Մենուետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Rameau menuet.jpg

Մենուետ, (ֆրանս․` menuet, menu — փոքր, մանր), ֆրանսիական պար։ Առաջացել է Պուատու գավառի ժողովրդական պարերգերից։ 17-րդ դարից դարձել է պալատական պարահանդեսների հիմնական պարերից մեկը։ Չափը եռամաս է։ Կատարվում է սահուն քայլերով, հանդիսավորությամբ, շարժումները կազմված են հիմնականում խոնարհ ողջույններից ու ռևերանսներից։ 18-րդ դարում մենուետը փոփոխություններ է կրել, արագացել է տեմպը, բարդացել շարժումները, օգտագործվել են նաև ցատկեր, պարել են մի քանի զույգերով։ 17-րդ դարից մուտք է գործել օպերա-բալետային ստեղծագործությունների մեջ։ Տարածված և ընդունված է եղել Արևմտյան Եվրոպայում, 18-րդ դարից՝ Ռուսաստանում։

Տարբեր կոմպոզիտորների կողմից օգտագործվել է պարային սյուիտներում (Յոհան Սեբաստիան Բախ), սոնատներում, կվարտետներում, սիմֆոնիաներում (Վ․ Ա․ Մոցարտ, Լ․ Բեթհովեն) և այլ ստեղծագործություններում (Պ․ Չայկովսկի, Ս․ Պրոկոֆև, Կ․ Դեբյուսի, Մ․ Ռավել, Բ․ Բարտոկ և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png