Նիկոլայ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Ավետիսյան
Ծնվել է1922
ԾննդավայրԴդմաշեն, Նոր Բայազետի գավառ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Նիկոլայ Ավետիսի Ավետիսյան (1922, Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1942):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ավետիսյանը ծնվել է 1922 թվականին Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում։ 1941 թվականին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը[1]։

Խորհրդա-գերմանական պատերազմի հենց սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմի չորս տարիներին ծառայել է 89-րդ դիվիզիայի սակրային գումարտակի հատուկ նշանակության դասակում, սկզբում շարքային, այնուհետև՝ դասակի հրամանատարի օգնական։ Թշնամու դեմ մղված մարտերին մասնակցել է 1942 թվականի օգոստոսից մինչև 1945 թվականի ապրիլի վերջը։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է հարազատ զորամաս։ 1942 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1943 թվականին Նովոռոսիյսկի մատույցների մարտերից մեկում մասնակցել է թշնամու կրակակետի ոչնչացմանը, հարձակման հատվածի ականազերծման և «լեզու» բերելու համար սերժանտ Ավետիսյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Կերչի, Սևաստոպոլի շրջանում մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է 2-րդ աստիճանի երկրորդ շքանշանով։ 1945 թվականին Օդեր գետի մատույցներում խիզախություն ցուցաբերելու համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշանով[1]։

Պատերազմի ավարտից հետո Ավետիսյանը վերադարձել է հայրենի Դդմաշեն գյուղը։ Աշխատել է դպրոցում, ՀԼԿԵՄ Սևանի շրջկոմում։ Ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական երկամյա դպրոցը և Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում պատմություն և հասարակագիտություն է դասավանդել, զբաղվել է սովորողների ռազմահայրենասիրայկան դաստիարակության հարցերով։ Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]