Սերրա դու Պարդու ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերրա դու Պարդու ազգային պարկ
Parque Nacional da Serra do Pardo
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊարա
Հիմնվել էփետրվարի 17, 2005
Մակերես4454 կմ² և 445 395 հեկտար
ԲԾՄ172 մետր
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սերրա դու Պարդու ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Սերրա դու Պարդու ազգային պարկ

Սերրա դու Պարդու ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra do Pardo), ազգային պարկ Պարա նահանգում, Բրազիլիա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերրա դու Պարդու ազգային պարկը բաժանված է Սան Ֆելիս դու Շինգու (51.28%) և Ալտամիրա (48.72%) մունիցիպալտետների միջև՝ Պարա նահանգում[1]։ Ընդգրկում է 445408 հա տարածք[2]։ Պարկի անունը ծագել է լեռնաշղթայի անունից, որը ձգվում է Պարդու գետի երկայնքով[1]։ Լեռները սովորաբար ունեն 400-546 մետր բարձրություն[3]։ Պարդու գետը գտնվում է պարկի հյուսիսարևմտյան սահմանում[1]։

Հյուսիսից պարկին սահմանակցում է Ռիո Շինգու արդյունահանող արգելոցը։ Արևմուտքից ու հարավից Սերրա դու Պարդուն միավորում է Տրիունֆու դու Շինգու բնապահպանական տարածքը։ Հյուսիս-արևմուտքից նրան կցված է Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը, իսկ արևելքից` շրջափակված է Շինգու գետով։ Պարկը Տերրա դու Մեյու Մոզայիկի մի մասն է կազմում, որը պաշտպանված տարածքների խմբավորում է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկն օգտագործվել է կաուչուկի արդյունահանման համար մինչև 1950-ականների ճգնաժամը։ Այնուհետև այս տարածքը գրավեցին գաղթականները[1], որոնք փայտանյութ էին արդյունահանում, իսկ հետագայում այն օգտագործվեց որպես արոտավայր՝ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Տարածաշրջանը եղել է անտառահատման և հողերի սեփականության իրավունքի խնդիրների լուծման ասպարեզ[4]։ Այնուամենայնիվ, պարկը դեռ պահպանում է իր բնական բուսականության 95%-ը[1]։

Սերրա դու Պարդու ազգային պարկը ստեղծվել է 2005 թվականի փետրվարի 17-ին դաշնային հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Ազգային պարկ ստեղծելով՝ վերջինս Բրազիլիայի շրջակա միջավայրի և վերականգնվող բնական պաշարների ինստիտուտի ու Անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ իրականացրեց մի շարք գործողություններ, ինչի արդյունքում ֆերմերները զրկվեցին սեփականությունից, և տեղից հեռացվեցին խոշոր եղջերավոր անասունները[1]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[5]։ Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, իսկ կառավարման ծրագիրը հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին։

Նպատակներ և սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը, նպաստել գիտական հետազոտությունների և կրթական գործունեության զարգացմանը, ինչպես նաև ռեկրեացիային և բնապահպանական զբոսաշրջությանը[3]։ Պարկում հանրային այցը թույլատրվում է։ Կաուչուկ արդյունահանող որոշ ավանդական համայնքներ դեռևս ապրում են այստեղ։ Պարկին սպառնացող վտանգներից են անտառահատումը, խոշոր եղջերավոր անասունները, անօրինական հանքարդյունաբերությունն ու ենթակառուցվածքային նախագծերը[1]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմաստիճանը տատանվում է 20-ից մինչև 40 °C[3]։ Այն գտնվում է Ամազոն բիոմում և ընդգրկում է բաց նախալեռնային խոնավ անտառները, խիտ նախալեռնային անտառները և սերրադո դաշտերը։ Ազգային պարկը գտնվում է Շինգու և Տապաժոս գետերի միջև, որտեղ հանդիպում են էնդեմիկ տեսակներ։ Թռչուններից անհետացման եզրին են պենելոպը (Penelope pileata) և ճնճղուկանմանների որոշ տեսակներ՝ Synallaxis cherriei և Anodorhynchus hyacinthinus[1]։ Պարկում պաշտպանված տեսակներից են յագուարը (Panthera onca) և մեծ ջրասամույրը (Pteronura brasiliensis)[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 PARNA da Serra do Pardo – ISA
  2. 2,0 2,1 «Parna da Serra do Pardo – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 Unidade de Conservação ... MMA
  4. Brazil protects millions of hectares of Amazon – WWF
  5. Full list: PAs supported by ARPA

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերրա դու Պարդու ազգային պարկ» հոդվածին։