Լեհ-ռուսական պատերազմ (1605-1618)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհ-ռուսական պատերազմ
Դժվարությունների ժամանակաշրջան

Պոժարսկին լեհերից ազատագրված Մոսկվայում
Թվական 1605-1618
Վայր Լիվոնիա, Լեհաստան, Ռուսաստան
Պատճառ Ռեչ Պոսպոլիտայի թագավորության նվաճողական նկրտումներ
Արդյունք Դեուլինյան հաշտության պայմանագիր
Հակառակորդներ
Ռեչ Պոսպոլիտա Լեհ-լիտվական թագավորություն
Ռուսաստանի թագավորություն Ցարական Ռուսաստան
Շվեդիա Շվեդիա
Հրամանատարներ
Ռեչ Պոսպոլիտա Սիգիզմունդ Վազա Ռուսաստանի թագավորություն Բորիս Գոդունով
Ռուսաստանի թագավորություն Դմիտրի Պոժարսկի
Շվեդիա Յակոբ Դելագարդի

Լեհ-ռուսական պատերազմ, ռազմական հակամարտություն Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական թագավորության և Ցարական Ռուսաստանի միջև, որը տեղի է ունեցել 1605-1618 թվականներին։ Պատերազմական գործողությունների մեջ որպես երրորդ կողմ ներգրավված էր նաև Շվեդիայի թագավորությունը, որը մինչև 1610 թվականը զինակցում էր ռուսական կողմին, իսկ հակամարտության վերջնամասում՝ Ռեչ Պոսպոլիտայի թագավորությանը։ Լեհ-ռուսական պատերազմը համարվում է Ռուսաստանի պատմության «դժվարությունների ժամանակաշրջանի» ամենանշանավոր իրադարձությունը։ Պատերազմի նախօրեին մասնակիցների նպատակները քանիցս փոխվում են․ մինչ 1609 թվականը Ռեչ Պոսպոլիտան անմիջականորեն չէր պատերազմում Ռուսաստանի դեմ, սակայն լեհական բանակի Լիվոնիա ներխուժումից հետո երկրները հայտնվում են տարբեր ռազմական ճակատներում։ Շվեդիան միանում է մարտական գործողությունների Ինգերմանլանդյան պատերազմի ավարտից հետո՝ երբեմն դաշնակցելով Ռուսաստանի հետ և երբեմն էլ կռվում վերջինիս դեմ[1]։

Պատերազմական գործողությունները տեղի են ունենում չորս փուլերով։ Սկզբնական շրջանում Ռեչ Պոսպոլիտայի շլյախտան աջակցում էր Ցարական Ռուսաստանի բոյարական կառավարությանը, սակայն ամեն ինչ փոխվում է այն ժամանակ, երբ լեհ ազնվականական ուժերը՝ առանց Սիգիզմունդ III արքայի համաձայնության, սկսում են աջակցել Բորիս Գոդունովի իշխանության դեմ պայքաող Կեղծ Դմիտրի I-ի գլխավորած ապստամբական ուժերին։ Այդ շրջանակներում 1605 թվականին լեհական զորքերն առաջին անգամ ներխուժում են Ռուսաստան, սակայն մեկ տարի անց՝ Կեղծ Դմիտրիի մահից հետո, լեհ ինտերվիստները վերադառնում են հայրենիք։ 1609 թվականին Բորիս Գոդունովը Շվեդիայի արքա Յակոբ Դելագարդիի հետ կնքվում է հակալեհական դաշինք։ Փորձելով կանխել ռուս-շվեդական մերձեցումը՝ նույն տարում Ռեչ Պոսպոլիտան պատերազմ է հայտարարում Ցարական Ռուսիային՝ նպատակ ունենալով նվաճել բալթիկծովյան ավազանը, մասնավորապես՝ Լիվոնիան։

Մերձբալթիկան ամբողջությամբ նվաճելուց հետո լեհական զորքերը Կլուշինոյի ճակատամարտում ջախջախում են դաշնակիցներին և շարժվում Մոսկվայի ուղղությամբ։ 1610 թվականին Ռեչ Պոսպոլիտայի զորաբանակները բռնազավթում են ռուսական քաղաքամայրը և Բորիս Գոդունովից խլում «ռուսաց արքայի» միապետական տիտղոսը։ 1611 թվականին հակամարտությունը վերսկսվում է․ Դմիտրի Պոժարսկին լեհերից և Կեղծ Դմիտրի II-ից ազատագրում է Մոսկվան, սակայն ինտերվիստները հեռանալով պաշարում են Սմոլենսկը։ Ռուսները հաղթահարելով քաղաքացիական պատերազմի քաոսը՝ կարողանում են միահամուռ կերպով պայքարել ընդդեմ նվաճողական ուժերի։ Պատերազմն ավարտվում է 1618 թվականին՝ կնքված Դեուլինյան հաշտության պայմանագրով։ Լեհ-ռուսական պատերազմի արդյունքում Ռեչ Պոսպոլիտան մասնակի վերահսկողություն է տարածում որոշ ռուսական հողերի վրա, սակայն ռուսներին հաջողվում է պահպանել անկախ պետականությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Franczak, Grzegorz, Paweł Palczowski z Palczowic, Kolęda moskiewska_Franczak, faculty of Polish Studies at Warsaw University - Library of Ancient Popular Literature and Occasional, Vol 6). ISBN 9788375431421.