Մեծեփի կիկլոպյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծեփի ամրոցը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի վրա, որը Փամբակի լեռնաշղթայի ամենահարավային գագաթներից մեկն է։ Բարձունքը արևելքից, հարավից և արևմուտքից խիստ թեքությամբ, կոնաձև վեր է խոյանում, որի լանջերը ծածկված են հրաբխային տուֆի կամ այլ կոնգլոմերատի բեկորներով։ Գագաթը շրջապատից բարձր է մոտ 600 մետր և խիստ դժվարամատչելի է։ Տեղացիների մոտ բարձունքը հայտնի է «Մեծեփ» անունով, որի վրա կա ավերակ մի մատուռ, նույն անունով։

Գագաթի կոնֆիգուրացիային համապատասխան, եզրերով անցնում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հիմքերը, որոնց բարձրությունը տեղ-տեղ պահպանվել է մեկ-երկու շար քարերով։ Ամրոցն ունի 225 մետր երկարություն և 25-30 մետր լայնություն։ Պարիսպների վրա կան երեք աշտարակի հետքեր, որոնցից մեկը կառուցած է միջնաբերդի հյուսիսարևմտյան անկյունում, մյուս երկուսը, նույն չափերով, գտնվում ն հյուսիսարևելյան անկյուններում։ Այդ աշտարակների միջև ընկած պարսպի կենտրոնում երևում է ամրոցի մուտքի բացվածքը։ Հյուսիս-արևմտյան աշտարակից մոտ 50 մետր հեռու սկսվում է արտաքին պարիսպը։ Այս պարսպին զուգահեռ, հյուսիս արևելյան լանջով 35-40 մետր հեռու նկատվում է երրորդ պարիսպը, սակայն նա չի շարունակվում մինչև վերջ։ Պարիսպների կառուցվածքը նույնն է, ինչ Լճաշենի ամրոցի հին շրջանի պարիսպները, միայն այստեղ քարերն ավելի փոքր ու տափակ են։

Ամրոցի ներսում և դրանից դուրս նկատվում են կացարանների ավերակների հետքեր։ Մեծեփը գտնվում է Լճաշենից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղից դեպի չորս կողմ բացվում են գեղատեսիլ հորիզոններ։ Լեռան գագաթից երևում է լճի գրեթե ամբողջ հայելին, ափերով հանդերձ, իսկ դեպի արևմուտք՝ Հրազդան գետի հովիտը, Սևան-Երևան խճուղիով մինչև Հրազդան քաղաքը։ Այս բոլորը թույլն տալիս ենթադրելու, որ Մեծեփ անունով լեռան գագաթին եղած կիկլոպյան ամրոցը, հավանորեն, հանդիսացել է Լճաշենի ամրոցի հեռավոր մատույցներում մի պահակային կետ։

Լճաշենի ամրոցի մոտ, երկու կիլոմետր դեպի հյուսիս, վերջերս բացված լճի հատակում, բազմաթիվ դամբարանների հետ հայտնաբերվեց նաև մի փոքր բնակավայր, որի ընդհանուր տարածությունը քիչ է կես հեկտարից։ Այս բնակավայրի ավերակները գտնվում են երկարավուն մի բլրակի վրա, որն իր շրջապատից բարձր է 5-6 մետր։ Դիտելով հյուսիսային ծայրամասում պահպանված, կանոնավոր շարքով պարսպի հատվածը (12 մետր), կարելի է ենթադրել, որ այստեղ հնում եղել է ինչ-որ կառույց, որը կապված է եղել Լճաշենի ամրոցի հետ, գուցե, որպես մոտակա պահակակետ։ Հնարավոր է նաև, որ այդպիսի պահակային կետ է ծառայեկ Ցամաքաբերդ գյուղից դեպի հարավ ընկած բարձունքի գագաթին եղած երբեմնի ամրոցը, որը մինչև լճի իջնելը մի թերակղզի էր։ Այդտեղից երևում է ինչպես Լճաշենի ամրոցը, այնպես էլ Մեծեփի գագաթը։ Այս ամրոցը, ինչպես և Սևանա կղզում եղած ամրոցը նույնպես պաշտպանել են Լճաշենի մատույցները հանկարծակի Սևան-Դիլիջան ուղղությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]