Մուրադ Մուրադյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրադ Մուրադյան
մարտի 11, 1996(1996-03-11) (տարիքը 32)
ԾննդավայրՎանաձոր
Մահվան վայրՏավուշի մարզ
ԳերեզմանԵռաբլուր պանթեոն
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումԿապիտան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրիության մեդալ

Մուրադ Տելեմակի Մուրադյան, (մայիսի 12, 1963, Կիրովական, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-ազատամարտիկ, Նիկոլ Դուման կամավորական ջոկատի անդամ, Արցախյան պատերազմի մասնակից:

Կենսագրություն

Մուրադ Մուրադյանը ծնվել է Կիրովական քաղաքում: 1970-1980 թվականներին սովորել և ավարտել է Կիրովականի թիվ 29 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներից Մուրադը զբաղվել է ըմբշամարտով, սովորել է նվագել երաժշտական տարբեր գործիքներ: Տեղեկություններ, նկարներ է հավաքել Եղեռնի, Հայ դատի, բոլոր ժամանակների ազգային-ազատագրական շարժումների վերաբերյալ, ալբոմներ կազմել[1]:

Դպրոցն ավարտելուց հետո որոշել է մեկնել Լենինգրադ, ընդունվել ռազմաբժշկական ակադեմիա՝ իրականություն դարձնելով իր նվիրական երազանքը, բայց, ի վերջո, տեղի տալով ծնողների խնդրանքին՝ Մուրադը հրաժարվել է Լենինգրադ մեկնելու իր որոշումից:

1982-1984 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1987 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետ:

1988 թվականից բժշկական ինստիտուտի՝ Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամ էր: 1990 թվականին կազմակերպել և մի քանի ակտիվիստների հետ ստեղծել է բուժակ-հրաձիգների պատրաստման և մարտական ջոկատների համալրման խմբեր, ապա «Հայկազուններ» մասնաճյուղը: 1991 թվականին անդամագրվել է «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատին, որի կազմում մինչև հրադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:

1996 թվականին ծառայության է անցել Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ:

Զոհվել է 1996 թվականի մարտի 11-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, Տավուշի սահմանամերձ շրջանում:

Պարգևներ

Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Հիշատակ

Սեպտեմբերի 8-ին Երևանի պետական բժշկական համալսարանում բացվել է բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը[2]:

Հայաստանի Լոռու մարզի Ջիլիզայի միջնակարգ դպրոցը անվանվել է Մուրադ Մուրադյանի անունով[3]:

Ծանոթագրություններ

  1. «Եթե Մուրադը կողքիս է, ինձ ոչինչ չի պատահի».
  2. «Բացվեց բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի անվան լսարանը».
  3. «ՋԻԼԻԶԱՅԻ ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ».