Ազնվամորու աղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնվամորու աղջկա գանգը

Ազնվամորու աղջիկ, 1943 թվականին, Ֆալկյոպինգից հինգ կիլոմետր դեպի հարավ գտնվող ճահճում՝ Ֆալբիգդենում հայտնաբերված կմախքի պայմանական անուն[1]։ Դիակի մնացորդների զննությամբ պարզվել է, որ ստամոքսը լի է ազնվամորու սերմերով՝ աղջկա վերջին սնունդը մեծ քանակությամբ ազնվամորի է եղել։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնվամորու աղջիկը ճահճային դիակ է, որը հայտնաբերվել է Ռոգեստորպսմօսենում կամ Սմեդյեմոսենումում՝ Լուտրա համայնքում, Կինևեդսի համայնքի սահմանի մոտ։ Գտածոն հայտնաբերվել է Ֆալկյոպինգից 5 կմ դեպի հարավ՝ Ռոջեստորպս ճահճուտում, որն ավելի մեծ Մյոնարպա ճահճային համալիրի մի մասն է։ Տորֆ արդյունահանելիս դիակը հայտնաբերել է Կարլ Վիլհելմսոնը 1943 թվականի մայիսի 20-ին։ Սկզբում հայտնաբերել է ձեռք, հետո հայտնվել են գանգ ու ստորին ծնոտ։ Աշխատանքները կասեցվել են, ոստիկանություն են կանչել՝ կարծելով, որ հայտնաբերված կինը կարող էր վերջերս սպանված լինել։ Բայց պարզվել է, որ կմախքը պատկանում է վաղուց մահացած մարդու, ուստի գործը կարճվել է[2]։ Մնացորդները հանձնվել են տեղի հնախույզ Հիլդինգ Սվենսոնին, ով ներգրավել այլ հետազոտողների[2][3][4][5][6], մասնավորապես՝ Կարլ Եսայաս Սալստրյոմին[2][3]։

Ազմվամորու աղջկա մնացորդները այն դիրքով, որ նա պեղվել է 1943 թվականին Ֆալբիգդենի հնավայրում։ Ֆալբիգդենի թանգարանի ցուցադրությունից։

Հայտնագործության վայրի զննությունից Հնությունների ազգային վարչության ներկայացուցիչները եզրակացրել են, որ տեղանքի պայմանները հարմար չեն մանրակրկիտ հետաքննության համար։ Ուստի կմախքը, տորֆի մի կտորի հետ միասին, որի վրա այն ընկած էր, հանվել և երկաթուղով ուղարկվել են Ստոկհոլմ[2][3]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտածոն մի քանի ուսումնասիրությունների է ենթարկվել մասնագետների կողմից։ Այն, ի թիվս այլոց, 1940-ականներին ուսումնասիրել է պրոֆեսոր Նիլս-Գուստաֆ Գեյվալը[4] և 1990-ականներին Սաբինա Սթինը և Թորբյորն Ալստրյոմը[4][5][5][6][7]։

Ազնվամորու աղջկա ստամոքսի պարունակությունը՝ բաղկացած նրա վերջին կերակուրից՝ հասած ազնվամորուց

1940-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիքի որոշմանը նպաստել է ծաղկափոշու անալիզը, որը ցույց է տվել, որ դիակը 4000 տարեկանից մի փոքր ավելի էր։ Քանի որ ստամոքսում ազնվամորի է հայտնաբերվել, ապա եզրակացրել են, որ մահը տեղի է ունեցել ամռան վերջին՝ հուլիս-օգոստոս ամիսներին[8][4][7][6]; Շվեդիայում անսովոր բան է ամռանը դիակը ճահճում պահպանվելը, այդ ամիսներին այն սովորաբար փտում է։

Կմախքի զննումը ցույց է տվել, որ դա 18-20 տարեկան երիտասարդ կին է՝ մոտ 145 սմ հասակով, երկու ոտքերն այնպես են ծալված որ սրունքները հենվել են կոնքերին։ Ենթադրվում է, որ ոտքերը կապված են եղել, իսկ պարանները փտել են։ Հայտնագործությունը կոչվել է Ազնվամորու աղջիկ իր երիտասարդ տարիքի և ստամոքսի պարունակության պատճառով[4][5][6][7][8][9]։

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր թվագրումը օգտագործելով ռադիոածխածնային ժամադրություն, Ազնվամորու աղջկա տարիքը մոտ 1000 տարով ավելացրել է։ Մահը հավանաբար տեղի է ունեցել մ.թ.ա. 3105-2935 թվականներին՝ Նոր քարի դարի վերջում։ Տորֆային նյութը հետազոտելիս հայտնաբերվել են մոտ 2-3 մմ չափսերի քաղցրահամ ջրային խխունջների մնացորդներ։ Խեցիների առկայությունը ցույց է տալիս, որ Ազնվամորու աղջիկը խեղդվել է ծանծաղ ջրում։ Այս հետազոտության կապակցությամբ մնացորդները և այլ գտածոները թաքնված վայրից տեղափոխվել են Ֆալբիգդենի թանգարանի ցուցադրություն[7][5][6]:

Ավելի ուշ աղջկա դեմքը վերականգնվել է, գանգն ու ատամները հետազոտվել։ Ազնվամորու աղջկա մեկ ատամի վրա հայտնաբերվել է կարիես։ ԴՆԹ-ի նմուշառման փորձերն անհաջող են եղել[2][3]։

Դիմապատկերը 2011 թվականին վերականգնել է Օսկար Նիլսոնը[2][3]

Դեմքի վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմապատկերը կարողացել են վերականգնել 2011 թվականին՝ Օսկար Նիլսոնի կատարած դեմքի վերակառուցումից հետո[2][3]։ Ազնվամորու աղջկա հասակը և տարիքը համեմատվել են Սլուտարպսդյոսենի կմախքների հետ, որոնք գտնվում տվյալ գտածոյի հայտնաբերման վայրից մոտ 2,5 կմ հեռավորության վրա։ Սլութարպսդույենում հայտնաբերված կանայք ունեն 147-ից 162 սմ հասակ, իսկ Ազնվամորու աղջիկը 145 սմ հասակով կարճահասակ է նույնիսկ քարե դարի կնոջ համար[7]։ Ռադիոկարբոնային թվագրումը ցույց է տվել, որ Սլութարպսդույենի մի քանի կմախքներ Ազնվամորու աղջկա ժամանակակիցներն են։

Մահվան պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտածո վայրից մոտ 6 մետր դեպի հյուսիս հայտնաբերվել է կայծքարից պատրաստված նետի ծայրակալ, ինչը տեղիք է տվել բազմաթիվ վարկածների[4][5][8][9]։ Հավանականությունը, որ նետի ծայրակալը և Ազնվամորու աղջիկը անմիջական կապ ունեն, փոքր է[5]։ Եթե աղջկա ոտքերը իսկապես կապված են եղել, ապա հնարավոր է, որ նրան զոհաբերել են աստվածներին։

Ազնվամորու աղջիկը մահացել է ամառվա վերջին և չէր կարող զոհաբերվել գյուղատնտեսության բարգավաճման համար, ինչը, ենթադրաբար, տեղի կունենար գարնանը։ Նույնքան հավանական է, որ Ազնվամորու աղջիկը զոհաբերվել է կամովին կամ հակառակ դրա կամ էլ մահապատժի ենթարկված հանցագործ է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Luttra 29:1» (շվեդերեն).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Cecilia Jensen Historien om Hallonflickan Falbygdens museum
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Sjögren, Karl-Göran; Ahlström, Torbjörn; Blank, Malou; Price, T. Douglas; Frei, Karin Margarita Early Neolithic human bog finds from Falbygden, western Sweden.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nils-Gustaf Gejvall, och Carl-Herman Hjortsjö, och Karl Esaias Sahlström, «Stenålderskvinnan från Luttra i svensk antropologisk belysning», sidorna 410—426 ur Arkeologiska forskningar och fynd: Studier utgivna med anledning av H.M. Konung Gustav VI Adolfs sjuttioårsdag 11/11 1952 (1952).
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Creutz, Gunnar, «60 år sedan Hallonflickan hittades», sidorna 39-45 ur Årsskriften Falbygden nr 57 (2003).
  6. 6,0 6,1 6,2 6,3 Vretemark, Maria Västergötlands fornminnesförenings tidskrift 1997/1998. Färgstarka västgötska kvinnor.. — 1998. — ISBN 91-85884-94-4
  7. 7,0 7,1 7,2 Ahlström, Torbjörn och Sten, Sabine, «Hallonflickan», sidorna 22-25 ur Forntid på Falbygden — En bok till basutställningen (1995), Curry Heimann och Lena Persson (red.)
  8. 8,0 8,1 Bagge, Axel, «Ett märkligt skelettfynd från gånggriftstiden», sidorna 248—249 ur Fornvännen (1947).
  9. 9,0 9,1 Cederschiöld, Louise och Iregren, Elisabeth, «Hallonflickan», sidorna 29-32 ur Brottstycken: Notiser om arkeologiskt och kulturhistoriskt detektivarbete (1982).