Մատնաչափիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատնաչափիկ
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Ստեղծագործություն«Մատնաչափիկը»
Սեռիգական
 Thumbelina Վիքիպահեստում

Մատնաչափիկ (դան․՝ Tommelise), փոքրիկ, գեղեցիկ և բարի աղջիկ, դանիացի բանաստեղծ, ճանապարհորդ և հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի հերոսուհին։ Ուրախ մարդուկների ակումբի միակ աղջիկ անդամը[1]։

«Մատնաչափիկը» հեքիաթն առաջին անգամ հրապարակվել է 1835 թվականին Դանիայում՝ «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» գրքի 2-րդ հատորի կազմում։ Ինչպես Անդերսենի բազմաթիվ հեքիաթներ, այս հեքիաթը ևս հորինվել է անձամբ գրողի կողմից և ոչ թե փոխառնվել «ժողովրդից»։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անճոռնի ճուտիկի և Անդերսենի մի շարք այլ հերոսների նման Մատնաչափիկը ևս համարվում է գործող անձ-«հետ մնացող», որ փնտրում է իր տեղը հասարակության մեջ։ Այդպիսի հերոսներն առաջացնում են հեղինակի համակրանքը։

Հեքիաթի սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի կին ծաղիկ էր աճեցնում, որի բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ։ Նա հազիվ մի մատնաչափ հասակ ուներ։ Կինը նրան անվանում է Մատնաչափիկ։

Աղջիկը շատ գեղեցիկ էր։ Դա նկատում է գորտը և որոշում, որ Մատնաչափիկը հիանալի կին կլինի իր տղայի համար։ Կեսգիշերին գորտը գողանում է աղջկան, որպեսզի տանի իր տղայի մոտ։ Գորտի որդին հմայվում է աղջկա գեղեցկությամբ, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նրան նստեցնում է ջրաշուշանի տերևի վրա։ Սակայն աղջկան օգնության են գալիս ձկները, որոնք կրծում են ջրաշուշանի ցողունն ու տերևը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով։ Մինչ թիթեռը քաշում էր տերևը, մայիսյան բզեզը փախցնում է աղջկան, իսկ թիթեռը տերևից կապված է մնում։ Մատնաչափիկը շատ էր խղճում նրան․ եթե թիթեռը ազատվել չկարողանար, սովից կմեռներ։

Բզեզը Մատնաչափիկին տանում է իր ընկերների և ծանոթների մոտ։ Բայց աղջիկը նրանց դուր չի գալիս, քանի որ նրանք գեղեցիկի մասին ունեն իրենց հատուկ բզեզային պատկերացումները։ Խեղճ Մատնաչափիկն անտառում մենակ է մնում։ Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել։ Բարեբախտաբար սառած Մատնաչափիկին հայտնաբերում է դաշտամուկը, որն աղջկան իր բնում ապաստարան է տալիս։ Այնուհետև մուկը որոշում է աղջկան ամուսնացնել իր հարուստ հարևանի՝ խլուրդի հետ։ Նա շատ հարուստ էր և նույնքան էլ ագահ։ Մատնաչափիկը խլուրդին դուր է գալիս, և վերջինս խոստանում է մտածել ամուսնության մասին։ Նա աղջկան ցույց է տալիս իր ստորգետնյա «ապարանքներն» ու հարստությունը։ Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի։ Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մահացել է, բայց պարզվում է, որ ծիծեռնակն ուղղակի շատ թույլ է։ Մատնաչափիկը դաշտամկանից և խլուրդից գաղտնի հոգ է տանում թռչնակի մասին։ Բացվում է գարունը։ Ծիծեռնակն ամբողջովին ապաքինվում է և Մատնաչափիկին շնորհակալություն հայտնելով՝ դուրս թռչում խլուրդի սրահից։

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում ամուսնանալ։ Դաշտամկան պատվերով Մատնաչափիկն սկսում է իր համար օժիտ պատրաստել։ Նա շատ տխուր էր և վիրավորված, քանի որ բոլորովին չէր ուզում ամուսնանալ խլուրդի հետ։ Գալիս է հարսանիքի օրը։ Մատնաչափիկը որոշում է վերջին անգամ լույս աշխարհ դուրս գալ և արևին հրաժեշտ տալ։ Այդ ժամանակ դաշտով թռչում էր ծիծեռնակը։ Նա աղջկան տանում է երկրներ՝ փրկելով ագահ ու հաշվենկատ խլուրդից։

Տաք երկրներում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ։ Նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ։ Նրանք իսկույն սիրահարվում են միմյանց և ամուսնանում։ Այդպես Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհին։

Էկրանավորումներ և բեմադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդրյու Լանգն իր «Ձիթենու հավերժահարսերի հեքիաթները» գրքի տասնմեկերորդ հատորում (տպագրվել է 1907 թվականին) «Մատնաչափիկը» հեքիաթը վերանվանել է «Մայայի արկածները»։
  • «Մատնաչափիկը» առաջին ֆիլմը եղել է սև-սպիտակ և թողարկվել է 1924 թվականին՝ ռեժիսոր Գերբերտ Մ․ Դոլիի կողմից։
  • Անդերսենի մասին ֆիլմում (1952) Դեննի Քեյը կատարել է Ֆրենկ Լեսսերի կողմից գրված «Մատնաչափիկը» երգը։
  • Լոտտե Ռեյնիգերը 1954 թվականին թողարկել է Մատնաչափիկի մասին 10 րոպեանոց ֆիլմ։
  • 1964 թվականին Լեոնիդ Ամալրիկի կողմից նկարահանվել է «Մատնաչափիկը» խորհրդային մուլտֆիլմը։
  • 1972 թվականին նկարահանվել է Մատնաչափիկի մասին դիաֆիլմ (խմբագիր՝ Ն․ Մարտինովա, նկարիչ՝ Գ․ Պորտնյագինա)[2]։
  • «Toei Animation» ճապոնական ստուդիան 1978 թվականին նկարիչ Օսամու Թեձուկայի նկարներով թողարկել է «Sekai Meisaku Dowa: Oyayubi Hime» (World’s Famous Children’s Stories: The Thumb Princess) լիամետրաժ անիմե-մուլտֆիլմ։
  • Մատնաչափիկի մասին սերիալը թողարկել է «Faerie Tale Theatre» («Հեքիաթային թատրոն») ստուդիան 1984 թվականին։ Սերիալում նկարահանվել են Քերրի Ֆիշերը և Ուիլյամ Քեթան։
  • 1989 թվականին Մատնաչափիկի մասին պատմությունը «Rabbit Ears Productions» ստուդիայի կողմից թողարկվել է տեսաերիզներով, ձայնասկավառակներով, խտասկավառակներով (Քելլի ՄակԳիլլիսի կատարմամբ) և գրքի տեսքով։
  • «Enoki Films» ճապոնական ստուդիան 1992 թվականին թողարկել է 26 սերիանոց «Oyayubi Hime Monogatari» («Պատմություններ Մատնաչափիկի մասին»)։
  • Golden Films ընկերությունը 1993 թվականին թողարկել է Մատնաչափիկի մասին մուլտֆիլմ։
  • 1994 թվականին Դոն Բլուտը թողարկել է «Մատնաչափիկը» մուլտֆիլմը, որը որոշ շեղումներ ունի դասական հեղինակային սյուժեից։
  • 2002 թվականին DVD-ով թողարկվել է «Մատնաչափիկի արկածները» մուլտֆիլմը։
  • «Շրեկ 2» (2004) մուլտֆիլմում արքայադուստր Ֆիոնայի հարսանիքի հյուրերից էր Մատնաչափիկը։
  • Hans Christian Andersen’s 200th Anniversary: The Fairy Tales, 2005, Denmark, The Netherlands, Jorgen Bing (Հանս Քրիստիան Անդերսեն, Հեքիաթներ, 2005, Դանիա, Նիդերլանդներ, Յորգեն Բինգ)։
  • 2007 թվականին Լեոնիդ Նաչաևան Իննա Վետկինայի սցենարի հիման վրա թողարկել է «Մատնաչափիկը» ֆիլմը։
  • 2009 թվականին թողարկված Բարբիների մուլտֆիլմը ներկայացնում է «Մատնաչափիկը» հեքիաթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт журнала «Весёлые картинки»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  2. Диафильм Дюймовочка, 1972 год(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дюймовочка» на просто-сказка.рф Արխիվացված 2013-12-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնաչափիկ» հոդվածին։