Յուտլանդական ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուտլանդական ճակատամարտ, 1916 թվական, ծովային մարտ առաջին համաշխարհային պատերազմի (1914—1918 թվականներ) ժամանակ անգլիական և գերմանական նավատորմերի գլխավոր ուժերի միջև, Հյուսիսային ծովում, Յուտլանդական թերակղզուց արևմուտք, մայիսի 31-ից հունիսի 1-ը։ Մասնակցել է 250 նավ (այդ թվում՝ 64 գծանավ ու հածանավ)։ Յուտլանդական ճակատամարտը սկսվել է կողմերի առաջապահ նավաջոկատների մարտով, ապա բախվել են գլխավոր ուժերը։ Բրիտանական նավերը ձգտել են շրջափակել գերմանական նավատորմը, բայց վերջինս խույս տալով վճռական ճակատամարտից, ծխածածկույթի ու ականակիրների տորպեդային գրոհների տակ դուրս է եկել մարտից։ Հունիսի 1-ին շարունակվել են միայն առանձին նավերի և միավորումների բախումները։ Գերմանական նավատորմին հաջողվել է պատսպարվել իր բազաներում, իսկ բրիտանականը շարժվել է հյուսիս։ Չնայած նրան, որ Յուտլանդական ծովամարտում անգլիական ուժերը կորցրին 14 մարտական միավոր, իսկ գերմանացիները 11 անգլիացիները պահպանեցին իրենց առավելությունը ծովում: Յուտլանդական ճակատամարտը ավարտվել է անարդյունք, բայց բրիտանական նավատորմը պահպանել է իր գերիշխանությունը ծովում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png