Մասնակից:Էթերի Աբրահամյան/Ավազարկղ 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

663 664

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում Արցախի Մյուս Հաբանդ գավառում: Բնակավայրը գտնվում է Հակարի գետի միջին հոսանքի ձախ ափին: Գյուղամիջով հոսում է Զանգանակ (Խաչգյադուկչայ) գետակը, որը Հակարիի ձախակողմյան վտակներից մեկն է:

Գյուղի Հակարի անունը հիշատակված է 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ: 10-րդ դարում այն ուներ Ախար անունը: Միջին միջնադարում ավելի հայտնի է Ակերա, ավելի ուշ՝ Ակելու անուններով:

18-րդ դարի երկրորդ կեսին պարսիկ խաների, թուրք փաշաների և քուրդ բեկերի անընդհատ կրկնվող արշավանքների պատճառով հայ ազգաբնակչությունը ստիպված էր հեռանալ:

19-րդ դարի երկրորդ կեսին այստեղ հայտնվեցին քրդական ցեղախմբեր, որոնք էլ հայկական Հակարի գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա հիմնեցին իրենց բնակավայրը և այն անվանեցին Մուրադխանլի:

Թեև թուրքերը և քրդերը մի քանի տասնամյակների ընթացքում անխնա ոչնչացրին այն ամենը, ինչ հայկական էր, այնուամենայնիվ, Հակարիից 4 կիլոմետր դեպի հյուսիս՝ Զանգանակ վտակի ձախ ափին, պահպանվել է Կառնակաշ անունով ամրոցը (11-14-րդ դարեր): Պարսպաշարը պահպանվել է հատվածաբար: Այն միջին չախի քարերից կրաշաղախով շարված պարիսպ է տեղ-տեղ ամրացած որմնահեծերով, որը որոշ կետերում կանգուն է մնացել և ունի մինչև 5 մետր բարձրություն: Ամրոցը ունեցել է միջնաբերդ: Ամրոցի տարածքում պահպանվել են 2 ջրամբարների և մի քանի աշտարակների մնացորդներ:

Կարծիք կա, որ գյուղում եղել է նաև միջնադարյան եկեղեցի:

Այստեղ հաստատված ավազակաբարո թուրքերն ու քրդերը 20-րդ դարի սկզբներին հարձակումներ են գործել Արցախիի և Սյունիքի հայկական բնակավայրերի վրա, թալանել, քշել տարել անասունները:

Խորհրդային տարիներին՝ 1930 թվականին, գյուղը գտնվում էր ԱԽՍՀ Կուբաթլուի շրջանի կազմի մեջ:

1993 թվականի հոկտեմբերին գյուղը ազատագրվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից: 1995 թվականի ապրիլից սկսվեց Հակարիի վերաբնակեցման գործընթացը: Սկզբում այստեղ հաստատվեցին ՀՀ-ից 7 ընտանիքներ: Այնուհետև այստեղ հաստատվեցին նաև Ադրբեջանից բռնագաղթածներ:

Սկզբում գյուղը անվանվեց Մարաթուկ, իսկ 2002 թվականին ԱՀ կառավարության որոշմամբ այն կրկին ստացավ իր պատմական Հակարի անունը: 1995 թվականից գյուղում բացվել է միջնակարգ դպրոց: 2002-2003 թվականներին դպրոցի երկհարկանի շենքը վերանորոգվել է բարերարներ Հակոբ և Մինաս Շիրվանյանների միջոցներով: Դպրոցում 2018-2019 ուսումնական տարում սովորում էր 21 աշակերտ, դասավանդում՝ 9 ուսուցիչ: Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել Ալեքսանդր Սաղաթելյանը, Արմեն Մովսիսյանը, Արսեն Հայրապետյանը:

1995 թվականից մինչև 2018 թվականը գյուղում ծնվել է 45 երեխա:

2016 թվականի ապրիլյան պատերազմին գյուղից մասնակցել է 16 հոգի:

Գյուղը էլեկտրաֆիկացված է: Համայնքում գործում են 18 անհատական ջրհորներ:

2019 թվականին կառուցվեց խմելու ջրագիծ: Բնակավայրի տարածքով անցնում են Հակարի-1, Հակարի-2 ոռոգման ջրատարները:

Համայնքն ունի գյուղապետարան, դպրոց, առևտրի 1 կետ:

Հակարիում 2003 թվականին կար 131 բնակիչ, 2010 թվականին՝ 104 բնակիչ, 2018 թվականին 32 ընտանիք, 113 բնակիչ: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունը է: