Մալխաս Ամոյան
Մալխաս Բիմբաշի Ամոյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | եզդի |
Մասնագիտացում՝ | հունահռոմեական ոճի ըմբիշ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 22, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայաստան |
Հասակ՝ | 168 սմ |
Քաշ՝ | 72 կգ |
Մալխաս Բիմբաշի Ամոյան (ծնվ․ 1999 թ․ հունվարի 22, Երևան), ազգությամբ եզդի հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբշամարտիկ, 67 քաշային կարգում 2018 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն[1], 2017 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։ Հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգան ներկայացնող Իսպրինգեն ակումբում:
Կենսագրություն
Մալխաս Ամոյանը ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երևանում։ Սկսել է զբաղվել հռունահռոմեական ընբշամարտով 2005 թվականից Դինամո մարզահամալիրում, մարզիչներ՝ Համլետ Հովհաննիսյանի և Ազատ Ամոյանի գլխավորությամբ։ Նա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանի եղբորորդին է:
2017 թվականի հուլիսին Դորտմունդ քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով 74 կգ․ քաշային կարգում Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 7:4 հաշվով առավելության հասավ բուլղարացի Կրասիմիր Պլամենով Կրումովի նկատմամբ[2], իսկ նույն տարվա օգոստոսին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությում, 66 կգ քաշային կարգում, եզրափակիչում 3։3 հաշվով զիջելով իրանցի Ամին Վաիյանինեջադին, արժանացավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական փոխչեմպիոնի կոչմանը[3]: 2018 թվականի Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մալխասը երկրորդ տարին անընդմեջ կարողացավ տիրանալ բրոնզե մեդալին [4], 72 կգ․ քաշային կարգում, բրոնզե մեդալի համար պայքարում 9։1 հաշվով, ժամանակից շուտ, առավելության հասնելով, վրացի Նիկոլոզ Չիկաձեի նկատմամբ։ Իսկ ահա նույն տարվա սեպտեմբերին, Սլովակիայի Տրնավա քաղաքում ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Մալխաս Ամոյանը, հանդես գալով 67 կգ քաշային կարգում, եզրափակչում 10։0 հաշվով հաղթանակ տաներով Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի նկատմամբ, հռչակվեց հունահռոմեական ոճի ըմշամարտի աշխարհի երիտասարդական չեմպիոն:
Հունահռոմեական ոռի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Մալխասը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ, նշել էր`
«Նմանատիպ մրցաշարերի ժամանակ չեն լինում թույլ մրցակիցներ, բոլորն էլ գալիս են մեդալի հետևից: Մինչ եզրափակիչ հասնելը 2 ծանր գոտեմարտ անցկացրի ուկրաինացի և թուրք ըմբիշների հետ: Անցյալ տարվա եզրափակչի ձախողումը հիշելով, երբ 3:3 հաշվով պարտվեցի, ուժերս հավաքեցի, ավելի կենտրոնացած գործեցի և կարողացա հաղթել։
Սպորտն իմ լավագույն ուսուցիչն է, այն դաստիարակում է, սովորեցնում: Լավ մարզիկ դառնալու համար առաջին հերթին պետք է լինել լավ մարդ: Հաջողության և հաղթանակի հասնելու համար հարկավոր է ունենալ ցանկություն և նպատակ: Սպորտի շնորհիվ սովորել եմ ամեն գնով հաղթահարել դժվարություններն ու երբեք չընկճվել, երբեք չեմ ցանկացել թողնել սպորտը: Միշտ էլ գնացել եմ նպատակիս հետևից: Հնարավոր չէ միշտ հաղթել: Պատահում են նաև անհաջողություններ, լինում են պարտություններ: Հարկավոր է այդ ամենը հաղթահարելու ուժ և ցանկություն ունենալ: Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է հանդես գալ օլիմպիական խաղերում և հաղթել: Օլիմպիական մեդալն ամենից ցանկալին է: Նշեմ սակայն, որ ամեն մի մեդալ, լինի աշխարհի, Եվրոպայի առաջնությունից կամ որևէ մրցաշարից, անչափ կարևոր է, քանի որ տարիների աշխատանքի արդյունք է:»[5]:
Նվաճումներ
- 2015 թվականի աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր 63 կգ քաշային կարգում[6]
- 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն, 69 կգ․ քաշային կարգում[7]
- 2016 թվականի աշխարհի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր, 69 կգ քաշային կարգում[8]
- 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 74 կգ․ քաշային կարգում
- 2017 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն 66 կգ․ քաշային կարգում
- 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 72 կգ․ քաշային կարգում
- 2018 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն 67 կգ․ քաշային կարգում
Ծանոթագրություններ
- ↑ Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (վիդեո)
- ↑ Հայ ըմբիշները նվաճեցին երկու մեդալ
- ↑ Մալխաս Ամոյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
- ↑ ԵԱ․ Մալխաս Ամոյանը եւ Արարատ Մանուչարյանը՝ բրոնզե մեդալակիրներ
- ↑ Մալխաս Ամոյան. «Հաղթանակիս գործում մեծ ներդրում ունեն իմ մարզիչներն ու հարազատները:
- ↑ Պատանի ըմբիշները 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
- ↑ Մալխաս Ամոյանը հաղթեց Ալբերտ Եղիկյանին ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
- ↑ ՀՀ ըմբիշները ևս երկու բրոնզե մեդալ նվաճեցին աշխարհի պատանեկան առաջությունում