Ռադիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիկա
Բնութագիր
Երկարություն70 կմ
Ավազանի մակերես665 կմ²
Գետաբերանի տեղակայումՍև Դրին
Կոորդինատներ
Հոսող հոսքերQ29033817?, Adžina River?, Brodečka? և Štirovica River?

Ռադիկա (մակեդոներեն՝ Радика), գետ Մակեդոնիայի Հանրապետությունի արևմուտքում և Կոսովոյի հարավում, Սև Դրին գետի աջ վտակը։ Ձևավորվում է Ցրնի Կամեն և Չաֆա Կադիս գետերի միախառնումով։

Հենց Ռադիկա գետի երկարությունը կազմում է 52 կմ, բայց եթե այն չափեն ամենաերկար վտակի՝ Ցրնի Կամեն վտակի հետ միասին, ապա Ռադիկայի երկությունը կկազմի 70 կմ։

Վտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրնի Կամենը (Սև քար) սկիզբ է առնում Վրացայի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից, Շար Պլանինա լեռան հարավային լեռնաճյուղավորումից, Վրացա գագաթի (2582 մ) ստորոտից։ Ցրնի Կամենը սկզբում Գորա շրջանով հոսում է արևմուտք, շրջանցում Վրացային և կտրուկ թեքվում է հարավ, միախառնվում է Չաֆա Կադիս գետի հետ։

Չաֆա Կադիսը սկիզբ է առնում Վրացա լեռնաշղթայի հարավային և Մանգուլովա Կուլա լեռների հյուսիսային լանջերից, ինչպես նաև Շար Պլանինա լեռան լեռնաճյուղավորումից։ Նա հոսում է արևմուտքից հյուսիս Նիչիպուրսկա Պլանինա լեռների ստորոտի հյուսիսային մասով և միախառնվում է Ցրնի Կամեն գետի հետ։

Վերին Ռադիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին Ռադիկան ունի ընդամենը 8 կմ երկարություն։ Հոսքի կարգավորման աշխատանքների պատճառով նա պատկանում է Էգեյան ծովի ավազանին, երբ միևնույն ժամանակ Ստորին Ռադիկան պատկանում է Ադրիատիկ ծովի ավազանին։ Ձևավորվելով Ցրնի Կամեն և Չաֆա Կադիս գետերի միախառնումով՝ Վերին Ռադիկան հոսում է հարավ՝ արևմուտքում Կորաբ լեռների և արևելքում Նիչիպուրսկա Պլանինա լեռների միջով։ Վոլկովիա գյուղում ստեղծված է գետի արհեստական երկճյուղություն, որի շնորհիվ Վերին Ռադիկայի ջրերը արհեստական հունով թափվում են ձեռակերտ Մավրովո լիճը Մավրովի Խանովի գետի մոտ, իսկ այդտեղից Մավրովյան հիդրոէլեկտրակայանային համակարգով՝ Վարդար գետը։

Ստորին Ռադիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ստորին հատվածի երկարությունը 44 կմ է։ Ռադիկան շարունակում է իր հոսքը դեպի հարավ։ Նա ձևավորում է երկար և խոր (մինչև 1 կմ) կիրճ Կորաբ և Դեշատ լեռների միջև արևմուտքում և Բիստրայի՝ արևելքում։ Ռադիկայի հովտի երկարությամբ կան բազմաթիվ դիտարժան վայրեր, որոնցից են Վելե Բրդո գյուղը, Ռոստուշան, Յանչեն, Պրիսոյնիցան, Սկիդրինեն, Բիգորսկի վանքը, Կոսովրաշտի բաղնիքը տաք սուլֆիդային ջրերով և յուրօրինակ Ալչիա ալաբաստրով քարանձավը։ Ալաբաստրն առատ է շրջակա ողջ տարածքում, արդյունահանվում է արդյունաբերական և առևտրային նպատակներով Դեբար քաղաքում։

Կիրճից հետո Ռադիկան ձախից ընդունում է խոշոր վտակ Մալա Ռեկա գետին, ապա ընթանում է հարավ-արևմուտք Ստոգովո լեռների հյուսիսային լանջերի ուղղությամբ։ Դոլնի Կոսովրաշտի, Դոլնի Մելնիչանե, Գորենցի և Ռայչիցա գյուղերից հետո Ռադիկան Դեբարի հարավում թափվում է Սև Դրինայի մեջ։ Գետաբերանի մոտ կառուցված է ամբարտակ, որը ձևավորում է Դեբար արհեստական լիճը։

Ընդհանուր առմամբ Ռադիկան պատկանում է Ադրիատիկ ծովի ավազանին, ջրահավաք մակերեսը կազմում է 665 կմ², նավարկելի չէ։

Ռադիկայի ջրերը ՀԷԿ-ի միջոցով էլեկտրականություն ստանալու մեծ ներուժ ունեն, ինչն էլ մասամբ կիրառվում է վերին հոսանքում։ Բացի այդ՝ գետահովտով անցնում է ավտոճանապարհ, որը կապում է Պոլոգ և Օխրիդ շրջանները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mala Prosvetina Enciklopedija, Third edition (1985); Prosveta; ISBN 86-07-00001-2
  • Jovan Đ. Marković (1990): Enciklopedijski geografski leksikon Jugoslavije; Svjetlost-Sarajevo; ISBN 86-01-02651-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիկա» հոդվածին։