևանյան ջոկատի հրետանային գունդը։ 1877 թվականի դեկտեմբերի 26-ին նա ստացավ Սուրբ Գևորգի անվան 4-րդ աստիճանի շքանշան։
Ի թիվս այլ պարգևների՝ այս պատերազմի արդյունքում Բարսովը ստացավ նաև ոսկե սուր «Քաջության համար» գրությամբ (1878 թվական), Սուրբ Վլադիմիրի անվան 3-րդ աստիճանի շքանշան (1877 թվական), Սուրբ Ստանիսլավի անվան 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի անվան 1-ին աստիճանի շքանշան (1878 թվական)։
Հետագայում զբաղեցնելով 9-րդ զորաբանակային կորպուսի (1877 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 1878 թվականի մարտի 28 և 1889 թվականի օգոստոսի 17-ին մինչև 1892 թվականի սեպտեմբերի 28) և 12-րդ զորաբանակային կորպուսի (1879 թվականի մարտի 28-ից մինչև 1889 թվականի օգոստոսի 28) հրամանատարությունը՝ Բարսովը արժանացել է Սուրբ Վլադիմիրի անվան 2-րդ աստիճանի շքանշանին, իսկ 1883 թվականի մայիսի 15-ին ստացել է նոր՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ 1886 թվականին արժանացել է «Սպիտակ արծիվ» շքանշանին։
1893 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակվել է գեներալ-ֆելդցեյհմեյստերի օգնական։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1899 թվականի հունիսի 19-ը, երբ նշանակվել է ռազմական խորհորդի անդամ։ 1895 թվականին պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նեվսկու անվան շքանշանով։
1896 թվականի մայիսի 14-ին նշանակվել է հրետանային դիվիզիայի գեներալ։
Մահացել է 1908 թվականի մարտի 27-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барсов, Александр Андреевич // Б (Blanc) порох — Бомба. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911. — С. 398. — (Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.] ; 1911—1915, т. 4).