Ագահության սկիզբը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագահության սկիզբը
ՀեղինակՆար-Դոս
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ1889
ՎիքիդարանԱգահության սկիզբը

«Ագահության սկիզբը», հայ գրող Նար-Դոսի 1889 թվականին գրված հեքիաթներից է։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նար-Դոսի հավատամքն է այն, որ «գրականությունը կյանքի հայելին է, սակայն նա կյանքի դպրոցն էլ է», ուստի պարտավոր է ոչ միայն կյանքի թերությունները ցուցադրել, այլ նաև դրանք վերացնելու ուղիները ներկայացնել, ոչ միայն ճակատին քսված մուրը ցույց տալ, այլև սրբելու ձևերը սովորեցնել[1]։

Նար-Դոսի «Ագահության սկիզբը» հեքիաթը պատկանում է այն գրվածքների շարքին, որոնց օրինակներով ցույց են տալիս, թե որտեղից է առաջացել մարդկային հարյուրավոր հատկություններից մեկը, այս դեպքում ՝ ագահությունը։ Այսպիսով, ագահությունը սկսվում է այն պահին, երբ մարդ չի բավարարվում իր ունեցածով, աչք է դնում ուրիշի ունեցվածքի վրա և ամեն միջոցի դիմում է, այն գրավելու համար։ Այս պատմվածքով գրողը ցույց է տալիս, որ չգնահատելով այն ամենը, ինչ որ ունես, և ընկնելով մեկ ուրիշի սեփականության հետևից, արդյունքում ձեռք չես բերում նրանը և անգամ կորցնում ես քոնը։

Արտաքնապես թվում է, օրինակ, թե «Ագահության սկիզբը» հեքիաթը ընթերցողին տանում է Ադամ և Եվայի հնամենի օրերը։ Սակայն գաղափարը, որ ընկած է հեքիաթի հիմքում, խփում էր ժամանակի ամենացավոտ լարերին։ Իր գործած մեղքի համար վտարվելով դրախտից, Ադամը ստիպված է լինում ճաշակել աշխատելու դժվարություններն ու ծանրությունը։ Մաճը բռնած վհատորեն քշում էր եզները և ափսոսում, որ մեղանչել է Աստծո առաջ։  Ադամը կորցնում է վեհը, գեղեցիկն ու մարդկայինը տեսնելու կարողությունը։ Նրան սկսում է խեղդել ագահությունը, ընչաքաղցությունը։ Ադամն ուժ չի գտնում զսպելու կրքերը և դառնում է իր ագահության ստրուկը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամի և Եվայի համար շատ դժվար և տխուր էր դրախտից վտարվելուց հետո։ Դրախտում նրանք չէին մտածում ոչ մի բանի մասին և վայելում էին կյանքը, կյանքի բարիքները, իսկ երկրի վրա նրանք պետք է թափեին արյուն և քրտինք, որպեսզի գոյատևեին։ Ադամը արագ շինեց մի գութան, լծեծ եզները և սկսեց տխուր, գլուխը կախ հողը վարել։ Ադամը վերջապես բարձրացրեց իր գլուխը և նայեց շրջապատը, որտեղ ամեն ինչ հրաշալի էր. գեղեցիկ տեսարաններ, կենդանիներ, մեծ տարածք։ Նա հանկարծ երջանկացավ, հասկանալով, որ այդ ամենը իրենն է։ Նա և Եվան միակ մարդիկ էին երկրում, ուրիշ ոչ ոք չէր կարող նրանց խանգարել և իրենց հողերը վերցնել։ Ագահությունը տիրեց Ադամի հոգու վրա։ Բայց հետո, նրա մտքում հայտնվեց մի միտք, որ կարող է գալ ժամանակ, երբ նոր մարդ հայտնվի և նա ցանկանա գրավել իրենց տարածքը։ Այդ միտքը ստիպեց Ադամին վարել հողը ավելի արագ, վախենալով, որ այդ երևակայական մարդը կարող է իրենից շուտ տարածքը գրավել։ Շատ վարելուց և ուժասպառ լինելուց հետո նա որոշեց մի փոքր հանգստանալ, բայց տեսավ մի մարդու հեռվում, ով կանչում էր իրան։ Ադամը նորից սկսեց վարել հողը, մարդը գոռում էր նրա վրա, որպեսզի նա կանգներ, բայց Ադամը ցույց էր տալիս, թե նա չէր լսում։ Անծանոթը կանգնեցրեց նրա եզերին և բողոքեց, որ Ադամը անցել է իր դարպասը։ Ադամը չհնազանդվեց անծանոթի հրամանին և շարունակեց պնդել, որ այդ բոլոր հողը իրենն է և անծանոթը չի կարող նրան կանգնեցնել։ Մարդը այդ բառերը լսելով հարձակվեց Ադամի վրա և սկսեց նրան խեղդել, Ադամը ուրիշ ճար չուներ բացի հանձնվելուց և աղաչեց մարդուն նրան բաց թողնել։ Հետո Ադամը հասկացավ, որ Աստված փորձում էր իրեն։ Աստված անիծեց Ադամին և ամբողջ մարդկությանը անկուշտությամբ։ Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է[3]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստված
  2. Ադամ
  3. Եվա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վազգեն, Սաֆարյան (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ. էջ 232.
  2. Հայ նոր գրականության պատմություն. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. 1972. էջ 270.
  3. Նար Դոս, հատոր առաջին, Երևան, 1968. Երևան: Հայաստան. 1968. էջեր 273_277.