Հյուսվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հյուսվածքներից)
Հյուսվածք
Տեսականատոմիական կառուցվածքի տեսակ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասբազմաբջիջ կառուցվածք[1], անատոմիական կառուցվածք[2], կենսաբանական նյութ և biological material?
Մասն էօրգան
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
հիստոգենեզ
Մասնագիտությունհյուսվածաբանություն
MeSHA10
Foundational Model of Anatomy9637
Նկարագրված էԲրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Biological tissues Վիքիպահեստում
Էպիթելային հյուսվածք
Բազմաշերտ էպիթել
Գեղձային էպիթել

Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված 4 տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

Էպիթելային հյուսվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։

Շարակցական հյուսվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները։ Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։ Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։

Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։

Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։

Մկանային հյուսվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։

Նյարդային հյուսվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։

Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 457