Նիժնյայա Սինյաչիխայի թանգարան-արգելոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիժնյայա Սինյաչիխայի թանգարան-արգելոց
Տեսակթանգարան, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնյայա Սինյաչիխա (գյուղ, Ալապաևսկոե քաղաքային օկրուգ)
ՎայրՆիժնյայա Սինյաչիխա (գյուղ, Ալապաևսկոե քաղաքային օկրուգ)
Հիմնադրվել է1971
ՀիմնադիրԻվան Սամոյլով
Այցելուներ84 850 մարդ (2021)[1]
Կայքнс-музей.рф(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Իվան Դանիլովիչ Սամոյլովի անվան փայտե ճարտարապետության և ժողովրդական արվեստի Նիժնյայա Սինյաչիխայի թանգարան-արգելոց (ռուս.՝ Нижнесинячихинский музей-заповедник деревянного зодчества и народного искусства имени И. Д. Самойлова), թանգարան բաց երկնքի տակ Նիժնյայա Սինյաչիխա հինավուրց գյուղում, որտեղ ներկայացված են Ուրալի բնակելի և տնտեսական շինությունների տեսակները, ինչպես նաև տների ներքին հարդարանքի ուրալյան ժողովրդական նկարազարդումների հավաքածուներ և դեկորատիվ կիրառական արվեստի այլ առարկաներ։ Թանգարանը հիմնադրվել է Ի. Դ. Սամոյլովի նախաձեռնությամբ 1978 թվականի սեպտեմբերի 16-ին։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնադիրը ճարտարագետ-հողաշինարար Իվան Դանիլովիչ Սամոյլովը 1947 թվականից սկսում է ուսումնասիրել Միջին Ուրալի պատմությունը և իր միջոցներով ձեռք է բերում հին ռուսական և ժողովրդական արվեստի առարկաներ, որոնք հետագայում հանձնում է թանգարան-արգելոցին։ Այսպիսով 1947 թվականին Ալապայևսկի շրջանի Պաշկով գյուղից ձեռք է բերում ապագա թանգարանի առաջին ցուցանմուշը նախշազարդ միջնապատ, որը սեփականատերը դրել էր դարսած վառելափայտի մեջ[2][3]։ 1967 թվականից Իվան Դանիլովիչը սկսում է գործնական աշխատանքներ իրականացնել քարե և փայտե ճարտարապետական հուշարձանների վերականգնման ուղղությամբ։ Շուրջ 10 տարի նա իրականացնում է Ալապաևսկի շրջանի Նիժնայա Սինյաչիխա գյուղում գտնվող բարոկկո ոճի Փրկչի Պայծառակերպության եկեղեցու 18-րդ դարի վերջի ավերված ճարտարապետական հուշարձանի վերականգնումը։ 1978 թվականի սեպտեմբերի 16-ին այս շենքում բացվում է գեղարվեստի ուրալյան ժողովրդական թանգարանը և այս հուշարձանի ֆոնին Սինյաչիխա գետի ափերին գտնվող 64 հեկտար ազատ տարածքի վրա ստեղծվում է թանգարան[4], որը 1988 թվականին ստանում է բաց երկնքի տակ փայտե ճարտարապետության և ժողովրդական արվեստի թանգարան-արգելոցի կարգավիճակ[2]։ 1988 թվականից թանգարանի ֆինանսավորումն իրականացվում է շրջանային բյուջեի հաշվին, հատկացվում է պահակի և տեխնիկի հաստիքներ[3]։

Թանգարանի ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային համալիրի մեջ ընդգրկված են ավելի քան 20 տարբեր շենքեր և շինություններ, այդ թվում XVII,XVIII,XIX դարերի երեք գյուղացիական առանձնատներ, չորս մատուռներ, բանտի աշտարակ և պահակակետ , հողմաղաց, հրդեհադիտանոց։ Թանգարանում ներկայացված են նաև կենցաղային առարկաներ, գյուղացիների աշխատանքային գործիքներ, փայտի վրա ժողովրդական նկարազարդման աշխարհում միակ հավաքածուն (Ուրալ, Արևմտյան Սիբիր, XIX դար), XVIII և XIX դարերի սրբապատկերներ, ձեռագրեր և 19-րդ դարի հնատիպ գրքեր։

Փրկչի փոխակերպման եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրկչի փոխակերպման եկեղեցի

1794 թվականին ուրալյան խոշոր արդյունաբերողների գերդաստանի ներկայացուցիչ Ս. Յակովլևի հրամանով Նիժնի Սինյաչիխայում սկսվում է Փրկչի փոխակերպման վիթխարի եկեղեցու շինարարությունը, որը օծվում է 1823 թվականին։ Տեղական ավանդազրույցի համաձայն եկեղեցին կառուցել է իտալացի, սակայն մասնագետների կարծիքով այն կառուցվել է տոբոլցի ճարտարապետի կողմից, քանի որ Փրկչի փոխակերպման եկեղեցին համարվում է բարոկկոյի եզակի և լավագույն նմուշ։ XX դարի 60-ական թվականների վերջերից, երկարատև ամայացումից հետո, Ի. Դ. Սամոյլովի ջանքերի շնորհիվ սկսվեց սրբավայրի վերականգնումը։ Շինության երկրորդ հարկի վերակառուցումից հետո Իվան Դանիլովիչը կազմակերպեց երկրում աննախադեպ ուրալյան ժողովրդական գեղանկարչության թանգարան, որն առանձնանում է յուրօրինակությամբ և մոնումենտալությամբ (Միջին Ուրալում նկարազարդում էին ոչ միայն առանձին մանր առարկաներ, այլ տների ամբողջ ներսակողմը)։ 1980-ական թվականներին Փրկչի փոխակերպման եկեղեցու կողքին Ի. Դ. Սամոյլովի ուժերով սկսվեց փայտե ճարտարապետության թանգարանի ստեղծումը։

«Ռեժևսկի գանձերը» գրքի համաձայն` Ի. Դ. Սամոյլովը ծնվել է Իսակով գյուղում, որը գտնվում է Ռեժ գետի ափին։ Այս նույն տարածքից էլ նա հավաքել է փայտե ճարտարապետության և գյուղացիական ժողովրդական նկարազարդման տարրերի իր հայտնի հավաքածուի մեծ մասը։

Գյուղացիական առանձնատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացիական խրճիթների ինտերիերի համայնապատկերը

Փայտե ճարտարապետության թանգարանում ներկայացված են 17, 18 և 19-րդ դարերի առանձնատները։ Նրանք հնարավորություն են տալիս հետևելու, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոփոխվել ուրալյան գյուղերի բնակելի տների ճարտարապետությունը, կառուցվածքը, ձևավորումը և նախագծումը։ XVII դարի խրճիթը գրեթե զուրկ է զարդարանքներից։ Շինությունը կառուցվում է հսկա երկթեք կտուրով, դեպի երկինք հառնող զարդաձիով և գլխավոր դեկորատիվ տարրով, տան հմայիլով։

XVIII դարում խրճիթի ճակատային մասի զարդանախշերը շատանում են, պատուհանները լայնանում և դառնում երկփեղկ, շրջակալները զադարվում են նախշազարդերով և փորագրություններով։ Փոփոխվում են նաև առանձնատան նախագծման առանձնահատկությունները։

XIX դարում գյուղական բնակարանների ճարտարապետության մեջ իսկական հեղափոխություն է տեղի ունենում, մեծանում են տան չափերը, բարդանում է նախագծումը։ Բայց ամենագլխավորն այն է, որ շենքի ճակատային մասը և նույնիսկ տնտեսական շինություններն աչքի են ընկնում զարդաքանդակների առատությամբ։ Տան ներսի կողմը զարդարված է հեքիաթային զարդանախշերով, որոնք ավելի են աչքի ընկնում քան շենքի արտաքին տեսքը։

Մատուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փայտե ճարտարապետության թանգարանի հպարտությունն են համարվում հինգ մատուռները, նախկինում նմանատիպ կառույցներ կային ոչ միայն ավաններում (որի առանձնահատկությունը եկեղեցու առկայությունն էր), այլ Միջին Ուրալի բազմաթիվ գյուղերում։ «Եղիա Մարգարեի» մատուռը Ուրալում դասվում է հնագույն քարանձավային կրոնական կառույցների շարքին, որը բաղկացած է սոխագլուխ գմբեթավոր, կլոր թմբուկով երկթեք տանիքից։

Հանրային ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրալում բացառիկ ամրաշինական ճարտարապետական հուշարձան է համարվում Արամաշևսկի բանտային աշտարակը։ XVII դարում, երբ առաջին ռուս վերաբնակիչները Միջին Ուրալում բնակություն հաստատեցին սահմանի մերձակայքում, փայտե ամրոց-աշտարակները կառուցվեցին շրջակա գյուղերի պաշտպանության նպատակով։ Ուրալի բնակավայրերի ամենատարածված շինություններից էին հրշեջ ծառայությունների շենքերը, որոնք կառուցվում էին վարչական շենքերի վրա հակահրդեհային անվտանգության ուղղությամբ հսկողություն սահմանելու նպատակով։ Երբեմն դրանք կառուցվում են որպես ինքնուրույն շինություն, թանգարանային պահպանության աշտարակների նմանությամբ։

Հոտաքրքիր ճարտարապետական հուշարձան է համարվում հողմաղացը։ Հաճախակի Միջին Ուրալում կառուցում էին ջրաղացներ, սակայն խոշոր գետերի ափերին կառուցում էին հողմաղացներ։

Երկհարկանի վեց պատերով տունը իր ժամանակին կազմում էր ամբողջական համալիրի կենտրոնական տարրը (մաքսատուն, խրճիթներ, պահեստներ, ախոռներ և այլն ), որոնք կառուցվում էին Սիբիրյան լայն ճանապարհի երկայնքով, միացնելով Կենտրոնական Ռուսաստանը և Սիբիրը։

Պատմական և մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի նախագահի 20.02.95 թվականի № 176 հրամանագրով թանգարանը ընդգրկվում է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ, որը հաստատվում է թանգարան-արգելոցի բարձր մակարդակով։ Այսօր թանգարանը հանդիսանում է նաև Միջին Ուրալի բանահյուսության ուսումնասիրության կենտրոն, այստեղ անցկացվում են ժողովրդական արվեստի մարզային և շրջանային փառատոներ, Սվերդլովսկի ճարտարագիտական ինստիտուտի, գեղարվեստի ուսումնարանի, ճենապակու և կերամիկայի վարպետների, գորգագործական և տեքստիլ ֆաբրիկաների սեմինարներ ու միջոցառումներ։ Թանգարանը մեթոդական և խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերում մարզի այլ տարածքներին ժողովրդական մշակույթի հուշարձանների վերականգնման գործում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Самойлов И. Д. Сокровища Нижней Синячихи
  • Нижняя Синячиха. Музей-заповедник деревянного зодчества. Издательство «Малыш и Карлсон» г. Реж
  • Режевские сокровища. — Уральский университет, 2004. — 40 с. — 1500 экз. — ISBN 5-7996-0213-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.нс-музей.рф/documents/Informatsionnyy_otchet_za_2021.pdf
  2. 2,0 2,1 Власов В.М., В.В.Власова, Горбунов Ю.А., Каёта Г.М., Камынин В.Д., Кириллов А.Д., Кириллова Н.Б., Личман Б.В., Огоновская И.С., Сперанский А.В. Свердловская область:страницы истории (1934-2014). — Екатеринбург: Сократ, 2014. — С. 197. — 544 с. — ISBN 978-5-906350-18-3
  3. 3,0 3,1 Важенина Р. Воспоминание Ивана Даниловича. —Алапаевская искра, 21 августа 2003. — № 131—132.
  4. Музей Нижней Синячихи.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիժնյայա Սինյաչիխայի թանգարան-արգելոց» հոդվածին։