Ֆամ Վան Դոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆամ Վան Դոնգ, 1954 թ. լուսանկար

Ֆամ Վան Դոնգ ( վիետնամերեն՝ Phạm Văn Đồng; մարտի 1, 1906 - ապրիլի 29, 2000), վիետնամական քաղաքական և պետական գործիչ։

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սովորել է Հանոյի քոլեջում։ Պատանի հասակից մասնակցել է հեղափոխական պայքարին։ 1925 թվականին մտել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերության մեջ։ 1930-ից Վիետնամի կոմունիստական կուսակցության անդամ։ 1929 թվականին ֆրանսիայի գաղութային իշխանությունների կողմից ձերբակալվել և դատապարտվել է 10-ամյա բանտարկության։ 1936-ին Ֆրանսիայում ժողովրդական ճակատի կառավարության իշխանության գլուխ անցնելուց հետո ազատվել է բանտից։ 1941-ին Վիետնամի անկախության համար պայքարի լիգայի (Վիհամին) կազմակերպիչներից էր։

1941 - 1945 թթ. մասնակցել է Հյուսիսային Վիետնամում հեղափոխական բազաների ստեղծմանը։ 1945-ին՝ Վիետնամի ազատագրության ազգային կոմիտեի անդամ, Օգոստոսյան հեղափոխությունից (1945) հետո՝ մինիստր ՎԴՀ-ի ժամանակավոր կառավարության կազմում։ 1946 - 49-ին եղել է կոմկուսի ԿԿ-ի և ՎԴՀ-ի կառավարության հատուկ ներկայացուցիչը Կենտրոնական Վիետնամում։

1949 - 1955 թթ. ՎԴՀ-ի պրեմիեր մինիստրի տեղակալ, միաժամանակ 1954-ի օգոստոսից՝ արտաքին գործերի մինիստր։ 1955-ի սեպտեմբերից՝ ՎԴՀ-ի պրեմիեր մինիստր և միաժամանակ (մինչև 1961-ը) արտաքին գործերի մինիստր։ 1976-ի հուլիսից՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության պրեմիեր մինիստր, 1981-86 թթ.՝ ՎՍՀ-ի Մինիստրների խորհրդի նախագահ։ 1951 թվականից՝ Վիետնամի աշխատավորների կուսակցության ԿԿ-ի քաղբյուրոյի, 1976-ից՝ Վիետնամի կոմկուսի ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png