Ստուպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստուպա

Ստուպա (սանսկր., स्तूप, stūpa), գմբեթաձև շինություն, որտեղ պահպանվում են բուդդայական մասունքներ, մասնավորապես մահացածների մոխիրը: Այս տեղն օգտագործվում է մեդիտացիայի համար:

Stūpa բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է գագաթ: Այն իրենից ներկայացնում է գնդաձև շինություն առանց ներսում տարածքի: Ճարտարապետությունը կարող է տարբերվել երկրից երկիր, սակայն հիմնական մասերը մնում են անփոփոխ. Հիմք, աստիճան, գմբեթ, սայր, տանիք: Ընդ որում դրանց մեկնաբանությունը տարբեր է լինում: Համաձայն մեկի դրանք նույնացվում են տարերքների հետ (հող, ջուր, կրակ, օդ): Նաև հայտնի է մեկնաբանություն, համաձայն որի այդ մասերը ներկայացնում են հոգևոր մաքրվածության աստիճանը. հիմքը դա մթագնած ուղեղն է, հաջորդ աստիճանը ճանապարհի սկիզբն է, սայրը բոդհիսատվայի վիճակն է (մարդու որոշումը դառնալ Բուդդա հանուն մարդկության բարօրության), իսկ գմբեթը` մաքրության գերագույն մակարդակը` Բուդդայի վիճակը:

Պատմություն [խմբագրել]

Երկրային կյանքի ավարտից հետո Բուդդայի մարմինն այրվեց ու բաժանվեց 8 մասերի, որոնք ուղարկվեցին տարբեր երկրներ որպես մասունք: Մ.թ.ա. III դարում Սանչի գյուղում կառուցվեց աշխարհում առաջին ստուպան (մասունքների դամբարանը): Մ.թ.ա. II դարում Աշոկ արքայի օրոք մոխիրի 8 մասերը վերաբաժանվեցին ավելի փոքր մասնիկների, ու ևս 84 հազար ստուպաներ կառուցվեցին: Հնդկաստանում ստուպան հայտնի է «պագոդա» անվամբ, իսկ Շրի Լանկայում` դագոբա:

Դագոբան բուդդայականության կարևորագույն խորհրդանիշերից է. նրա աղյուսե հիմքը նույնացվում է աշխարհի առանցքի կամ Մերու լեռան հետ: Նրա կենտրոնում հախճապակյա անոթի մեջ պահվում են Բուդդայի մասունքները: Գմբեթն ասոցացվում է երկնային տարածության հետ: Դագոբաները կառուցվում էին այն տեղերում, որտեղ տարածված էին ժողովրդական հավաքները: Դրանք զարդարած էին քանդակներով ու զարդանախշերով: Ամենատարածված պատկերների շարքում առավել տարածված էին նրանք, որ պատկերում էին Գաուտամայի ծնունդը, նրա վերածնունդը Բուդդայի տեսքով, աշխարհով թափառելու տեսարանները և «բացահայտման ծառը» (որի տակ Գաուտաման առաջին անգամ գիտակցեց իր նշանակությունը):


Վաղ բուդդիստական մշակույթում ընդունված չէր պատկերել Բուդդայի դեմքը, ինչի պատճառով գեղանկարիչները դիմում էին տարբեր հնարքների: Միայն մ.թ. 1 դարում Հնդկաստանում, Միջին ու Կենտրոնական Ասիայում հայտնվեց շենքերի կամ նկարների վրա Բուդդային պատկերելու ավանդույթը: Ըստ որոշ աղբյուրների` այս ավանդույթն իրենց հետ բերեցին հույն գեղանկարիչները, որոնք տարածաշրջանում հայտնվել էին Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ:

Տարբեր դագոբաների վրա կարելի է հանդիպել Բուդդային երեք տեսքով` նստած, կանգնած ու պառկած: Նստած Բուդդան մարմնավորում է մեդիտացիան ու լուսավորության վիճակը: Կանգնած Բուդդան գիտելիք ու լուսավորություն է տանում մարդկանց: Պառկած դիրքը ներկայացնում է մահամերձ Բուդդային` կողքի վրա պառկած, ձեռքը գլխի տակ: Նրա մահիճը շրջապատում են բազմաթիվ վանականներ ու աշխարհիկ դեմքեր:


Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg