Նաիրա Գյուրջինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիրա Գյուրջինյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1961(1961-09-24) (62 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ
Մասնագիտություներաժշտագետ, խմբավար և մանկավարժ
ԱշխատավայրՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և Հայաստանի Երգի պետական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱդրիանա և Աննա

Նաիրա Լորիկի Գյուրջինյան (սեպտեմբերի 24, 1961, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, խմբավար, մանկավարժ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունն անցել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում։ Փոխադրվել է երրորդ դասարան, 1971 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Չի կարողացել գրել, կարդալ և անգամ խոսել հայերեն[1]։ 1977 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1981 թվականին և ստացել երաժշտագետի ու խմբավարի մասնագիտություններ։ Ուսումնարանն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է ՀՀ Մեծամոր քաղաքի երաժշտական դպրոցում՝ դասավանդելով այնտեղ[2]։

1983 թվականից աշխատել է Հենրիկ Իգիթյանի մանկական գեղագիտական կենտրոնում, որտեղ էլ հիմնել է «Ջեզլ» ջազային-էստրադային, «Վաղորդյան կաթիլներ» և «Շմակի» մանկապատանեկան վոկալ-համույթները։ 2004-2007 թվականներին Հայաստանի Երգի պետական թատրոնում դասավանդել է վոկալ և ոճաբանություն ջազային-էստրադային ժանրում։ Բազմաթիվ երգերի հեղինակ է։ 2006-2007 թվականներին մասնակցել է «Save The Children» ընկերության կողմից կազմակերպվող երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրերի աշխատանքներին` որպես երգահան։ 2006 թվականից եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար-1», «Հայ Սուպերսթար-2», «Հայ Սուպերսթար-4», «Իքս-Ֆակտոր 1», «Իքս-Ֆակտոր 2» նախագծերի ժյուրիի անդամ և երաժշտական պրոդյուսեր։ 2008 թվականին հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրին` «Կատարողական արվեստի կառավարում» թեմայով։ 2010 թվականից հանդիսանում է ԱՄՆ դեսպանատան կանանց մենթորական ծրագրի մասնակից։ 2014 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երեք քույր, այժմ ապրում է հոր հետ։ Ունի երկու դուստր՝ Ադրիանան և Աննան, որոնք ամուսնացած են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նաիրա Գյուրջինյանի հարցազրույցը «Մեր մեջ ասած» հաղորդման ժամանակ(չաշխատող հղում)
  2. Նաիրա Գյուրջինյանի հարցազրույցը «Կյանքը ափի մեջ» հաղորդման ժամանակ
  3. «Նաիրա Գյուրջինյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.