Միջպառլամենտական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջպառլամենտական միություն, ոչ-կառավարական միջազգային կազմակերպություն, որի մեջ միավորվում են նրա նպատակներին համամիտ և աշխատանքներին մասնակցելու պատրաստակամ ազգային պառլամենտական խմբեր։ Հիմնադրվել է 1889 թվականին, Փարիզում։ Նպատակն է պրոպագանդել իրավարարության գաղափարները՝ միջազգային վեճեր լուծելիս։ Կոչված է խրախուսել կապը բոլոր պառլամենտների անդամների միջև, միավորել նրանց համատեղ գործունեությունը՝ ներկայացուցչական ինստիտուտների ամրապնդումը, միջազգային խաղաղությունն ու համագործակցությունն ապահովելու գործում։ Միջպառլամենտական միության որոշումները պարտադիր կատարման ուժ չունեն, սակայն որքանով արտահայտում են աշխարհի երկրների մեծ մասի օրենսդրական մարմինների ներկայացուցիչների ընդհանուր կարծիքը, զգալի ազդեցություն ունեն միջազգային այլ կազմակերպությունների, կառավարությունների ու հասարակայնության վրա։ Միջպառլամենտական միության բարձրագույն մարմինը ամենամյա կոնֆերանսն է։ Նրանց միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է միության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են ազգային պառլամենտական խմբերից երկուական ներկայացուցիչ։ Միջպառլամենտական միության վարչական մարմինը գործադիր կոմիտեն է, որն ընտրում է միջպառլամենտական բյուրո, միջպառլամենտական մշտական քարտուղարություն՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Միջպառլամենտական միությունն ունի մշտական հետազոտական հանձնաժողովներ, որոնք նախապատրաստում են կոնֆերանսների բանաձևերը։ Միության շրջանակներում գործում են պառլամենտների գլխավոր քարտուղարների ասոցիացիան և պառլամենտական փաստաթղթերի միջազգային կենտրոնը։ Միջպառլամենտական միություն հրատարակում է «Բյուլետեն ինտերպառլամենտեր» («Bulletin Interparlamentaire») պարբերականը։ ԽՍՀՄ պառլամենտական խումբը միության անդամ է 1955 թվականից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png