Ջերմաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմաբուժություն, թերմոթերապիա, ջերմային պրոցեդուրների կիրառումը բուժիչ նպատակներով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են՝

  • տեղային ջերմաբուժության (ջեռակներ, տաքացնող կոմպրեսներ),
  • ընդհանուր (ցեխային, ավազային, ջերմալուսային լոգանքներ)։

Տնային պայմաններում կիրառում են ջրային և էլեկտրական ջեռակներ, տաքացնող կոմպրեսներ, տաքացրած ավազ են, բուժհիմնարկներում ջերմաբուժությունը իրականացնում են Սինինի շիկացման լամպով, ինֆրակարմիր ճառագայթներով ցեխերով, պարաֆինով, օզոկերիտով և էլեկտրական հոսանքով։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմաբուժության ազդեցության մեխանիզմը բավականին բարդ է, այն առաջանում է տեղային (օջախային) և ընդհանուր ռեակցիաներից։ Առաջինները դրսևորվում են արյան ու ավիշի շրջանառության և նյարդասնուցողական պրոցեսների լավացմամբ, որով էլ պայմանավորված են ջերմաբուժության հակաբորբոքային, ցավազրկող և ներծծող արդյունքները։

Ընդհանուր ռեակցիաները պայմանավորված են օրգանիզմի ինքնակարգավորումն ապահովող նյարդային, սիրտ-անոթային, ներզատիչ, իմունոկոմպետենտ և այլ համակարգերի վրա ռեֆլեքսային-հումորալ ազդեցությամբ։ Օպտիմալ ռեակցիան առաջանում է այն դեպքերում, երբ օրգանիզմի վրա չկա ջերմային ծանրաբեռնվածություն և հյուսվածքների գերտաքացման պրոցեսի հետևանքները չեն գերազանցում ջերմությունից առաջացած փոփոխություններին (բջջային, ենթաբջջային և մոլեկույային մակարդակներում)։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմաբուժությունը կիրառում են հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, ականջի, կոկորդի և քթի, միզասեռական օրգանների որոշ հիվանդությունների, վնասվածքների, որովայնի խոռոչի և փոքր կոնքի կպումային պրոցեսների ժամանակ։ Հակացուցված է ուռուցքների, տուբերկուլոզի ակտիվ ձևերի, արյան, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, արյան շրջանառության ապակոմպենսացման, սուր բորբոքային պրոցեսների և այլ դեպքերում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։