Ջրաբերդի անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրաբերդի Անապատ, վանք, որն ամենամոտն է գտնվում Ջրաբերդ գավառի համանուն բերդին։ Այն գտնվում է անառիկ մի վայրում, մի աննշան վտակի ձախ ափին, որը թափվում է Տրտու գետը` շուրջ կես կիլոմետր հոսելուց հետո[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշ միջնադարում պատմական Հայաստանի Արցախ նահանգի կենտրոնական մասով հոսող Տրտու (Թարթառ) գետի միջին ավազանում տարածվում էր Ջրաբերդ գավառը` համանուն բերդով, որ վեր էր խոյանում Տրտու և Թրղի գետերի միջև։ Բերդը հիշատակվել է դեռևս վաղ միջնադարյան շրջանում։ Այն աչքի է ընկնում տեսարժան դիրքով, դեպի Թրղի գետը փռված ուղղությամբ։ Անառիկ այս բերդի շրջակայքում է գտնվում Անապատ վանքը։ Կան նաև վանքերի ավերակներ` Երից Մանկանց, Թուխկասարի վանքը, Շուքավանքը, Մեսեսավանքը։

Անապատը Ջրաբերդի նկատմամբ առավել կտրված է բանուկ ճանապարհներից և այստեղ հասնելու համար հարկավոր է նախ իջնել բերդից Թրղի գետի հովիտը, ապա անցնելով գետի աջ կողմը լեռնային միակ արահետով բարձրանալ Մռավ լեռնաշղթայի հարավային անտառապատ լանջը,որտեղ դարավոր հաճարենիների ու կաղնիների հովանու տակ պահպանվել է Անապատի հուշարձանախումբը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղում պահպանված հուշարձանները, որոնք չունեն ճանապարհներ, դուրս են մնացել մասնագետ-ուսումնասիրողների տեսադաշտից։ Այս հուշարձանախմբի մասին առաջին գրավոր հիշատակությունն ենք ստանում Շ. Մկրտչյանից[2]։

Սակայն տեղում պահպանված արձանագրությունների շնորհիվ պարզվեց Անապատ հուշարձանի դերն ու նշանակությունը Արցախի պաշտամունքային ճարտարապետական հուշարձանների մեջ։ Առավել շոշափելի է Անապատի պատմական նշանակությունը, իբրև գավառի գլխավոր կրոնա-մշակութային կենտրոններից մեկը։

Վերակառուցողական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատի հուշարձանախումբը ուշ միջնադարում ենթարկվել է հիմնավոր վերանորոգումների, որի հետևանքով ավերվել ու լրիվ ձևափոխվել է հին եկեղեցին, իսկ շրջապատում եղած հին խաչքարերը, որպես սոսկ շինաքար, տեղադրվել են շենքի պատերում։ 17-րդ դարի սկզբներին տեղի ունեցած հիմնավոր վերանորոգումների հետևանքով հին տաճարի սրբատաշ բեկորները ևս ագուցվել են շենքի առավել նկատելի հատվածներում։ Վերջիններիս թվում պահպանվել են նաև արձանագիրները։

Եկեղեցու կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօրվա դրությամբ հին տաճարի հորինվածքային առանձնահատկությունների մասին բացառապես հնարավոր չէ որևէ ենթադրություն անել։ Այս հարցում արդյունավետ կլինեն միայն կատարվելիք հնագիտական պեղումները։ Ներկայիս եկեղեցին միանավ թաղածածկ բազիլիկ տիպի պարզունակ եկեղեցի է, որի ծածկն առնված է երկթեք ծածկի տակ։ Թաղը պահում են մեկ զույգ որմնասյուները։ Եկեղեցին չունի ավանդական տներ, միայն մուտքն իրականացված է արևմտյան ճակատից։ Շենքը հարավից ունի երկու լուսամուտ, մեկական` նաև արևելյան ու արևմտյան ճակատներից։ Եկեղեցու հատակն ու տանիքը պատված են եղել հողով։ Շենքը կառուցված է կոպտատաշ ու անտաշ տեղական քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն շենքի անկյունաքարերը, որոնց վրա մեծ մասամբ կան ուշ միջնադարյան հակիրճ հիշատակություններ։ Եկեղեցու այդ քարերն ունեն դեղին երանգ և ակնհայտորեն բերված են ավելի հեռվից։ Եկեղեցուց արևելք քիչ հեռու, պահպանվել են միաբանության շենքերի ավերակները` լցված հողով ու ծածկված բուսականությամբ։ Միջնադարում Անապատում հաստատված է եղել բազմանդամ միաբանություն, որը խոսում է մենաստանի դիրքի ու նշանակության մասին։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անապատում միաբանության գոյությունն է վկայում եկեղեցու ներսում հարավային որմնասյան ստորին շարվածքում ագուցված սրբատաշ քարի վրա եղած ութ տողանոց արձանագրությունը։ Անթվակիր, բայց կարևոր այս արձանագրության հնագրական ոճի ու առանձնահատկությունների ուսումնասիրության շնորհիվ կարելի է անել հետևություն, որ վիմագիրը փորագրվել է 12-13-րդ դարերում։ 1177 թվականից մի գեղաքանդակ խաչքար է պահպանվել եկեղեցու հարավային պատի արևելյան կողմի լուսամուտի մեջ։

Պահպանվել են նաև մի քանի արձանագիր խաչքարեր, որոնց առկայությամբ ապացուցվում է միջնադարում խաչքարերով գերեզմանատան գոյությունը հին վանքի շրջակայքում։ Ներկայիս եկեղեցու մուտքի ճակատակալ սրբատաշ քարի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը` փորագրված հինգ տողով։ Այս արձանագրության հեղինակը Սարգիս աբեղան է, Հայոց Եկեղեցու Աղվանից թեմի ինքնակոչ Սիմեոն կաթողիկոսի հայրը, որ հակառակ Գանձասարի կաթողիկոսության Մռավ լեռներում 1691 թվականին հիմնադրեց Երից Մանկանց վանքը։ Սարգիս քահանան, ինչպես հիշատակված է Երից Մանկանց վանքի շինարարական արձանագրության մեջ, Ջրաբերդի Մեծ Շեն գյուղից էր։ Այժմ էլ այն տարածքը, ուր գտնվում է Անապատը, պատկանում է Մեծ Շեն գյուղին, և վերջինս ամենամոտ բնակավայրն է հուշարձանախմբին։

Վիմագրից պարզվում է, որ եկեղեցին կառուցել է ուստա Գրիգորը, որը հայ քարգործ-վարպետների շարքում մի նոր անուն է։ Թեև արձանագրությունը թվագրված չէ, բայց ելնելով պահպանված մյուս վիմագրերից, ինչպես նաև եկեղեցու ճարտարապետական-ոճական առանձնահատկություններից, հետևում է, որ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին կամ 18-րդ դարի սկզբներին։ Եկեղեցու հյուսիսային ճակատում, հյուսիս-արևելյան սրբատաշ անկյունաքարի վրա, երեք տողով փորագրված է հակիրճ արձանագրություն։

Նշված արձանագրված քարից մեկ շարք բարձր, նույնպես անկյունքարի վրա փորագրված են Յ, Ն, Թ տառերը։ Եկեղեցու հարավային ճակատում, հարավ-արևելյան սրբատաշ անկյունաքարի վրա կա հիշատակություն` մեկ տողով։ Վերջինիս մոտ մեկ այլ սրբատաշ քարի վրա կա 1723 թվականի արձանագրություն։ Սրանից երկու քար ներքև, անհասկանալի, բայց շատ պարզ փորագրությամբ արձանագրություն կա։

Անապատ հուշարձանախմբի տարածքում այլ արձանագրություններ չեն հայտնաբերվել։ Հուշարձանի պատերում և շրջակայքում պահպանվել են նաև կրոնական թեմաներով պատկերաքանդակներ, որոնք ունեն գեղարվեստական որոշակի արժեք և արժանի են լուրջ ուսումնասիրության։ Երից Մանկանց վանքում, որի հեռավորությունը Անապատից 6 կիլոմետր է, գտնված պատկերաքանդակներն իրենց կատարման արվեստով և սկզբունքով մեծ ընդհանրություն ունեն Անապատում եղած պատկերաքանդակների հետ, ըստ որի չի բացառվում միևնույն վարպետների մասնակցությունը նաև Անապատում։ Եկեղեցու դռան մեջ ագուցված է ուղանկյունաձև մի քար, որի վրա, շրջանագծի մեջ պատկերված է Հիսուս Քրիստոսը, իսկ շրջակայքում առաքյալներն են, որոնք ձեռքերով պահում են Հիսուս Քրիստոսի պատկերը։ Եկեղեցուց ոչ հեռու դեպի արևմուտք ընկած է մի փոքրաչափ խաչքար, որը պատկանում է Ամենափրկիչ կոչվող խաչքարերի տիպին։ Խաչքարի խաչթևերի վրա, խաչված դիրքով պատկերված է Հիսուս Քրիստոսը։ Փորագրման ու կատարման եղանակը բնորոշ է 17-18-րդ դարերին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մկրտչյան, Հ. 11.pdf «Ջրաբերդի Անապատը» (PDF). {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  2. Մկրտչյան, Շահեն (1980). «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները». «Հայաստան».