Պար Բուժիվալում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պար Բուժիվալում
ֆր.՝ Le Bal à Bougival
տեսակգեղանկար
նկարիչՊիեռ-Օգյուստ Ռենուար
տարի1883
բարձրություն181,9
լայնություն98,1
ստեղծման երկիր Ֆրանսիա
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ, կտավ
գտնվում էԲոստոնի գեղարվեստի թանգարան[1]
հավաքածուԲոստոնի գեղարվեստի թանգարան[1]
սեփականատերFrançois Depeaux?
մասն է'La Dance' collection?
մակագրությունRenoir. 83.
Ծանոթագրություններ
 Dance at Bougival (1883) by Auguste Renoir in the Museum of Fine Arts, Boston Վիքիպահեստում

Պար Բուժիվալում (ֆր.՝ Le Bal à Bougival, անգլ.՝ Dance at Bougival), ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի (Pierre-Auguste Renoir, 1841-1919) նկարը՝ ստեղծված 1883 թվականին։ Ներկայում այն Բոստոնի գեղեցիկ արվեստների թանգարանի հավաքածուի մի մասն է (ինվ.՝ 37.375)։ Նկարի չափերը՝ 181.9 × 98.1 սմ[2]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժիվալը Փարիզի արևմտյան արվարձանն է (Սենայի հոսանքով դեպի վար)։ Այդ վայրը XIX դարի երկրորդ կեսին դարձել էր ոչ միայն փարիզեցիների սիրելի հանգստավայրը։ «Պար Բուժիվալում» նկարի ստեղծման տարում այդտեղ մահացել է Իվան Տուրգենևը, ով Բուժիվալում է անցկացրել իր սիրո ամենաերջանիկ տարիները[3]։ Ներկայում Բուժիվալը կոչում են «իմպրեսիոնիզմի օրրան», քանի որ բացի Ռենուարից այնտեղ պլենէրի վրա աշխատել են նաև այլ հայտնի իմպրեսիոնիստներ (Էդուարդ Մանե, Ալֆրեդ Սիսլեյ

1883 թվականին Ռենուարն ստեղծել է երեք կտավ, որոնցում պատկերված են պարող զույգեր։ Դրանք են՝ «Պար քաղաքում», «Պար Բուժիվալում» (այսինքն՝ արվարձանում) և «Պար գյուղում»։ Այս նկարները կարծես թե անձնավորում ու դիտողին են մոտեցնում այն սյուժեն, որ օգտագործվել էր Ռենուարի՝ ավելի վաղ ստեղծված նկարում՝ «Պարահանդես Մուլեն դե լա Գալետ» (1876), սակայն նոր նկարներում պարող բազմաթիվ զույգերի փոխարեն յուրաքանչյուր նկարում ուշադրության կենտրոնում մեկ զույգ է, որ պատկերված է ամենայն մանրամասնությամբ[4][5]։

«Պար Բուժիվալում» նկարում կինը դեմքով շրջված է դեպի նկարը դիտողը, իսկ տղամարդու դեմքի վերին մասը ծածկված է ծղոտե գլխարկով, և տեսանելի է միայն դեմքի ստորին մասը՝ բեղով ու մորուքով։ Նկարի հետին պլանում երևում են սրճարանի փայտե սեղաններն ու նրանց շուրջը նստած մարդիկ։ Նկարի ֆոնը փոքր-ինչ աղավաղված է, ինչը տպավորություն է ստեղծում, թե աշխարհը «պտտվում է» պարողների շուրջը։

Կնոջ գլուխը - հատված նկարի փոքրացված տարբերակից

Կնոջը նկարելու համար կեցվածք է ընդունել Սյուզաննա Վալադոնը (Suzanne Valadon, իսկական անունը՝ Մարի-Կլեմենտինա Վալադոն), ով այն ժամանակ եղել է Ռենուարի բնորդուհին, հետագայում դարձել է հայտնի նկարչուհի[4][5]։

Ռենտգենագրության ու ինֆրակարմիր ճառագայթների միջոցով կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նկարի սկզբնական տարբերակի համար կեցվածք է ընդունել ավելի գեր կին, հնարավոր է՝ Ալինա Շարիգոն (ֆր.՝ Aline Charigot)՝ Ռենուարի ապագա կինը, ով եղել է «Պար գյուղում» նկարի բնորդը[6]։

Տղամարդու կերպարի համար հավանաբար կեցվածք է ընդունել Պոլ Լոտը (Paul Lhôte)[7]՝ Ռենուարի մոտ ընկերը, ով եղել է արկածախնդիր, լրագրող և գրող[8]։ Գոյություն ունի ևս մեկ վարկած, ըստ որի՝ նկարի համար կեցվածք է ընդունել Իպոլիտ-Ալֆոնս Ֆուրնեզը (Hippolyte-Alphonse Fournaise)՝ Շատուում գտնվող Ֆուրնեզ տան սեփականատիրոջ որդին[6]։

Նկարը պատկանել է հավաքորդ Պոլ Դյուրան-Ռյուելին և արդյունաբերող Ֆրանսուա Դեպոյին, որից հետո՝ 1937 թվականին, 150 000 դոլարով գնվել է Բոստոնի Գեղեցիկ արվեստների թանգարանի կողմից[2]։ Պարային շարքի մյուս երկու նկարները մնացել են Ֆրանսիայում. ներկայում դրանք ցուցադրվում են Փարիզի Օրսե թանգարանում։

Սյուզաննա Վալադոնի խնդրանքով՝ Ռենուարնը նկարել է կտավի փոքր տարբերակը (չափերը՝ 88 × 47.4 սմ), որում նա էլ ավելի է ընդգծել պարող կնոջ դեմքի նմանությունը Սյուզաննային։ Այդ նկարը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.mfa.org/collections/object/dance-at-bougival-32592
  2. 2,0 2,1 «Dance at Bougival, by Pierre-Auguste Renoir». Museum of Fine Arts, Boston. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 28.05.2012-ին.
  3. Юрий Ульяновский. «Буживаль. Быть ли дому Тургенева под Парижем?». france.worlds.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  4. 4,0 4,1 «Танец в Буживале (Пьер-Огюст Ренуар)». www.rodon.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 28.05.2012-ին.
  5. 5,0 5,1 М. С. Лебедянский, 2002
  6. 6,0 6,1 «First comprehensive study of Renoir's full-length canvases at the Frick Collection». www.artdaily.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 28.05.2012-ին.
  7. «Pierre-Auguste Renoir — Dance at Bougival (Suzanne Valadon and Paul Lhote)». www.abcgallery.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 28.05.2012-ին.
  8. Susan Vreeland. «Luncheon of the Boating Party — The Models» (HTML). www.svreeland.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 28.05.2012-ին.
  9. Ж. Нере, 2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жиль Нере. Ренуар. — Taschen / Арт-Родник, 2009. — 440 с. — ISBN 978-5-404-00066-5
  • М. С. Лебедянский Портреты Ренуара. — Изобразительное искусство, 2002. — ISBN 5-85200-359-X
  • Colin B. Bailey, Linda Nochlin, Anne Distel. Renoir's Portraits: Impressions of an Age. — New Haven and London/ Ottawa: Yale University Press/ National Gallery of Canada, 1997. — 384 с. — ISBN 9-780-888-84668-6