Վիչեն Օրմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիչեն Օրմանյան
Ծնվել էփետրվարի 21, 1844(1844-02-21)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էդեկտեմբերի 3, 1889(1889-12-03) (45 տարեկան)
Մասնագիտությունբժիշկ և հոգեբույժ

Վիչեն Օրմանյան (փետրվարի 21, 1844(1844-02-21), Կոստանդնուպոլիս - դեկտեմբերի 3, 1889(1889-12-03)), հայ հոգեբույժ։ Օսմանյան բժշկական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիչեն Օրմանյանը ծնվել է 1844 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է Գատըգեղի ֆրանսիական Լաբլանշի վարժարանում։ 1863-1865 թվականներին Հռոմում ուսանել է փիլիսոփայություն։ Այնուհետև սովորել է Սաբեէնցա համալսարանում, որտեղ 1872 թվականին ստացել բժշկության ու վիրաբուժության դոկտորի վկայական։ Հետագայում մասնագիտական հմտությունները կատարելագործել է Փարիզի ու Լոնդոնի բժշկական համալսարաններում ու հիվանդանոցներում։ 1873 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, Սուրբ Հակոբ հիվանդանոցում աշխատել որպես բժշկապետ, միաժամանակ՝ վերատեսուչ և հոգաբարձության ատենապետ։ Նույն շրջանում ընտրվել է երեսփոխության և քաղաքային ժողովի անդամ։ 1879 թվականի հոկտեմբերի 28-ին ավագ եղբոր՝ Մաղաքիա վարդապետ Օրմանյանի գլխավորությամբ եղել է Ազգային Պատրիարքարանի հետ միացողներից մեկը։ 1879-1889 թվականներին եղել է Սուրբ Փրկիչ հայոց ազգային հիվանդանոցի բժշկապետ։ Այդ ընթացքում հիվանդանոցը, հանձին նրա, ունեցել է մեկ բժիշկ, ով վարել է նաև վիրաբուժական և հոգեբուժական (հիմարաբուժական) բաժանմունքները ևս։ 1883-1886 թվականներին հիվանդանոցի հոգաբարձության քառամյա տեղեկագրում դոկտոր Օրմանյանի պատրաստած «Հիվանդների մասը» 104 մեծադիր էջ է զբաղեցնում։ Այն գիտական կարևորություն ունեցող մի գործ է, որը ներառում է վիճակագրական ցուցակներ, շահեկան խորհրդածություններ հիվանդանոցի և նրա բաժանմունքները կազմող, այն ժամանակվա տերմինաբանությամբ՝ «Հիմարանոցի» ու «Ապուշանոցի» մասին։ Այդ տեղեկագիրը օրինակ է դարձել հաջորդների համար։

Օրմանյանը հայ իրականության մեջ առաջինն է, որ ստեղծել է հոգեկան հիվանդություններին նվիրված ուսումնասիրություններ, գրի է առել հիվանդների բուժական ու հոգեկան կյանքին վերաբերող սեփական դիտարկումներն ու խորհրդածությունները։ Ազգային շրջանակներում վարել է Պեյօղլուի Թաղականության, վարժարանների հոգաբարձության և երեսփոխանական պաշտոններ։ Որոշ ժամանակ պետական պաշտոն է վարել զինվորական հիվանդանոցներում[1][2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1889 թվականի դեկտեմբերի 3-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ բժիշկներն ու դեղագործները Օսմանյան կայսրությունում (19-րդ դարի կեսեր, 20-րդ դարի սկիզբ)(չաշխատող հղում)
  2. «Առաջին հայ հոգեբույժը». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002։