Մկնասոխ Ռոզենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկնասոխ Ռոզենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հակինթազգիներ
Տեսակ Մկնասոխ Ռոզենի
Լատիներեն անվանում
Scilla rosenii


Մկնասոխ Ռոզենի (լատին․՝ Scilla rosenii), հակինթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20 սմ բարձրությամբ, ուղիղ կանգնած ծաղկասլաքով սոխուկավոր բույս է։ Տերևները 2-3 են, ցողունից կարճ են, լայն գծային, բաց կանաչ, փայլուն։ 3-4 սմ տրամագծով ծաղիկները մեծ են։ Ծաղկապատի մասերը հետ թեքված են, երկարավուն, կապույտ կամ վարդագույն, հիմքի մոտ՝ դժգույն, միջին ջղի ուղղությամբ ավելի մուգ շերտով։ Տուփիկը ձվաձև է։ Սերմերը ձվաձև են, սպիտակ գլանաձև սերմնաթիկնոցով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Վերին Ախուրյանի (Արփի լիճ, Սարի գյուղ) և Գեղամի (Գեղամի լեռնաշղթա, Գռիձոր) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալը ընդգրկում է Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Հյուսիսարևելյան Անատոլիան[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում` ծովի մակարդակից 2000-2500 մ բարձրությունների վրա, խոնավ մարգագետիններում, ճահճացած տեղերում, լեռնային գետակների ափերին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիան պահպանվում է «Սևան» ազգային պարկի պահպանական գոտում և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնասոխ Ռոզենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնասոխ Ռոզենի» հոդվածին։