Ֆաշոդայի ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆաշոդայի ճգնաժամ 1898 թ. տեղի ունեցած միջադեպ Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միշև, որն առաջացել է Եգիպտոսում գերիշխելու համար պայքարում։

Առիթ է ծառայել ֆրանսիացի կապիտան Մարշանի ջոկատի կողմից Նեղոսի վերին հոսանքում գտնվող Ֆաշոդա (այժմ՝ Կոդոկ) ավանի զավթումը։ Մեծ Բրիտանիան պահանջեց ֆրանսիականա ջոկատը հանել Ֆաշոդայից։ Մերժում ստանալով՝ Անգլիան ձեռնամուխ եղավ Ֆրանսիայի դեմ ռազմական պատրաստությունների։ Պատրաստ չլինելով ծովային պատերազմի և երկյուղելով Եվրոպայում Ֆրանսիայի դիրքերի թուլացումից՝ ֆրանսիական կառավարությունը հարկադրված էր զիջել։

1898 թվականի նոյեմբերի 3-ին ֆրանսիական կառավարությունը որոշեց Ֆաշոդայից դուրս բերել Մարշանի ջոկատը։ 1899 թվականի մարտի 21-ի անգլո-ֆրանսիական համաձայնությամբ Ֆրանսիան ճանաչեց Անգլիայի իրավունքները Նեղոսի հովտում, իսկ Անգլիան՝ Ֆրանսիայի իրավունքները Սուդանի արևմտյան մարզերում։ Համաձայնությունն ավարտեց Կենտրոնական Աֆրիկայի բաժանումը գաղութային տերությունների միջև։

Ֆաշոդայի ճգնաժամը Աֆրիկայի բաժանման համար անգլո-ֆրանսիական գաղութային պայքարի բարձրակետն էր։ Գերմանիայի աճող սպառնալիքի պայմաններում երկրորդ պլան մղվեցին անգլո-ֆրանսիական հակասությունները և հող նախապատրաստվեց Անտանտի ստեղծման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png