Մաքուր ձեռքերի դոկտրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը իրավական դոկտրինի մասին է։ Այլ կիրառության համար տե՛ս Ձեռքերի լվացում

Մաքուր ձեռքերի դոկտրին, կամ պարզապես «Մաքուր ձեռքեր», հայտնի է նաև որպես Կեղտոտ ձեռքերի կամ ոչ մաքուր ձեռքերի դոկտրին[1], իրավական պաշտպանության միջոց, որը ենթադրում է մի իրավիճակ, երբ պատասխանող կողմը (քրեական դատավարությունում՝ ամբաստանյալը) պնդում է, որ հայցվորը արժանի չէ ստանալ արդարացի հատուցում։ Հիմնական պատճառաբանությունը հայցվորի կամ բողոքաբերի նախկինում թույլ տված անբարեխիղճ վերաբերմունքն է բողոքի առարկայի նկատմամբ։

Հայցվորի mala fides-ի (անբարեխղճության) կամ, այսպես կոչված, «կեղտոտ ձեռքերի» առկայության ապացուցման բեռը ցանկացած իրավիճակում դրվում է պատասխանողի վրա։ Մաքուր ձեռքերի վարդապետությունը հաճախ ձևակերպվում է հետևյալ կերպ. «նրանք, ովքեր արդարություն են փնտրում, պետք է արդարությամբ գործեն» կամ «արդարությունը պետք է գա մաքուր ձեռքերով»։ Այնուամենայնիվ, հնարավոր են դեպքեր, երբ «կեղտոտ ձեռքերի» վերաբերյալ ապացուցման գործառույթ ստանձնի հենց հայցվորը՝ նպատակ հետապնդելով չեզոքացնել ամբաստանյալի նկատմամբ կիրառվող հնարավոր պաշտպանության միջոցը[2][3]։

Դոկտրինն առաջ է քաշվել անգլիացի իրավական ռեֆորմիստ Ալան Պատրիկ Հերբերտի կողմից, որն այն մեջբերել է իր «Ոչ ընդհանուր իրավունք» («Uncommon Law») սատիրային աշխատությունում՝ նշելով, որ «Կեղտոտ շունը արդարադատություն չի ունենա դատարանի կողմից»[4]։ Թեպետ «Մաքուր ձեռքերը» որպես դոկտրին ձևակերպվել է նորագույն շրջանում, այնուամենայնիվ դրա գործնականում կիրառման դեպքերի կարելի է հանդիպել դեռևս զարգացած միջնադարում, օրինակ՝ 1215 թվականի Լաթերանյան չորրորդ ժողովում։

Ներկայումս «Նա, ով ձգտում է հասնել արդարության, պետք է գա մաքուր ձեռքերով» դոկտրինալ սկզբուքը ամրագրված է մի շարք պետությունների իրավական պրակտիկայում, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում, մասնավորապես՝ Անգլիայում և Ուելսում։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ու նախադեպային իրավունքը այս դոկտրինի որևէ ձևակերպում կամ ամրագրում չեն արձանագրել։

Նախադեպային իրավունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ձեռքերի դոկտրինը ամրագրվել է մի շարք նախադեպային որոշումներով[5]։

Վարդապետության նպատակը հստակորեն ներկայացված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալաբամայի վերաքննիչ քաղաքացիական դատարանում քննված «Քոլբի Ֆրնիչր ընկերությունն ընդդեմ Բելինդա Ջ. Օվերթոնի» («COLBY FURNITURE COMPANY, INC. v. Belinda J. OVERTON»)[6] գործի շրջանակներում, որտեղ դատարանը որոշում է կայացրել մերժել հայցվոր կողմի ներկայացրած փոխհատուցում ստանալու պահանջը՝ պատճառաբանելով, որ այդ կողմի անբարեխիղճ վարքագիծը հայցի առարկայի նկատմամբ, ինքնին, անհնարին է դարձնում որևէ օժանդակություն, քանի որ այն տրամադրելը կնշանակի դեմ գնալ արդարությանն ու խղճմտանքին։

Այնուամենայնիվ, ինչպես արձանագրել է ԱՄՆ Գերագույն դատարանը «Քեյսթոն Դրիլլեր Քո.-ն ընդդեմ Ջեներալ Էքսքավեյթր Քո․»-ի («Keystone Driller Co. v. General Excavator Co.») գործով, մաքուր ձեռքերի դոկտրինով նախատեսված պաշտպանության միջոցը կիրառելիս հայցվորի անբարեխիղճ գործողությունները պետք է անմիջական և բավարար առնչություն ունենան հայցի առարկայի հետ։

Մաքուր ձեռքերի դոկտրինը հստակորեն արձանագրվել է նաև «Սուրբ ընտանիք կաթոլիկ դպրոցն ընդդեմ Բոլիի» («Holy Family Catholic School v. Boley»)) նախադեպում[7]։ Ըստ գործի փաստական հանգամանքների՝ պատասխանողը հօգուտ հայցվորի հաշիվ է բացել դեղատանը, որպեսզի վերջինս կարողանա ձեռք բերի անհրաժեշտ դեղորայք՝ որպես պատճառված վնասի հատուցում, մինչդեռ ժամանակի ընթացքում հայցվորը սկսել է գանձել ավելի շատ գումար, քան որ անհրաժեշտ է համապատասխան դեղամիջոցների ձեռքբերման համար, ի պատասխան որի պատասխանողը փակել է հաշիվը։ Դատարանը սույն գործի շրջանակներում գտավ, որ հայցվորը «անմաքուր ձեռքեր» ունի, և որ պատասխանողից հաշիվը բաց պահելու պահանջը հակասում է բարեխղճության կարևորագույն սկզբունքին։

Մաքուր ձեռքերի դոկտրինն օգտագործվում է ԱՄՆ արտոնագրային իրավունքում՝ մերժելու համար այն արտոնագրատերերին, որը դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ, օրինակ՝ արտոնագրի օգտագործումը՝ մենաշնորհային իշխանությունը արտոնագրի պահանջներից դուրս տարածելու համար[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «unclean hands doctrine definition». Businessdictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Unclean Hands: Everything You Need to Know». UpCounsel. 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին. ("Note that the plaintiff can also use the unclean hands defense. Specifically, the plaintiff could argue that the defendant isn't entitled to another type of defense due to his or her unclean hands")
  3. «Unclean Hands Doctrine». Practical Law. 2022 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 4-ին. ("Although the unclean hands doctrine is typically an affirmative defense asserted by a defendant, it may also be asserted by a plaintiff in opposition to an equitable defense such as estoppel")
  4. Herbert, A. P. (1935). Uncommon Law (1st ed.). Methuen Publishing.
  5. «clean hands doctrine». LII / Legal Information Institute (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  6. Ալաբամայի վերաքննիչ քաղաքացիական դատարան (2019 թ․ դեկտեմբերի 6). ««Քոլբի Ֆրնիչր ընկերությունն ընդդեմ Բելինդա Ջ. Օվերթոնի»». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. «Holy Family Catholic School v. Boley». Justia Law (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  8. «Morton Salt Co. v. G. S. Suppiger Co., 314 U.S. 488 (1942)». Justia Law (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Born, G., International Commercial Arbitration, Vol. I, 2009, p. 411-516.
  • Brekoulakis, S., Law Applicable to Arbitrability: Revisiting the Revisited Lex Fori, Kluwer, 2009, p. 99-119.
  • Cheng, B., General Principles of Law as Applied by International Courts and Tribunals, 2006, p. 155-158.
  • Crawford, J., Brownlie’s Principles of Public International Law, 8th ed., 2012, p. 701.
  • Dumberry, P., State of Confusion: The Doctrine of ‘Clean Hands’ in Investment Arbitration After the Yukos Award, The Journal of World Investment & Trade, Vol. 17, 2016, p. 229-259.
  • Fadlallah, I., L’ordre public dans les sentences arbitrales, Collected Courses of the Hague Academy of International Law, Vol. 249, 1994.