Ֆելիքս Ահարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆելիքս Ահարոնյան
Ծնվել էմայիսի 23, 1952(1952-05-23) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Գերմանիա[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ
Մասնագիտությունֆիզիկոս
ԱնդամությունՀՀ ԳԱԱ և Իռլանդիայի թագավորական ակադեմիա

Ֆելիքս Ալբերտի Ահարոնյան (մայիսի 23, 1952(1952-05-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Ահարոնյանը ծնվել է 1952 թվականի մայիսի 23-ին Երևանում[2]։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, որտեղ էլ 1975 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 1979 թվականին՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1979-1991 թվականներին աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում որպես կրտսեր, ավագ, այնուհետև առաջատար գիտաշխատող։ 1987 թվականին արժանացել է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի (միջուկային և մասնիկային ֆիզիկայի գծով)[3]։ 1993-2006 թվականներին եղել է Հայդելբերգի Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (MPI-K) բարձր էներգիաների աստղաֆիզիկայի տեսության խմբի ղեկավար։ 2006 թվականին մինչ այժմ դասավանդում է Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտում (DIAS) և Աստղամասնիկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի կենտրոնի (CAPPA) տնօրենն է[4]։

Զբաղվել է աստղամասնիկային ֆիզիկայով, տիեզերաբանությամբ, տեսական ֆիզիկայով։ Ահարոնյանի գիտական աշխատանքները նվիրված են գամմա ճառագայթների աստղագիտությանը, ռենտգենյան և նեյտրինային աստղագիտությանը, ինչպես նաև տիեզերական ճառագայթներին[5]։ 2005 թվականին ստացել է Հայաստանի նախագահի մրցանակ[6], 2006 թվականին արժանացել է Եվրոպական միության Դեկարտի անվան մրցանակի, իսկ 2010-ին՝ Ամերիկյան աստղագիտական ընկերության Ռոսսիի անվան մրցանակին։ 2014 թվականին Իգոր Կարաչենցևի և Բրենթ Թալինի հետ միասին արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին[7][8][9]։

Եղել է բազմաթիվ միջազգային գիտական հանձնաժողովների և միությունների անդամ, ունեցել է բազմաթիվ հրավիրված դասախոսություններ աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում, կազմակերպել է մի քանի միջազգային գիտաժողովներ և հանրային դասախոսություններ։ Ունի մոտ 350 գիտական հոդվածներ միջազգային գրախոսվող ամսագրերում, ինչպես նաև 3 աստղագիտական գրքերի հեղինակ է։ 2006 թվականին ընտրվել է MPI-K ինստիտուտի արտասահմանյան պատվավոր անդամ, 2008 թվականին՝ Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ[10], իսկ 2012 թվականին՝ Իռլանդիայի թագավորական ակադեմիայի անդամ։

Ապրում է Գերմանիայում[11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պողոսյան մրցանակ (2005)[12]
  • Եվրոպական միության Դեկարտի անվան մրցանակ (2006)
  • Ամերիկյան աստղագիտական ընկերության Ռոսսիի անվան մրցանակ (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://futurearmenian.com/hy/signatories/?tab=full-list&country=Germany
  2. «Ծնվել է հայազգի ֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանը». nt.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Агаронян Феликс Альбертович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  4. LLC, Helix Consulting. «Լրանում է հայազգի ֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանի 60-ամյակը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  5. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Hayastan All Armenian Fund - Հայաստանի նախագահի 2005 թվականի մրցանակ։ Հայաստան, Երևան». www.himnadram.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Առաջին անգամ հայ գիտնականն արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  8. «VIKTOR A. AMBARTSUMIAN'S DESCENDANTS». va-fund.aras.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  9. «Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն այս տարի կկիսեն հայ, ռուս և ամերիկացի գիտնականները». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  10. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  11. «Նախաձեռնողներ • The Future Armenian». futurearmenian.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  12. «Ֆելիքս Ահարոնյան».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]