Ալաջայի ճակատամարտը տեղի է ունեցել 1877 թ. հոկտեմբեր ամսին, Կարսի մոտ, Ալաջայի բարձունքներում, 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
1877-ի հունիսին Զևինի և Դահարի մոտ անհաջող մարտերից հետո ռուսական զորքերի Կովկասյան կորպուսը (հրամանատար գեներալ Լորիս-Մելիքով) դադրեցրեց Կարսի պաշարումը։ Թուրքական բանակը Մուխտար փաշայի գլխավորությամբ հուլիսի 7-ին (19) գրավեց Ալաջայի բարձունքները։ Օգոստոս-սեպտեմբերին Կարսը նվաճելու ռուսական բանակի փորձերն եղան անարդյունք։ Համալրելով ուժերը՝ ռուսական զորքերն Ի.Դ. Լազարևի հարամանատարությամբ նորից անցան հարձակման և հոկտեմբերի 3-ին (15) գրավեցին Ալաջայի բարձունքները։ Ալաջայի ճակատամարտում թուրքական բանակը լիովին ջախջախվեց և, տալով 5000-6000 սպանված ու վիրավոր, 8500 գերի, փախուստի դիմեց։ Ռուսական զորքերի կորուստը կազմեց 1500 մարդ։ Հոկտեմբերի 13-ին (25) պաշարելով Կարսը՝ ռուսական զորքերն այն վերցրին գրոհով նոյեմբերի 6-ին (18)։ Ալաջայի ճակատամարտում ռուսական զորքերի ղեկավարման համար առաջին անգամ կիրառվեց հեռագիրը։
Ալաջայի ճակատամարտում ռուսական զորքերի շարքերում թուրքական բանակի դեմ քաջաբար կռվեցին նաև հայ կամավորները, որոնք ընդգրկված էին հեծյալ և հետևակ հարյուրյակներում։ Հայերը միաժամանակ օգնեցին ռուսական հրամանատարությանը որպես հետախույզներ, ուղեկցողներ, սուրհանդակներ և թարգմանիչներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 138)։