Հովհաննես Գրիգորյանի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Գրիգորյանի տուն
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՓավստոս Բուզանդի փող. 2[1]
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Հովհաննես Գրիգորյանի տուն, բնակելի տուն Երևանում։ Կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Ճարտարապետն է Բորիս Մեհրաբյանը։ Տեղակայված է Փավստոս Բուզանդի և Աբովյան փողոցների հատման անկյունում[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Գրիգորյանի տունը գտնվում է Փավստոս Բուզանդի 2 հասցեում։ Երկհարկանի շինություն է, ունի նկուղ, Լ-ձև հատակագծով։ Առաջին հարկում խանութներ են, որոնցից երեքն ուղղված են Փավստոս Բուզանդի, իսկ երկուսը՝ Աբովյան փողոցի կողմը։ Երկրորդ հարկում՝ շենքի պարագծով, տեղաբաշխվել է յոթ սենյակ, որոնցից ամենամեծը՝ դահլիճը (30 քառակուսի մետր), նայում է Աբովյան փողոցին։ Դրանց մուտքերը բակի պատշգամբասրահներից են, ինչպես նաև Փավստոս Բուզանդի փողոցի վրա բացվող շքամուտքից։ Այս կողմում կա դեպի բակ տանող դալան։ Կրող պատերը շարված են տուֆով, միդիս եղանակով։ Միջհարկային ծածկերը փայտից են։ Տանիքը թեք է, թիթեղապատ։ Առաջին հարկը կազմված է ցուցափեղկերի՝ հովհարաձև ռուստով հարդարված աղեղնաձև բացվածքներով, երկրորդ հարկը՝ երեսակալներով շրջանակված ուղղանկյուն լուսամուտների հերթագայվող շարքով։ Երկորդ հարկի ճակատը պսակված է ատամնաշար պարզ քիվով։ Որպես դեկորատիվ մշակման տարր կիրառված է ժապավենային ռուստը։ Բարձակային պատշգամբները ժամանակի ընթացքում վերացել են։ Առաջին հարկի ճակատը ծեփապատվել է, սակայն պահպանվել են ռուստի հորիզոնական շարքերը։ Շենքը վերանորոգված է, նախկին բակի տարածքում տեղադրված է բարձր ապակեպատ ծավալ, որը հորինվածքային անջատվածություն ունի հին մասից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին առաջին հարկում բացվել է գինեգործ՝ Հակոբ Բաբախանյանի խմիչքի պահեստի բաժանմունքը, որտեղ վաճառվել են Արտաշատում գտնվող Բաբախանյանների գործարանում արտադրված կոնյակը, օղին և տարբեր տեսակի գինիներ։ 1921 թվականին հարկը տնօրինել են «Խորհրդային Հայաստան» և «Մաճկալ» թերթերի խմբագրությունները։ 1929-1935 թվականների երկրորդ հարկի սենյակներից մի քանիսը տրամադրվել է «Գիպրոգոր» ինստիտուտի արվեստանոցին, որտեղ աշխատել են ճարտարապետներ Կարո Հալաբյանը (առաջին տնօրեն), Գևորգ Քոչարը, Միքայել Մազմանյանը և ուրիշներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 198, ISBN 978-99930-865-2-5։