Պուերտա դել Սոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
իսպ.՝ Puerta del Sol
Պուերտա դել Սոլ
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՍոլ և Մադրիդ
Կազմված էTío Pepe advertisement, Madrid?
Միանում էcalle Mayor?, Calle del Correo, Madrid?, calle de Carretas?, Calle de Espoz y Mina, Madrid?, Carrera de San Jerónimo?, Ալկալա փողոց, street of Montera?, Calle del Carmen?, Calle de Preciados? և Calle del Arenal?
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Պուերտա դել Սոլ (անգլ.՝ Puerta del Sol, բառացի` արևային դարպասներ), Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկը: Մայրաքաղաքի ամենանշանավոր տեսարժան վայրերից է: Հնում հրապարակի տեղում գտնվել է Մադրիդը շրջապատող պարսպի մուտքը: Միջնադարյան քաղաքները սովորաբար ունեցել են մեկ գլխավոր հրապարակ, սակայն քաղաքային ամրությունների շուրջ թողել են ազատ տարածքներ տակտիկական զորաշարժի համար: Այդպիսի մի տարածքում` «Արևային դարպասների» մոտ, ժամանակի ընթացքում ձևավորվել է հրապարակը, որ սովորական լայն փողոց է հիշեցնում:

Անվանում

Հրապարակի անվանումը կապված է այն փաստի հետ, որ ժամանակին Ալկալա և Կարերա դե Սան Խերոնիմո փողոցների միջև գտնվել են «Արևի դարպասները»։ Դարպասները կառուցվել էին Կառլոս V կայսեր օրոք։ Պատմաբանները համակարծիք չեն այս տեսակետի շուրջ. որոշ պատմաբաններ կարծում են, որ դարպասի անունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանցից կարելի էր հետևել արևածագին (դարպասը քաղաքի արևելյան մուտքն էր), մյուսները կարծում են, որ դարպասներին պատկերված է եղել արև։

Պատմություն

«Արևային դարպասները» քանդվել են 1521 թվականին, որպեսզի քաղաքի մուտքն ավելի ընդարձակ ու հարմարավետ լինի: Այդպիսով` հրապարակն ընդարձակվել է: Այն զարդարում էին Աստվածահայտնության եկեղեցին, որը կառուցվել էր Աստծո պատվին` ի նշան ժանտախտի վարակից ազատվելու, Սան Ֆիլիպե էլ Ռեալ մենաստանը և հասարակական շքեղ տունը: Սակայն շուտով Կառլոս V թագավորի հատուկ հրովարտակով զվարճանքի հաստատությունը տեղափոխվում է հարևան «Կարմեն» փողոցը[1]: 17-րդ դարում Աստվածահայտնության եկեղեցու դիմաց տեղադրվում է բրոնզե շատրվան, որի բրոնզե դիմակների բերաններից ջրի շիթ էր հոսում: Շատրվանն ամբողջացնում էր Վեներայի քանդակը, որին մադրիդցիները «Մարիբլանկա»` «Սպիտակ Մարիա» անվանեցին: Շուտով շատրվանի շուրջ և վանքի պատերի տակ սկսեց գործել շուկա:

Արտաքին տեսք և տեսարժան վայրեր

Զրոյական կիլոմետրի սալիկը

Պուերտա դել Սոլը ութ փողոցների խաչմերուկում տեղակայված օվալաձև գեղեցիկ հրապարակ է` շրջապատված 18-րդ դարի շինություններով: Կիսալուսնի տեսք ունեցող հրապարակային համալիրը ձևավորվել է 19-րդ դարի վերջին` Իզաբել II-ի ժամանակ: Հրապարակի մայթի բրոնզե սալիկը Իսպանիայի ճանապարհների զրոյական կետն է. Մադրիդը երկրի աշխարհագրական կենտրոնն է, իսկ հրապարակը` քաղաքի[2][3]:

Կառլոս III-ի արձանը

19-րդ դարից պահպանված միակ շինությունը Փոստատունն է, որ կառուցվել է 1761 թվականին: Շենքի աշտարակին տեղակայված ժամացույցների զանգերը ամեն տարի` դեկտեմբերի 31-ին, ազդարարում են Նոր տարվա գալուստը: Այս ժամի հետ է կապված իասպանական ամանորյա մի ավանդույթ` «խաղողի 12 հատիկը», երբ ժամի 12 զանգերի հետ հրապարակում հավաքված մադրիդցիներն ու քաղաքի հյուրերը ուտում են խաղողի 12 հատիկ` 12 երազանք պահելով: Ներկայումս շենքում գործում է Մադրիդի ինքնավար համայնքի կառավարությունը: Շենքի ճակատային մասում փակցված է երկու հուշատախտակ, որոնք հիշեցնում են 1808 թվականի մայիսի 2-ի ժողովրդական ընդվզման և Իսպանիայում խոշորագույն ահաբեկչության` էլեկտրական գնացքի պայթյունի մասին (մարտի 11, 2004):

Հրապարակի կենտրոնում Իսպանիայի թագավոր Կառլոս III-ի արձանն է, իսկ Կարմեն փողոցի անկյունում` Մադրիդի բրոնզե խորհրդանիշը` «Արջը և մաթուզենին» քանդակը: Այս խորհրդանիշի ծագումը բացատրելը դժվար է. այն առաջացել է դեռևս 11-րդ դարում և մինչև հիմա զարդարում է քաղաքի զինանշանը: Այստեղ է գտնվում նաև Գեղարվեստի ակադեմիան:

Հրապարակում է առաջին անգամ տեղադրվել քաղաքում առաջին գազային լամպը, այստեղից է սկսել իր երթուղին առաջին հանրակառքը, ապա նաև տրամվայը: Այս հրապարակում է անցկացվել քաղաքային առաջին լուսավորությունը: Հետագայում Պուերտա դել Սոլ հրապարակից է իր երթևեկությունը սկսել առաջին ավտոմեքենան, որը վարել է նշանավոր ցլամարտիկը, 1919 թվականին հրապարակի տակով անցկացվել է քաղաքային մետրոյի առաջին գիծը[4]:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. MEGATIS. Время входить в «Ворота Солнца»
  2. Мадрид.ру
  3. Официальный географический центр Испании находится в четырнадцати километрах от столицы, геометрический центр города в его современных очертаниях — значительно севернее площади.
  4. Пуэрта дель Соль

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուերտա դել Սոլ» հոդվածին։