Սումբար, սակավաջուր գետ Թուրքմենստանում և Իրանում, վերին հոսանքում ձևավորում է այս երկրների սահմանային հատվածամասը, Աթրեկ գետի աջ և ամենախոշոր վտակը։ Սումբարի երկարությունը 245 կմ է, ավազանը՝ մոտ 8300 կմ²[1]։
Գետի ակունքը գտնվում է Կոպետդաղի լեռներում, Դայնեսու և Կուլունսու գետերի միախառնման տեղում, երկրների սահմանագծին։ Ստորին հոսանքում տարեկան 2-5 ամիս գետը պարբերաբար ցամաքում է։ Սնուցումը առավելապես անձրևային և գրունտային է։ Խոշորագույն վտակը Չանդիր գետն է։ Սումբարի ջրերը 19-րդ դարի վերջերից օգտագործում են մերձակա հողատարածքները ոռոգելու համար, որի արդյունքում այն մինչև Աթրեկ չի հասնում։ Սրա հետ կապված Աթրեկն ինքը հազվադեպ է հասնում Կասպից ծով։ Սումբարի հովիտը հին ժամանակներից ի վեր հայտնի է որպես մերձարևադարձային այգեգործության օազիս, այն ամենատաք տարածքն է ոչ միայն Թուրքմենստանում, այլ նաև նախկին խորհրդային Միջին Ասիայում՝ ընդհանրապես։ Սումբարի ավազանին բնորոշ է իրանական մերձարևադարձային տիպի շատ մեղմ ձմեռը։ Այստեղ կլիման մեղմում են Կասպից ծովի հարավային, ավելի տաք և ավելի խորը հատվածները, ինչպես նաև օազիսը հյուսիսային սառը քամիներից պաշտպանող Կոպետ Դաղ լեռնաշղթան։ Որպես հետևանք, Կարա կալայում (Մահտումկուլի) միջին ջերմաստիճանը հունվարին հասնում է Միջին Ասիայի համար ռեկորդային բարձր նիշի՝ + 4,2°, ինչը մոտավորապես համապատասխանում է Միսխորի միջին հունվարյան ջերմաստիճանին[2]։