Ալգոլ, մի շարք ծրագրավորման լեզուների կրճատ անվանումը։ Կազմված է անգլ.՝ algorithmic և language (ալգորիթմական) և (լեզու) բառերի սկզբնատառերից։ Մշակել են տարբեր երկրների մի խումբ գիտնականներ1958–1960 թթ.։ 1960 թ. հունվարին Փարիզում կայացած միջազգային խորհրդակցությունում ըևդունված լեզվի վերջնական ձևը ստացել է «Ալգոլ–60» անվանումը (ի տարբերություն նախնականի, որն անվանվում էր «Ալգոլ–58»)։
Ալգոլի հիմնական սիմվոլներն են՝ տասնորդական թվանշանները, լատինական այբուբենի փոքրատառերն ու մեծատառերը, կետադրական նշանները, մաթեմատիկական և տրամաբանական գործողությունների նշանները, այլ հատուկ նշաններ և մի քանի անգլերեն բառեր, մասնավորապես՝ begin և end (սկիզբ և վերջ)։ Ալգոլի հիմնական սիմվոլներից որոշակի կանոններով կազմվում են կոնստրուկցիաներ՝ թվեր և արտահայտություններ (թվաբանական, տրամաբանական ևն), նկարագրություններ, ծանոթագրություններ, օպերատորներ, որոնք, իրենց հերթին, հիմնական սիմվոլների զուգակցությամբ կազմում են ավելի բարդ օպերատորներ ևն։Ալգոլով տրված ալգորիթմն անվանում են ալգոլ–ծրագիր։ Հատուկ ծրագրի օգնությամբ այն փոխակերպվում է կոնկրետ թվանշանային հաշվողական մեքենայի լեզվով ծրագրի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 149)։