Նենսի Ագաբյան, հայազգի ամերիկացի գրող, ակտիվիստ և մանկավարժ. ներկայումս դասախոսում է Նյու Յորքի համալսարանի Գալաթինի մասնաճյուղում։ Նա ծագումով հայ է, և նրա մանկության մասին հուշերի գիրքը՝ «Me as Her Again: True Stories of an Armenian Daughter, վերնագրով, Jeanne Córdova Prize մրցանակ է շահել «Լեսբիական ոչ գեղարվեստական գրականություն» անվանակարգում։
Ագաբյանը սովորել է Կոլումբիայի համալսարանի Արվեստի դպրոցում[1]։ 2000 թվականին հրատարակել է էսսեների, բանաստեղծությունների և ոչ գեղարվեստական ստեղծագործությունների ժողովածու՝ Princess Freak (Beyond Baroque) վերնագրով[2]։ 2008-ին լույս է ընծայել հուշերի գիրք՝ Me as her again: True Stories of an Armenian Daughter (Aunt Lute Books) խորագրով։ Հուշագրությունն ընդգրկվել է 2009 թվականին Լամբդա գրական մրցանակաբաշխության ոչ գեղարվեստական գրականություն անվանակարգի կարճ ցանկում[3], ներառվել է նաև Վիլյամ Սարոյանի անվան միջազգային մրցանակաբաշխության ներկայացված գործերի կարճ ցանկում[2], իսկ 2021 թվականին արժանացել է Ժաննա Կորդովայի մրցանակին ՝ լեսբիական /Queer ոչ գեղարվեստական գրականության համար[4] 2006 թվականին Նենսին ստացել է Ֆուլբրայթի, իսկ 2012 թվականին՝ Լամբդա գրական կրթաթոշակ հայ ինքնության և պատմության մասին գրելու համար[5]։ Ագաբյանը գրել է «Մեծ և փոքր ազգերի վախը» (Nauset Press) վեպը հայկական սփյուռքի մասին՝ հիմնվելով Ֆուլբրայթ կրթաթոշակն ստանալու ընթացքում կատարած իր հետազոտության վրա։ Վեպն ընդգրկվել է 2016 թ. PEN/Bellwether Prize for Socially Engaged Fiction մրցանակաբաշխությանը ներկայացված ստեղծագործությունների կարճ ցանկում[2]։
Ագաբյանը ստեղծագործական շարադրանք է դասավանդում Նյու Յորքի համալսարանի Գալաթինի անհատականացված ուսումնասիրության դպրոցում և Նյու Յորքի Լեսլի-Լոհմանի անվան գեյական և լեսբիական արվեստի թանգարանում[6]։ Նա նաև աշխատանքներ է տարել Ամերիկայում հայ գրի տարածման և պահպանման ուղղությամբ[6]։