Հոմոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու, շան, թռչնի և կետի առջևի վերջույթների ոսկորների հոմոլոգիան:

Հոմոլոգիա հուն.՝ համապատասխանություն, կառուցվածքով և ծագմամբ իրար համապատասխանող օրգանների նմանություն։ Հոմոլոգիա տերմինն առաջարկել և անալգիային է հակադրել անգլիացի գիտնական Ռ. Օուենը (1843)։ Հոմոլոգ օրգանները միմյանցից տարբերվում են ֆիզիոլոգիապես և մորֆոլոգիապես, դրանք կարող են փոփոխվել, մեծանալ կամ փոքրանալ, որոշ կենդանիների մոտ դառնալ ռուդիմենտ, սակայն, երբեք չեն փոխում իրենց դիրքը մյուս օրգանների նկատմամբ։ Օրգանների հոմոլոգիան արտահայտում է օրգանիզմների ծագումը ընդհանուր նախնիներից և վկայում դրանց միջև եղած ազգակցական կապի մասին։ Հոմոլոգ օրգաններ են՝ ողնաշարավոր կենդանիների վերջավորությունները, փոկերի լաստերը, թռչունների թևերը և այլն։ Հոմոլոգիա կա նաև զանազան միջատների վերջավորություններում։ Բույսերի հոմոլոգ օրգաններից են՝ ոլոռի խիղբերը, ծորենու ասեղները, կռզիների փշերը, որոնք ձևափոխված տերևներ են, իսկ վարդկակաչի սոխուկը, կարտոֆիլի պալարը, հովտաշուշանի կոճղարմատը ձևափոխված ընձյուղներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png