Հունական այբուբեն
Հունական այբուբեն, մ.թ.ա. մոտ IX դարում փյունիկյան բաղաձայնական գրի հիման վրա ձևավորված առաջին հնչյունական գիրը, որ ներառում է նաև ձայնավորների համակարգը։ Նախնական աջից ձախ գրությանը հաջորդել է պարուրաձև (բուստրոֆեդոն, հուն. «եզան շրջադարձ»), ապա` մ.թ.ա. 4 դարում հաստատվել է ձախից աջ գրությունը։ Հունական հնագույն գրավոր հուշարձանները (մ.թ.ա. 8-9 դդ.) գտնվել են Եգեյան ծովի հարավային կղզիներում։ Հնագույն հունական գրի արևելյան տարբերակի վրա Հոնիայում ձևավորվել է դասական հունական գիրը, որը մ.թ.ա. 403-ին պաշտոնականացվել և աստիճանաբար դարձել է միակ գրային համակարգը ամբողջ Հունաստանի համար։ Հունական դասական այբուբենն ունի 24 տառ (17 բաղաձայն, 7 ձայնավոր)։
Հայկական այբուբենն ստեղծելիս Մեսրոպ Մաշտոցն այլ այբուբենների հետ միաժամանակ ուսումնասիրել է հունական այբուբենը, ղեկավարվել նրա սկզբունքներով. դրանցից են հայկական այբուբենի անջատ. բնույթը, աջընթաց գրությունը, տառերի դասավորությունը։ Դրա ապացույցն է նաև մի քանի տառերի ակնհայտ նմանությունը հունական տառերին, ւ-ի և ու երկնիշ տառի առկայությունը հունարենի նմանողությամբ և այլն։ Հունական գիրը հիմք է ծառայել նաև այլ այբուբենների ստեղծման համար։
Գրականություն [խմբագրել]
- Լոուկոտկա Չ., Գրի զարգացումը, Երևան, 1955
- Истрин В.А., Возникновение и развитие письма, Москва, 1965 (Ռուսերեն)
|
|
|
|---|---|
| Α • Β • Γ • Δ • Ε • Ζ • Η • Θ • Ι • Κ • Λ • Μ • Ν • Ξ • Ο • Π • Ρ • Σ • Τ • Υ • Φ • Χ • Ψ • Ω |
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հունական այբուբեն կատեգորիայում։ |
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |