Ալեմ-ի նիսվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեմ-ի նիսվան
Տեսակհանդես և թերթ
ԼեզուՂրիմի թաթարերեն և թյուրքական լեզվախումբ
Գլխավոր խմբագիրՇեֆիկա Գասպիրալի
Հիմնադրվել է1906[1]
ՀիմնադիրԻսմայիլ Գասպրինսկի
ՀրատարակիչԻսմայիլ Գասպրինսկի
Երկիր Ռուսաստան
ԳրասենյակԲախչիսարայ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Լուծարվել է1910
 Alem-i Nisvan Վիքիպահեստում

«Ալեմ-ի նիսվան» (ղրիմի-թաթարեներն՝ Alem-i Nisvan, Алем-и Нисван, արաբ․՝ عالم نسوان‎‎, ռուս.՝ «Женский мир»), աշխարհում առաջին թյուրք-մուսուլմանական կանանց նվիրված ամսագիր։ Տպագրվել է Ղրիմում 1906-1912 թվականներին ղրիմ-թաթարական լեզվով՝ օգտագործելով Արաբերենի այբուբենը։ Գլխավոր խմբագիր` Շեֆիկա Գասպրինսկայա[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլման կանանց ամսագրի ստեղծման գաղափարն առաջացել է 19-20-րդ դարերի ղրիմ-թաթարական հրատարակիչ Իսմայիլ Գասպրինսկու մոտ, նրա կնոջ՝ Զեհրի Ակչուրինա-Գասպրինսկայայի առաջարկով։ Կանանց հարցը պարբերաբար բարձրացվում էր Գասպրինսկու «Терджиман» («Թարգմանիչ») հիմնական թերթի էջերում, որի արդյունքում էլ պահանջ ներկայացվեց ունենալու առանձին պարբերական։ 1887 թվականին Ակչուրինա-Գասպրինսկայան առաջին անգամ փորձեց ստեղծել կանանց վերաբերող «Тербие» («Դաստիարակություն») ամսագիր, այնուհետև 1891 թվականին ինքը՝ Գասպրինսկին թույլտվություն խնդրեց հրատարակելու ամիսը երկու անգամ «Кадын» («Կին») թերթի հավելվածը, սակայն Ռուսական կայսրության կառավարության կողմից հավանության չարժանացավ։ Ամսագրի հրատարակումն իրականացավ 1905 թվականին օրենսդրության ազատականացումից հետո[3]։

Ամսագրի նպատակն էր կրթել մուսուլման կանանց, վերացնել անգրագիտությունը, բարձրացնել նրանց մշակութային մակարդակը և սովորեցնել շարիաթի օրենքները։ Նոր պարբերականի խմբագրի պաշտոնում Գասպրինսկին ընտրեց իր դստերը՝ Շեֆիկային[2], ինքը մնալով հրատարակչության խմբագիր[3]։

Թերթում տպագրված հրատարակության հայտարարությունից պարզ դարձավ, որ ամսագրում պետք է հրապարակվեն ինչպես կրոնական տեքստեր շարիաթում կանանց իրավունքների մասին, այնպես էլ աշխարհիկ ցուցումներ հիգիենայի, տնային աշխատանքների և ձեռագործության մասին, առանձին բաժին էր հատկացված գիտությանը և գրականությանը։ Ամսագրում առանձին տեղ էր հատկացվում նշանավոր կանանց կենսագրության ներկայացմանը, ներկայացվում էին այլ երկրների պատմվածքներ և գեղարվեստական գրականության էջեր, նամակներ[2]։

Ամսագիրը հրատարակվում էր որպես «Թերջիման» շաբաթաթերթի անվճար հավելված։ Առաջին համարը լույս տեսավ Բախչիսարայում 1906 թվականի մարտի 3-ին[2][3]։ Մինչև 1908-1909 թվականների ընդմիջումն ամսագիրը համարվում էր ինքնուրույն հրատարակություն, 1910 թվականին հրատարակությունը վերսկսելուց հետո նրա նյութերը տպագրվում էին «Թերջիման» թերթի էջերում[2][3]։ Ամսագրի վերջին համարը լույս տեսավ 1911 թվականին[3]։

Հիշատակ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ղրիմի ճարտարագիտամանկավարժական համալսարանում անցկացվեց գիտական կոնֆերանս՝ նվիրված ամսագրի ստեղծման 105-ամյակին։ Ժամանակակից Ղրիմի կանանց «Арзы» («Երազանք») ամսագիրն իրեն համարում է նախկին ամսագրի իրավահաջորդը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://islam.in.ua/ru/istoriya/alem-i-nisvan-pervyy-zhenskiy-tyurko-musulmanskiy-zhurnal-v-mire
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Юрий Косенко. ««Алем-и нисван» - первый женский тюрко-мусульманский журнал в мире». Ислам в Украине (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ленара Чубукчиева. Женский вопрос на страницах журнала «Алеми нисван» // Гасырлар авазы / Эхо веков. — 2013-01-01. — В. 1/2. Архивировано из первоисточника 7 Մայիսի 2018.