Ջեյտունյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյտունյան մշակույթ, նոր քարի դարի (թվագրվում է մ․ թ․ ա․ 6-5-րդ հազարամյակներին) հնագիտական մշակույթ Հարավային Թուրքմենիայում և Հյուսիս-Արևելյան Իրանում։

1960 թվականին բնորոշել է այդ մշակույթն առաջին անգամ ուսումնասիրած Վ․ Մ․ Մասոնը՝ Ջեյտուն բնակատեղիի (Աշխաբադից 30 կմ հյուսիս) անունով։ 1970-ական թվականներ արդեն հայտնի էր Ջեյտունյան մշակույթի մոտ 20 հնավայր, որոնցից առավել հանգամանորեն ուսումնասիրվել են Ջեյտունը (Վ․ Մ․ Մասոնի պեղումները 1955-1963 թվականներին), Փեսսեջիկ-դեփեն, Չաղլլի-դեփեն և ճոպան-դեփեն (ամենախոշորն է, ունի մոտ 2 հա տարածք, մշակութային շերտի հաստությունը՝ մոտ 7,5 մ)։ Ջեյտունյան մշակույթի արհեստական բլուր-բնակատեղիներն առաջացել են տարբեր ժամանակների կավակերտ շինությունների, տնտեսության և այլ մնացորդների կուտակումներից։

Բաղկացած են մի քանի կառույցներից, որոնցից յուրաքանչյուրը մեկ սենյականոց բնակելի տուն է՝ տնտեսության նշանակություն ունեցող փոքրածավալ շինություններով (հավանաբար՝ պահեստներ) ու բակով։ Ուղղանկյուն հիմքերով տները վաղ շրջանում կառուցվել են օվալաձև, հետագայում՝ ուղղանկյունաձև, հարդախառն հում աղյուսներով։ Պատերը ներկել են կարմիր կամ սև։ Ջեյտունյան մշակույթի բնակավայրերից գտնվել են միկրոլիթյան (գերազանցապես՝ կայծքարե) բազմաթիվ գործիքներ, քարե, ոսկրե, խեցե բազմատեսակ զարդեր, հմայական արձանիկներ, խաղալիքներ են։

Փեսսեջիկ-դեփեում հայտնաբերվել է նաև կենդանիների պատկերներով որմնանկար։ Ջեյտունյան մշակույթի տնտեսական հիմքը կազմել են վաղ երկրագործությունն ու անասնապահությունը (ոչխար, այծ)։ Հասարակական հիմնական բջիջը եղել է 5-6 անձից բաղկացած փոքր ընտանիքը։ Ջեյտունյան մշակույթին բնորոշ է արտադրող տնտեսության ձևավորման ժամանակաշրջանին և շատ ընդհանրություններ ունի ՝ Առաջավոր Ասիայի նույնատիպ հուշարձանների (Ջառմո, Երիքով և այլն) հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։