Ֆաշիզմի զոհերի հուշահամալիր (Շախտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաշիզմի զոհերի հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն

Ֆաշիզմի զոհերի հուշահամալիր (ռուս.՝ Мемориал жертвам фашизма), հուշարձան ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ է № 6101333000 կոդով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախտի քաղաքը Հայրենական մեծ պատերազմի տարիներին 1942 թվականի հուլիսի 22-ից մինչև 1943 թվականի փետրվարի 12-ը զավթված է եղել գերմանական զորքերի կողմից։ Ֆաշիստները սկսել էին քաղաքում իրենց կարգերը հաստատել, սակայն քաղաքացիները դիմադրում էին։ Զավթիչները ցանկանում էին արագ վերականգնել քաղաքի ածխարդյունաբերությունը, սակայն հանքափորները ակտիվորեն դիմադրում էին։ Այդ ժամանակ ֆաշիստները սկսեցին ձերբակալել հանքափորների ամբողջ ընտանիքներ։ Նրանց եղբայրական գերեզման դարձավ Կրասինի անվան ածխահանքի հետախուզահորը։ Քաղաքացիներին բերում էին հատուկ կահավորված հարթակ և գնդակահարում, շատերին էլ ողջ նետում էին հանքահորը։

1942 թվականի հոկտեմբերի 5-ին ձերբակալվեց Շախտիի ընդհատակի ղեկավարներից մեկը` Իվան Կլիմենկոն։ Ֆաշիստները նրան մոտեցրին հանքահորին, որ գնդակահարեն։ Բայց նա հպարտորեն ասաց զավթիչներին. «Միևնույն է, հաղթելու է Կարմիր բանակը»։ Իվան Կլիմենկոն բռնել է ֆաշիստին և նրա հետ նետվել հանքը։ Նույն սխրանքը գործել է նաև ընդհատակի գործիչ Օլգա Մեշկովան։ 1942 թվականի ձմռանը նա գաղտնի եկել է տուն` երեխաներին այցելելու նպատակով։ Սակայն նրան հետևել և բռնել են գեստապոյականները։ Գնդակահարությունից առաջ գեստապոյականներից մեկը ցանկանել է հանել Օլգայի գլխի թաշկինակը։ Սակայն Օլգան բռնել է ֆաշիստին և նրա հետ նետվել հանքը։ Այժմ նրա անունով է կոչվում Հոկտեմբերյան հեղափոխության ավանի մշակույթի պալատը (Միխայլովի փողոց, 23)։

Օկուպացիայի ընթացքում Կրասինի անվան ածխահանքի հետախուզահորը նետվել են ավելի քան 3500 քաղաքացիներ։

1943 թվականի մարտի 10-ին որոշում է կայացվել Շախտիի հայրենասերների հիշատակը հավերժացնելու մասին։ Ողբերգական իրադարձությունների վայրում` Կրասինի անվան ածխահանքի հետախուզահորի մոտ, տեղադրվել է ֆաշիզմի զոհերի առաջին հուշարձանը։ Դա եղել է աստղով փայտե բուրգ։ 1959 թվականին նրա տեղում հայտնվեց կոթող (հեղինակ` Ս. Ֆ. Կոմարով), իսկ 1975 թվականին, Հաղթանակի 30-ամյակի առթիվ, կառուցվել է Ֆաշիզմի զոհերի հուշահամալիրը։ Անմար կրակը վառելու իրավունքը տրվել է Օլգա Մեշկովայի դստերը` Ա. Սիդելնիկովային, և շախտեցի ընդհատակյա գործիչ Ն. Գուդկովի որդուն` Նիկոլայ Գուդկովին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի կենտրոնում սգացող հանքափորի 8-մետրանոց քանդակն է, որը գտնվում է երկու կոթողի արանքում։ Կոթողները խորհրդանշում են ածխահանքի տերիկոնը։ Հանքափորի ձեռքին Անմար կրակի ջահն է, որը բարձրացված է վեր։ Արձանախմբից ձախ թաղման պատն է։ Նրա խորշերում հանքափորների սաղավարտներ են։ Այստեղ է նաև ֆաշիզմի զոհերի հիշատակի տապանաքարը, որը պատրաստված է սև լաբրադորիտից։ Հուշակոթողի նեղինակներն են ռոստովցի ճարտարապետ Ռ. Ա. Մուրոդյանը և քանդակագործ Ի. Ի. Ռեզնիչենկոն։ Ֆաշիզմի զոհերի հուշահամալիրը Արևելյան Դոնբասի տարածաշրջանի ամենամեծ եղբայրական գերեզմաններից մեկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ОБЕЛИСК НА МЕСТЕ, ГДЕ В ГОДЫ ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЫ НЕМЕЦКО-ФАШИСТСКИМИ ЗАХВАТЧИКАМИ СБРАСЫВАЛИСЬ В СТВОЛ ШАХТЫ ЖИТЕЛИ (10000 ЧЕЛ.)». Վերցված է 2017 Փետրվար 28-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ершова, Н. Опалённые огнём войны: [мемориал жертвам фашизма в пос. им. Красина]/ Н.Ершова // Шахтинские известия. — 2007. — № 85 (5 мая.). — С. 2.
  • Захаров, А. Вечная слава героям: [открытие мемориала жертвам фашизма на шахте им. Красина]/ А.Захаров // Ленинское знамя. — 1975. — 10 мая. — С. 2.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]