Murder Ballads

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Murder Ballads
Nick Cave and the Bad Seeds-ի
Թողարկվածփետրվարի 20, 1996
ԺանրՊոստ փանկ
Տևողություն3523 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլMute Records
ՊրոդյուսերVictor Van Vugt?

Murder Ballads, Nick Cave and the Bad Seeds խմբի իններորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1996 թվականին։ Ներառում է ինչպես ժողովրդական, այնպես էլ հեղինակային «բալլադներ սպանությունների մասին»՝ հանցագործությունների և սպանությունների մասին երգեր, որոնք առավել հաճախ կատարվել են կրքի հողի վրա։ Առավել մեծ ճանաչում է ստացել «Where the Wild Roses Grow» երգը՝ Նիկ Քեյվի և Քայլի Մինոուգի դուետը, որը ARIA Music Awards-ի երկու մրցանակ է ստացել 1996 թվականին։ Ինքը Նիկը առաջադրվել է MTV մրցանակի որպես տարվա լավագույն կատարող, բայց ալիքին ուղղված բաց նամակում հրաժարվել է դրանից։ Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ Nick Cave-ի և Bad Seeds-ի երաժշտությունը յուրահատուկ է, հետևաբար փաստացիորեն ոչ ոք չկա, որի հետ ինքը կմրցակցի[1]։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցած մյուս հայտնի երաժիշտներից են Քեյվի ընկեր Շեյն Մաքգոունը և Պի Ջեյ Հարվին, որի հետ երաժիշտը կարճատև ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել։ Ընդհանուր առմամբ, Murder Ballads-ի երգերի տեքստերում նկարագրվում են 65 մարդու մահ։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Murder Ballads-ը միահամուռ կերպով գովասանքի է արժանացել բազմաթիվ երաժշտական հրապարակումների, ներառյալ Rolling Stone-ի և Entertainment Weekly-ի կողմից։ New York Times–ն ալբոմի մասին ասել է. «Murder Ballads–ն ավելին է, քան պատմությունները։ Յուրաքանչյուր երգում պարոն Քեյվը խնամքով ստեղծում է սարսափելի սյուժե, այնուհետև այն տեղավորում մահվան մեկ կերպարի մեջ»[2]։ Murder Ballads-ը, ըստ Melody Maker-ի, 1996 թվականի 50 լավագույն ալբոմների շարքում գրավել է 16-րդ տեղը, իսկ New Musical Express-ի նույն ցանկում՝ 7-րդ տեղը[3]։

Տեղեկություն երգերի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Song of Joy», պատմություն մի տղամարդու մասին, որն ամուսնացած է Ջոյ անունով մի կնոջ հետ («Ուրախություն»)։ Նրանք ունեն երեք դուստր՝ Հիլդան, Հեյթին և Հոլլին։ Թե՛ Ջոյը, և թե՛ երեխաները դաժանորեն սպանվել են, և նրանց հայրն ու ամուսինը դարձել է թափառաշրջիկ և խնդրում է իրեն թույլ տալ գիշերել։ Սակայն ունկնդիրը կասկածում է, որ պատմողը հենց մարդասպանն է. մարդասպանը պատին թողնում է «Նրա կարմիր աջ ձեռքը» մակագրությունը (անգլ.՝ His red right hand)` մեջբերում Միլթոնի «Կորուսյալ դրախտ» ստեղծագործությունից, իսկ երգի վերջում թափառաշրջիկն ասում է. «Արևն ինձ համար մութ ու լուռ է լուսնի պես» (անգլ.՝ The Sun to me is dark And silent as the Moon), որը նույնպես մեջբերում է Միլթոնի ստեղծագործությունից («Մարտիկ Սամսոն» պոեմ)։ «Կարմիր աջ ձեռքին» նվիրված է Քեյվի մեկ այլ երգ` Let Love In-ից «Red Right Hand»։
  • «Stagger Lee», ժողովրդական երգի վերամշակում իրական մարդասպանի՝ աֆրոամերիկացի Շելթոն Լիի մասին, որը «Ստագեր» մականունով կավատ էր և սպանել է իր մրցակցին 1895 թվականին։ Նրա մասին բալլադ ստեղծվել է դեռ 1920-ականներին։
  • «Henry Lee», մի քանի ժողովրդական բալլադների թեմայով վերամշակում մի կնոջ մասին, որն սպանում է իր սիրելիին, քանի որ նա պատրաստվում է լքել իրեն կամ հեռանալ։ Երգը ձայնագրվել է Պի Ջեյ Հարվիի հետ զուգերգով, և դրա հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։
  • «Lovely Creature», ներկայացնում է սիրո որոնման և այն կորցնելու վերացական պատմություն։ Երգի հերոսը հանդիպում է «կանաչ ձեռնոցներով և մազերի մեջ ժապավեններով» աղջկա, նրան տանում տարօրինակ անապատ՝ դեպի «բուրգեր ու սֆինքս» և այնտեղ սպանում։
  • «Where the Wild Roses Grow», ըստ Նիք Քեյվի, ոգեշնչված է ժողովրդական «Ուռենիների այգի» («The Willow Garden») բալլադից։ Սա դասական «բալլադ է սպանության մասին», որտեղ փեսան սպանում է իր սիրելիին «այնտեղ, որտեղ աճում են վայրի վարդերը»։ Այս երգի ևս մեկ տարբերակ կա, որը թողարկվել է B-Sides & Rarities հավաքածուում։ Այդ տարբերակում Մինոուգ հատվածները կատարում է Bad Seeds–ի կիթառահար Բլիքսա Բարգելդը։ Այս երգը համերգների ժամանակ կատարելիս Բլիքսան երգի տեքստը կարդացել է թղթից՝ դրանով իսկ ընդգծելով, որ ինքը «Էլայզա Դեյը» չէ։ 2012 թվականին ստեղծվել է երրորդ տարբերակը՝ «Where the Wild Roses Grow», որը Քեյվը և Մինոուգը ձայնագրել են վերջինիս Abbey Road Sessions ալբոմի համար։ Նվագախմբային տարբերակը շատ ավելի տխուր է, քան ռոմանտիկ բնօրինակը։
  • «The Curse of Millhaven», պատմություն Միլհեյվեն փոքր քաղաքը ցնցած մի շարք տարօրինակ և դաժան հանցագործությունների մասին, որը պատմում է 14-ամյա մի աղջիկ՝ Լորետան, որն ունի «կանաչ աչքեր և դեղին մազեր»։ Կենդանի մնացած տիկին Կոլգեյթի շնորհիվ պարզվում է, որ բոլոր սպանությունները կատարել է հենց ինքը՝ Լորետան։ Միլհեյվեն քաղաքը հեղինակը վերցրել է Փիթեր Սթրաուբի «Կապույտ վարդ» վիպակից։
  • «The Kindness of Strangers», պատմություն մի երիտասարդ աղջկա՝ Մերի Բելոուզի մասին, որը հեռանում է իր հայրենի քաղաքից՝ Արկանզասից և հանդիպում մի հմայիչ, բայց կասկածելի երիտասարդի՝ Ռիչարդ Սլեյդին։ Ռիչարդն սպանում է Մերիին, բայց ինքն է մեղավոր դրա համար, որովհետև հուսահատությունից և միայնությունից նա բաց է թողնում դուռը և նրան թույլ տալիս ներս մտնել։
  • «Crow Jane», բլյուզ ոճով հայտնի երգի անուն, բայց Քեյվի տարբերակն ամբողջությամբ օրիգինալ է։ Այն պատմում է մի աղջկա մասին, որը ենթարկվում է խմբային բռնաբարության, որից հետո զենք է գնում և սպանում իրեն անպատվածներին։
  • «O’Malley’s Bar», պատմություն մի մարդու մասին, որը գնում է բար և սպանում իր հարևաններին, ինչպես նաև բարի սեփականատիրոջը, նրա կնոջը և դստերը։ Իրադարձությունները ներկայացվում են մարդասպանի տեսանկյունից, որը բացահայտորեն հիանում է իրենով և իրեն երևակայում է որպես դև ու գերմարդ։ Երբ բարը շրջապատվում է ոստիկանության կողմից, հերոսը որոշում է ինքնասպան լինել, բայց արդյունքում դուրս է գալիս վեր բարձրացած ձեռքերով։ Երգի իրադարձություններին դժվար է հետևել, քանի որ այն տևում է ավելի քան 14 րոպե։

Կոմպոզիցիաների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն Հեղինակ
1. Song of Joy 6:47 Քեյվ
2. Stagger Lee 5:15 Ժողովրդական ստեղծագործություն Nick Cave-ի և Bad Seeds-ի մշակմամբ
3. Henry Lee 3:58 Ժողովրդական ստեղծագործություն Քեյվի մշակմամբ
4. Lovely Creature 4:13 Բարգելդ, Քեյսի, Քեյվ, Հարվի, Ուայդլեր
5. Where the Wild Roses Grow 3:57 Քեյվ
6. The Curse of Millhaven 6:55 Քեյվ
7. The Kindness of Strangers 4:39 Քեյվ
8. Crow Jane 4:14 Քեյսի, Քեյվ
9. O’Malley’s Bar 14:28 Քեյվ
10. Death Is Not the End 4:26 Բոբ Դիլան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NICK CAVE LETTER TO MTV». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. New York Times, 2.11.1996, стр. 30
  3. Melody Maker End Of Year Critic Lists — 1996

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]