Մոսկվայի ճակատամարտ (1612)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի ճակատամարտ
Թվական1612, սեպտեմբերի 1 և 3
Մասն էԼեհ-ռուսական պատերազմ
ՎայրՄոսկվա
Արդյունքռուսական կողմի ռազմավարական հաղթանակ
Հակառակորդներ
Ռեչ Պոսպոլիտա Ռեչ ՊոսպոլիտաՌուսաստանի թագավորություն Ցարական Ռուսաստան
Հրամանատարներ
Ռեչ Պոսպոլիտա Յան Կառոլ ԽոդկևիչՌուսաստանի թագավորություն Դմիտրի Պոժարսկի
Կողմերի ուժեր
15 հազար10,5 հազար
Ռազմական կորուստներ
1500 զոհ1500 զոհ
Ընդհանուր կորուստներ

Մոսկվայի ճակատամարտ, երկու իրար հաջորդող մարտերից բաղկացած շարք, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում՝ 1612 թվականի սեպտեմբերի 1-ին և 3-ին` լեհ-ռուսական պատերազմի (1605-18) շրջանակներում։ Մոսկովյան մարտերում Լեհ-լիտվական միացյալ թագավորության՝ Ռեչ Պոսպոլիտայի զորքերը ղեկավարում էր Յան Կառոլ Խոդկևիչը։ Ռուսական բանակի գլուխ կանգնած էր Դմիտրի Պոժարսկին։ Մարտերն ավարտվեցին ռուսական կողմի մարտավարական հաղթանակով։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1610 թվականի ամռանը Կլուշինոյի ճակատամարտից հետո Ռուսաստանի ցար Վասիլի IV-ը գահընկեց արվեց և ուղարկվեց Վարշավա։ Լեհ-լիտվական միացյալ բանակը 1610 թվականի սեպտեմբերի 21-ին մուտք գործեց Մոսկվա։ Բոյարները, հոգևորականները և Մոսկվայի քաղաքացիները, վախենալով Կեղծ Դմիտրի II-ից, ընդունեցին լեհ իշխան Վլադիսլավ IV Վասային որպես նոր ցար[1]։

Օտար ցարը, սակայն, համընդհանուր վստահություն չէր վայելում Մոսկվայից դուրս։ Սրան գումարվում էր նաև այն հանգամանքը, որ երկիրը հետզհետե սկսվեց թալանվել լեհերի, վարձկանների և այլ արտոնյալ կարգավիճակ ունեցող խմբերի կողմից։

1611 թվականի մարտին Մոսկվայի քաղաքացիները ապստամբեցին լեհերի դեմ, իսկ լեհական կայազորը Կրեմլում պաշարվեց առաջին ժողովրդական միլիցիայի կողմից՝ Ռյազանում ծնված ազնվական Պրոկոպի Լյապունովի գլխավորությամբ։ Վատ զինված միլիցիան չկարողացավ գրավել ամրոցը և շուտով անկարգությունների մեջ ընկավ. Լյապունովը սպանվեց կազակների առաջնորդ Իվան Զարուցկիի կողմից[2]։

Անարխիայի և կենտրոնական իշխանության տապալման պայմաններում Նիժնի Նովգորոդի քաղաքացիները Կուզմա Մինինի գլխավորությամբ ձևավորեցին Երկրորդ ժողովրդական միլիցիան՝ արքայազն Դմիտրի Պոժարսկու հրամանատարությամբ։ Լավ զինված և առավել կազմակերպված Երկրորդ ժողովրդական միլիցիան 1612 թվականի մարտին գրավեց Յարոսլավլը և ստեղծեց համառուսաստանյան ժամանակավոր կառավարություն՝ ստանալով աջակցություն և միջոցներ ողջ ռուսական հողերի և Սիբիրի բազմաթիվ քաղաքներից[3]։ Լուր ստանալով, որ Խոդկևիչի գլխավորությամբ լեհական օգնության բանակը մոտենում է Մոսկվային, Մինինը և Պոժարսկին 1612 թվականի օգոստոսին մտան Մոսկվա և պաշարեցին Կրեմլի լեհական կայազորը։

Սեպտեմբերի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

1612 թվականի սեպտեմբերի 1-ին Ռեչ Պոսպոլիտայի թագավորության ուժերը անհաջող կերպով փորձեցին ճեղքել Մոսկովյան Կրեմլի պաշարումը և փրկել լեհական կայազորը։ Դրան հասնելու համար նրանք հարձակվեցին արևմուտքից՝ Մոսկվայի արվարձանների ուղղությամբ։ Լեհ հուսարները․ հունգարական և գերմանական հետևակայինների աջակցությամբ, կարողացան կոտրել ռուսների կողմից սահմանված ռազմադաշտի ճակատամային գիծը։ Լեհ-լիտվական ուժերի աջ բանակաթևը, սակայն, գրոհի անցնելիս նկատվեց Դմիտրի Տրուբեցկոյի (ռուսների դաշնակից) ղեկավարած Դոնի կազակների կողմից, ովքեր սպասում էին ճակատամարտի ելքին Մոսկվա գետի մյուս ափին։ Նրանց հեծելազորի մի մասը հարձակվել է Պոժարսկու զորքերի հետ միասին, որոնք նախօրեին օգնության էին տրամադրել Տրուբեցկոյին՝ կարողանալով ցրել լեհ-լիտվական զորքերը։ Հընթացս, համառ մարտեր էին մղում նաև Կրեմլում տեղակայված Ռեչ Պոսպոլիտայի կայազորային ստորաբաժանումները, որոնք փորձում էին գրոհել ռուսական դիրքերը, սակայն անհաջողության էին մատնվում։ Մոսկովյան մարտերի առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, երկու կողմերն էլ մոտ հազար զոհ ունեցան։

Սեպտեմբերի 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 3-ին Խոդկևիչը որոշեց հարձակվել Մոսկվայի վրա նրա հարավային արվարձանի՝ Զամոսկվորեչիե շրջանից։ Մոտ 600 հունգարացի հետևակայինների հաջողվեց հասնել Կրեմլի շրջակայք։ Նրանց հաջորդեցին Ռեչ Պոսպոլիտայի հիմնական ստորաբաժանումները, որոնք, սակայն, կանգնեցվեցին Մոսկովյան նեղ փողոցներում։ Ռուսական հակագրոհից հետո Խոդկևիչը հրամայեց նահանջել՝ կորցնելով մի քանի հարյուր զինվոր։

Ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի երկու մարտերն էլ, ըստ էության, ավարտվեցին ռուսական կողմի մարտավարական հաղթանակով։ Նրանց հաջողվեց հետ մղել Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական թագավորության բանակը Մոսկովյան հողերից, որի արդյունքում Կրեմլի լեհական կայազորը, որի պաշարները վերջացել էին, արդեն 1612 թվականի նոյեմբերի 7-ին կապիտուլյացիայի ենթարկեց։ Կապիտուլյացիայի մասին լուրը հասան Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Սիգիզմունդ III-ին դեկտեմբերի 8-ին Վոլոկոլամսկում՝ 30 կիլոմետրից պակաս հեռավորության վրա։ Տեղեկանալով այդ մասին՝ թագավորը, ով գնում էր կայազորին օգնելու, որոշեց դադարեցնել ռազմարշավը և վերադառնալ Լեհաստան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Željko., Fajfrić (2008). Ruski carevi (1. izd ed.). Sremska Mitrovica: Tabernakl. ISBN 9788685269172. OCLC 620935678.
  2. Velikai︠a︡ russkai︠a︡ smuta : prichiny vozniknovenii︠a︡ i vykhod iz gosudarstvennogo krizisa v XVI-XVII vv. Strizhova, I. M., Стрижова, И. М. Moskva: Dar. 2007. ISBN 9785485001230. OCLC 230750976.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  3. M., Volodikhin, D. Pozharskiĭ. Moskva. ISBN 9785953364034. OCLC 825551251.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andrzej Andrusiewicz, Dzieje Dymitriad 1602–1614, t. I, II, Warszawa 1990
  • Tomasz Bohun, Moskwa 1612, Wydawnictwo Bellona 2005 ISBN 83-11-10644-4