ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ
Ընկերության տեսակ Փակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադիր 1995թ.
Գլխավոր անձինք Հակոբ Անդրեասյան (Գլխավոր գործադիր տնօրեն)
Կարգախոս Միասին դեպի բարեկեցություն
Կայք www.acba.am
Կենտրոնական գրասենյակ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, Հայաստանի Հանրապետությունում գործող ունիվերսալ բանկ է։ Բանկը ներկայացված է ՀՀ բոլոր մարզերում, բոլոր խոշոր քաղաքներում և ավաններում։ Բանկի մասնաճյուղերը թվով 57-ն են։ Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում։ Բանկի գործունեության հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի տնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ խոշորագույն բանկերից է: Ներկայումս բանկը տրամադրում է բազմատեսակ ունիվերսալ բանկային ծառայություններ։

Բանկի ստեղծման պատմությունը[խմբագրել]

Խորհրդային կարգերի փլուզումից հետո գյուղացիական տնտեսություններն ընդունեցին շատ փոքր չափեր, ինչը բարձրացնում էր գյուղացիական տնտեսությունների վարկավորման ռիսկայնությունը։ Դա էր պատճառը, որ բանկերը հիմնականում խուսափում էին վարկավորել գյուղատնտեսության ոլորտը։ ՀՀ կառավարության խնդրանքով ԵՄ ֆինանսավորեց գյուղացիական տնտեսությունների վարկավորման հնարավորությունների ուսումնասիրման ծրագիրը, որին էլ հաջորդեց «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի (անգլ. Agricultural Cooperative Bank of Armenia) հիմնադրումը։ Բանկը ստեղծվեց 1996թ. ԵՄ TACIS (Տեխնիկական օգնություն Անկախ պետությունների համագործակցությանը) ծրագրի շրաջանակներում՝ եվրոպական կոոպերատիվ բանկերի մոդելով։ Բանկի հիմնադրման աշխատանքներին մասնակցություն ունեցան Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը, հոլանդական Rabobank-ը և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունները։ Գործունեության սկզբնական տարիներին բանկը զբաղվում էր միայն կարճաժամկետ գյուղատնտեսական վարկերի տրամադրմամբ։ 1999թ. սկսած բանկի մատուցած ծառայությունները սկսեցին կրել ունիվերսալ բնույթ։ Բանկն առաջինն էր Հայաստանում, որ սկսեց առաջարկել փոքր և միջին բիզնեսի համար վարկեր։ Երկար տարիների արդյունավետ համագործակցությունից հետո աշխարհի խոշորագույն բանկային խմբերից Credit Agricole-ը 2006թ. դարձավ բանկի ամենախոշոր բաժնետերը, ինչից հետո բանկը վերանվանվեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ։

Կառավարման մարմինները[խմբագրել]

Բանկի կառավարման մարմիններն են՝

  • Բաժնետերերի ընդհանուր ժողովը,
  • Բանկի խորհուրդը,
  • Բանկի գլխավոր գործադիր տնօրենը։

Բաժնետերերի ընդհանուր ժողովը բանկի բարձրագույն կառավարման մարմինն է։ Բանկի խորհուրդն իրականացնում է բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը։ Բանկի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Գլխավոր գործադիր տնօրենը։

Բանկի գործադիր մարմինը
Գյուղատնտեսական բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Արսեն Պետրոսյան
Գործառնական կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Նիկոլայ Հովհաննիսյան
Գլխավոր գործադիր տնօրեն
Հակոբ Անդրեասյան
ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Նորիկ Նազարյան
Մանրածախ բիզնեսի գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ
Սեդրակ Ջավադյան

Մատուցած ծառայությունները[խմբագրել]

Բանկն իրականացնում է ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված գործառնություններ։ Բանկն ընդունում է ինչպես ժամկետային, այնպես էլ ցպահանջ ավանդներ, տրամադրում է սպառողական և առևտրային վարկեր, թողարկում և սպասարկում է պլաստիկ քարտեր, թողարկում է միջազգային առևտրի սպասարկման գործիքներ և այլն։
Գյուղատնտեսական վարկերի ծավալներով Բանկն առաջին տեղում է՝ շուկայում ունենալով մոտ 52 տոկոս մասնաբաժին։

Բանկը և գյուղատնտեսությունը[խմբագրել]

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Գյուղատնտեսական Բանկերի Միջազգային Կոնֆեդերացիայի (CICA), Հայաստանի Բանկերի Միության անդամ:

Բանկը գյուղատնտեսական վարկերի պորտֆելի մեծքությամբ առաջինն է ՀՀ բանկային համակարգում:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն[խմբագրել]

Լինելով Հայաստանի խոշոր կազմակերպություններից մեկը՝ բանկը կարևորում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող միջոցառումները և մշտապես իրականացնում այդպիսիք։ 2011թ. Բանկը Հայաստանի մի քանի բնակավայրերում կառուցեց մանկական խաղահրապարակներ, ինչպես նաև մանկակական անկյուններ սեփական մասնաճյուղերում։ 2011թ. հուլիսին բանկն իրագործեց «Կինոթատրոն անիվների վրա» նախագիծը, որի ընթացքում նորագույն սարքավորումներով հագեցած մեքենան շրջեց 5 մարզերում՝ ֆիլմեր ցուցադրելով թվով 28 բնակավայրերում։ Բանկի հովանավորությամբ լուսավորվեցին հայ մեծանուն գործիչներ Վ.Սարոյանի, Կոմիտասի, Մ.Սարյանի և Ալ.Թամանյանի արձանները Երևանում։ Բանկի աշխատակիցները, ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական թևի հետ միասին մաքրեցին Սևանի թերակղզու հարակից տարածքները։ Բանկը նաև հանդիսանում է մի շարք մշակութային միջոցառումների հովանավորը։

Դուստր ընկերություններ[խմբագրել]

«ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունն է ՀՀ-ում։

"ԱԳԲԱ Լիզինգ" ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին։ Ընկերությունն ունի իր ստեղծման նախապատմությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիզինգը հանդիսանում է կարևոր ներդրումային լծակ, ուղղված ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և հիմնական միջոցների մոդեռնիզացմանը, Միջազգային ֆինանսական Կորպորացիան IFC (IFC հանդիսանում է Համաշխարհային բանկի անդամ), իրականացնելով Միացյալ Ազգերի Կազմակերպության համար շուկայի հետազոտություն, ցանկություն էր հայտնել մասնակցել Հայաստանում լիզինգային գործառնությունների իրականացման հնարավորությունների ստեղծմանը։ Հայաստանում մինչ այդ ֆինանսավորման այս տեսակը գոյություն չուներ։ Իրականացվեց հսկայական հետազոտական աշխատանք՝ բացահայտելով վերափոխման կարիք ունեցող օրենսդրական և իրավաբանական դաշտը։ Լինելով մասնակից Լիբանանյան լիզինգային ընկերության ստեղծմանը (LLC) և հետագա գործունեության հաջողության ,IFC-ին դիմում է ԱՄՆ զարգացման միջազգային գործակալությանը (USAID) և 2001թ. գարնանը առաջարկում է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբին դառնալու համափայատեր Հայաստանում լիզինգային ընկերության ստեղծման ծրագրում։

Նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրին տեղական որակյալ գործընկերոջ անհրաժեշտության առկայությանը, որը ծրագրի հաջողության գրավականն էր լինելու։ Միասնական կարծիքով այդպիսի տեղական գործընկեր հանդիսացավ "ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ" ՓԲԸ, որն ուներ հարուստ աշխատանքային գործունեության փորձ և ունակություն լիզինգային գործառնություններ իրականացնելու համար։

Հայաստանի Հանրապետության զարգացման համար այս կարևորագույն ծրագրի մասնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը պատրաստ էր սկսելու իր գործունեությունը։

ՀՀ ԿԲ կողմից 2003թ. ապրիլի 25-ին տրամադրվեց վարկային կազմակերպության թիվ 4 լիցենզիան, և կազմակերպությունը սկսեց իր աշխատանքը։

Մասնաճյուղերը[խմբագրել]

Արմավիր մասնաճյուղ

Բանկն ունի 57 մասնաճյուղ (ներառյալ Բանկի Կնենտրոնական գրասենյակը), որոնցից 16-ը՝ Երևանում, մնացածը` Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև ավելի քան 200 բանկոմատ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
</ref>

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]